ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՐՀԻ ՀԶՈՐՆԵՐԻՆ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՈՒՂԵՐՁ  ԱՇԽԱՐՀԻ  ՀԶՈՐՆԵՐԻՆ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՈՒՂԵՐՁ  ԱՇԽԱՐՀԻ  ՀԶՈՐՆԵՐԻՆ

Իմ խոսքը ուղղում եմ աշխարհին,

Քանզի նա դեռևս կա։

Գերմանիա, Գյոթեն, որ լիներ, կասեր քեզ՝

Մի՛ փակիր աչքերդ անցյալի և ներկայի վրա,

Հիմա Արցախում սպանվում է բոլորի ապագան։

Ո՞ւր է քո իմաստունների փաղանգի թրի պես կտրող ձայնը,

Փոխել ես դիվանագիտական չեզոք լռությա՞ն հետ։

Անգլիա, Բայրոնը, թե նստած լիներ

Սուրբ Ղազար կղզում,

Վարժ հայերենով կշշնջար ականջիդ՝

Մի շիշ նավթը հայոց արյունից մի՛ գերադասիր,

Դա վայե՞լ է Շեքսպիրի հայրենիքին,

Ու կգնար սպառազեն՝ հույներին պաշտպանելու թուրքերից։

Իսրայել, թե Մանդելշտամը Սևանա կղզուց նայեր

Արցախի բարձունքներին,

Կգոչեր, ինչպես «Շուշի» գրվածքում՝

Արցախում հիմա կրկին ցեղասպանության հրթիռներ են ընկնում

Աստծո տաճարի վրա։

Իսրայել, հիշիր հոլոքոստը, մի՛ վաճառիր զենք

Սուր ժանիքներով արյունռուշտին,

Մի օր քո դեմ է շրջվելու Պաղեստինի պատերի տակ,

Եվ մի՛ լվա ձեռքերդ Պիղատոսի նման,

Դու ես առաջինը տեսել Հիսուսի խաչվելը

Եվ ազատումն ավազակի։

Ամերիկա, ախ գար Ուիթմենը Արարատին նայելու,

Կրկին կտեսներ ներհուն հային

Անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների ներքո

Եվ քո ստեղծած F16-երի

Ռումբերի տարափի տակ

Ու կճչար հաստատապես՝

Ամերիկա, ազգերը, մարդիկ

«Խոտի տերևների» պես

Հնձվում են քո ուսնկից

Թուրքիայի յաթաղանից կեռ։

Ռուսաստան, ո՞ւր է, թե լիներ Դոստոևսկին,

Նորից կգրեր «Ոճիր և պատիժ»

Կհնչեցներ «Արևելյան հարց» գրքի զանգերը

Եվ ահաբեկ կտարբերեր եկեղեցի կառուցողին

Տաճար պղծող դևերից։

Երկրագունդ, դու մոլորված պտտվում ես գլուխդ բռնած,

Չես հասկանում՝ ովքե՞ր են մարդիկ,

Ովքե՞ր գազաններ,

Նախնադա՞ր է, թե՞ 21-րդ դար։

Քեզ ահագնորեն պտտեցնում են տարբեր աստվածներ,

սատանաներ և գեներալներ տարատեսակ։

Զոհվում են զինվորներ, մոխրանում թռչուններ, այգիներ, տներ։

Ինչ-որ մեկը ասել է՝

Կանգնեցրեք երկրագունդը, ես ուզում եմ իջնել։

Իսկ մենք ասում ենք՝

Երկրներ, իշխանություններ,

Մի՞թե արժանի չեք ձեզ ծնած աստվածային զավակներին,

Մի՞թե Չինաստանը նոր պարիսպ է կառուցելու

Մարդակերի ու մարդկայինի միջև,

Երկրի ու երկնքի միջև,

Երկոտանու և Աստծո միջև։