Մրցանակները ոչ այնքան գրողին են հարկավոր, որքան՝ ընթերցողին

Մրցանակները ոչ այնքան գրողին են հարկավոր, որքան՝ ընթերցողին
Փետրվարի 24-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ 2015 թ. ՀԳՄ ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ` դասականներ Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Լ. Շանթի, Ն. Աղբալյանի, Մ. Նալբանդյանի անունները կրող մրցանակները գրողները երկյուղած վերաբերմունքով են ընդունում և մրցակցում են ստանալու, քանի որ կարևորը այդ հսկաների անունը իրենց կենսա­­գրության մեջ տեսնելն է և գրական գործով ու վաստակով այդ մրցանակը նվաճելը: «Այս մրցանակները ոչ այնքան գրողին են հարկավոր, որքան՝ ընթերցողին: Դրանք ուղղորդում են ընթերցողներին` ուշադրություն դարձնելու հեղինակին, գրքին, մանավանդ այսօր, երբ խառնվել են արժեքները»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և ներկայացրեց ՀԳՄ ամենամյա մրցանակակիրներին:
Դ. Դեմիրճյանի անվան մրցանակը շնորհվել է Սուսաննա Հարությունյանին «Ագռավները Նոյից առաջ», Լ. Շանթի անվան մրցանակը` Կարինե Խոդիկյանին «Մեծ եռագրություն» (պիեսներ, երկրորդ հատոր), Ն. Աղբալյանի անվան մրցանակը՝ Ֆելիքս Բախչինյանին գրողների մասին շարքի, Մ. Նալբանդյանի անվան մրցանակը` Սամվել Բեգլարյանին «Արջաորսի այբուբենը», Ավ. Իսահակյանի անվան մրցանակը՝ Դավիթ Հովհաննեսին «Անտիպ» պոեզիայի շարքի համար: Վ. Անանյանի անվան մրցանակը Հռիփսիմէին կհանձնվի մանկական շաբաթի շրջանակում՝ «Ուրախությունը, տխրությունը և հույսը» գրքի համար: Սամվել Բեգլարյանը գրական, մշակութային գործունեության համար արժանացել է նաև Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի:
ՀԳՄ նախագահն ընդգծեց, որ բոլոր մրցանակակիրները վաստակ ունեցող մարդիկ են և տասնյակ գրքերի հեղինակներ, թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և տպագրվում են: Իրենց գործունեությամբ նպաստում են գրականության քարոզչությանը, գրական մթնոլորտի ձևավորմանը:
«Դ. Դեմիրճյանի անվան մրցանակը նաև պարտավորեցնող է, որովհետև քո անունը դրվում է դասականի կողքին և, ուզած-չուզած, պիտի ձգտես քո հետագա նվաճումներում ավելի ակտիվ ու ավելի ազնիվ լինել»,- ասաց արձակագիր Սուսաննա Հարությունյանը և առաջարկեց հիմնավորել, թե տվյալ մրցանակը ինչի համար է տրվել տվյալ գրքին` լավագույն սյուժեի՞, լավագույն լեզվի,՞ թե՞ արդիական թեմայի:
Ըստ Կարինե Խոդիկյանի` դրամատուրգիան այլ առանձնահատկություն ունի: Եթե պոեզիան, արձակը պիտի անպայման կարդան, ապա այս դեպքում չափանիշ է, թե ներկայացված պիեսներից քանիսը բեմական կյանք ունեն: Երկրորդ հատորում ընդգրկված 15 պիեսից 10-ը բեմադրված է, 3-ը թատրոնների մշտական խաղացանկերում է, մի մասն էլ մասնակցել են միջազգային փառատոներին: «Լ. Շանթի անունը պարտավորեցնում է թատրոնի գիտակներին և թատրոն սիրողներին ուշադրություն դարձնել, երբեմն նաև կարդալ պիեսներ»,- ամփոփեց Կ. Խոդիկյանը:
«Սուտ է, երբ ասում են, թե մրցանակի համար չեն գրում: Այդպիսի բան չկա: Դա նույնն է, թե մարտադաշտում կռվող զինվորը ասի, թե հաղթելու համար չեմ կռվում: Եթե գրում ես, պիտի տեսնես նաև հաղթանակը, տեսնես արդյունքը, ով է գոհ-դժգոհ քեզնից: Պետք է իմանաս` ում է հասնում քո գիրքը»,- նշեց արձակագիր Սամվել Բեգլարյանը: Նրա կարծիքով, այս մրցանակով գնահատվել է սահմանը, սահմանում ապրող մարդը, գրողը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ