ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՆՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՆՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ
Չարենցի մահվան օրը՝ նոյեմբերի 27-ին, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողները, բանաստեղծի տուն-թանգարանի աշխատակիցները և նրա անվան դպրոցի ուսուցիչներն ու սաներն այցելեցին բանաստեղծի հուշարձանին: Բանաստեղծի արձանի մոտ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ ինչպես Չարենցն է գրել «Իմ մահվան օրը կիջնի լռություն, / Ծանր կնստի քաղաքի վրա», սակայն այսօր և միշտ այդ լռությունը կխախտվի ու կլցվի մեծ բանաստեղծի ստեղծագործությունների, տաղերի ու երգերի ղողանջով: Էդ. Միլիտոնյանը խոսեց Չարենցին նվիրված գրքերի տպագրության և Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ դպրոցականների համար ՀԳՄ իրականացրած ծրագրի մասին: Բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը նշեց, որ Չարենցը չի մահացել, թեեւ նրա մահվան 86-րդ տարելիցն է: Նրա կարծիքով՝ հայ ժողովրդի հանճարեղ զավակը՝ ոսկի երակը հնամյա ցեղի, մահացավ իր արարչական գործի ճանապարհին, չհասցրեց իրականացնել իր բոլոր մտածումները, երազանքները, բայց ինչ-որ թողեց, կկրթի սերունդներին: Ելույթ ունեցան գրականագետներ Դավիթ Գասպարյանը և Սամվել Մուրադյանը: Եղիշե Չարենցի անվան դպրոցի սաներն արտասանեցին Չարենցի բանաստեղծություններից, որ հաստատում էին նրա անմահությունը: