ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ  25 ՏԱՐԻՆԵՐԸ

imgresԱրտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երևույթ է ամեն հայի հոգում, երևույթ է բոլոր առումներով, որովհետև ամեն էություն գտավ իր ճշգրիտ ձայնն ու պատկերը: Այդ պատկերն առաջին հերթին Արցախի ազատագրումն էր թուրք բարբարոսներից: Ինձ համար այդ 25 տարին կարևոր է նաև Արցախի անկախացած էությամբ, դեմքով և հաղթանակներով: Ինձ համար կարևոր է նաև գրականության մեջ վիթխարի տեղաշարժով, և հատկապես պոեզիայում: Վերջապես պոեզիան իր օձիքն ազատեց նեյնիմ-մեյնիմի հրոսակախմբերից և գտավ ապրող մարդուն մոտենալու ձևեր: Ինձ համար անկախությունը նաև ազատություն էր գրականության մեջ՝ խոսքի ազատություն, հոգու ազատություն, արտահայտման ձևերի ազատություն: Իմ գրքերից մեկը, որը կոչվում է «Հեռուստապոեմներ Շուշի և Բաբելոն հյուրանոցների աշտարակից», ցույց է տալիս, թե որքան բարերար եղան ստեղծագործող մարդու համար խոսքի ազատությունը, թեմաների ազատությունը, արտահայտման բոլորովին նոր ձևերը: Փաստորեն, հեղաշրջում կատարվեց նաև արվեստներում և, հատկապես, պոեզիայում, որը ամենանրբին և ամենակոշտ իրադարձությունների, հայտնությունների արտահայտիչն է, և շահեց բոլոր առումներով: Ետ մղվեց կեղծ, պաշտոնական, զիզի-պիզի պոեզիան, առաջ եկավ սոցիալական հզոր պատկերներով ամրապնդված հայ մարդու ճիչը: Սա է մեծագույն նվաճումը մեր անկախության, որը դարձավ մեր տեսիլքը և աղոթքը:

ara_nԱրա ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Ասում եմ «Անկախության տարիները», ակամա Մանուել Մենենկիչյանի «Երջանկության արցունքները» երգի մեղեդին է գալիս, միայն մեղեդին: Բառերը չկան: Կա բահով սահման պահող զինվոր և ամենաթանկ մեքենայով «փոխադրվող» տերտեր: Կա «դոմիկում» մեդալ կռող աշխարհահռչակ մարզիկ և պալատավոր անհայտ անհատ: Ու սրանց մի մեղեդու մեջ չես տեղավորի: Երգ չի դառնում:
Ասում եմ՝ հնարավոր չի՞, մեկ էլ մի օր զարթնենք ու տեսնենք՝ մենք մենք ենք… փոշին թափ տված, բարդույթներից ձերբազատված, ժպիտը՝ բնական, կռիվն՝ անկեղծ, ուրախությունն՝ անթաքույց… հրեն, սաուդների պապեպապ կուշտ թագաժառանգը միլիարդներն ազգին է նվիրել… ասում եմ՝ կուտակելու տենչով սովածներն են անհագ… Նախագահն ասում է՝ ընտիր սերունդ ունենք, պիտի փայփայենք… Պինոչետը երկիր սարքեց, տվեց ազգին, ասավ՝ ինձ կերեք, ես օրենքով չէի… մենք չե՞նք կարող էսքան տոկալուց հետո ու երազելուց հետո ու հավատալուց հետո, էսքան հիասթափություններից հետո, մեկը մեզնից ասի՝ սերունդն ընտիր է, մենք՝ անցողիկ… ու կշտացած, մի օր զարթնի, տեսնի՝ մենք մենք ենք՝ փոշին թափ տված, վախերից ձերբազատված, չպարտադրված ժպիտով… ու ապրելու տենչը՝ ոչ թե ուժեղ կամքի ցուցիչ, այլ մեզ նման, ժպիտը՝ բնական, ուրախությունն՝ անթաքույց… Միամիտ բան եմ ասում, բայց սիրուն…

photoԱնդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մենք շատ ենք սիրում խոսել «բացարձակ արժեքների» մասին: Խոսքը՝ խոսք, բայց արի ու տես, որ դժվարանում ենք ադապտացվել բացարձակին:
Տպավորություն է ստեղծվում, որ մենք բանավոր ժողովուրդ ենք. մեր երազանքներն էլ են բանավոր, մեր ապրած կյանքն էլ: Հա՛: Մեկ էլ՝ կարճ հիշողություն ունենք… Դա էլ է գալիս մեր բանավոր ապրելակերպից, մեր բանավոր տեսակից…
Երբ արժեքը բացարձակ է, այն տեսանելի է, որքան էլ շուրջբոլորը խավար լինի: Մենք ձգվում ենք ժամանակի միջով, որ հասնենք բացարձակին, տեղավորում ենք մեր երևակայության բարձրագույն կետում, եթե դարձյալ չենք հասնում, հասնելը պարտադիր լինելու գաղափարը ենթագիտակցորեն փոխանցում ենք սերնդեսերունդ՝ այն նույն ճանապարհով, որով մեզ է հասել, մինչև գալիս է օրը լուսավոր…
Մենք այն բախտավոր սերունդն ենք, որն ականատես եղավ մեր տանջված-տառապած հայրենիքի անկախությանը: Ցավոք, նաև մեր տանջվող-տառապող հայրենիքի:
Մեր բոլոր պատերազմները դարեր շարունակ եղել են հանուն անկախության: Անկախության համար թափված մեր արյունը գետերով է չափվել, մեր երազանքը՝ երկինքներով:
Թվում էր՝ այլևս վե՛րջ չարքաշությանը, վե՛րջ տառապանքին: Թվում էր՝ Աստծու դրախտի դռները բացվել են մեր առջև, բայց, ցավոք, մեր ունկերն արդեն սովորել են մեր պետականությունը թուլացնող լուտանքներ լսել սեփական երկրի հասցեին: Անարժան իշխանավորները քսանհինգ տարիների ընթացքում մեր հայրենիքը դարձրին մի երկիր, որտեղ ապրելը հերոսության հետ է շփոթվում, ու մեր աչքերը սովորել են դատարկվող հայրենիք տեսնելուն:
…Մեր ազգը սիրում է յուրաքանչյուր խնդրի առաջ հայտնվելիս բաժանվել երկու բևեռի: Երբ բանը բանից անցնում է, երբ դամոկլյան սուր ենք նշմարում մեր գլխավերևում, միավորվում ենք, դառնում մեկ ոգի և կատարում սխրանքը՝ հաղթահարում ենք թվացյալ անհաղթահարելին: Բայց հաղթանակի տարածությունից մեկ-երկու քայլ հեռանալով՝ դարձյալ բարձրանում ենք ոտնաթաթերին՝ մի բան տեսնելու ակնկալիքով, թեկուզ մի չնչին բան, որի շուրջը հնարավոր լինի պառակտվել, իրար հայհոյել, մեկմեկու կոկորդ կրծել, մինչև հերթական վտանգի ահագնանալը…
Ինչևէ, մեր ազգի մի մասն այսօր ասում է՝ մեր պետականությունն ընդամենը 25 տարեկան է, մյուս մասը՝ հակադարձում՝ մեր պետականությունն արդեն 25 տարեկան է…
Հ.Գ. Ի հեճուկս վերջիններիս՝ հպարտորեն կարող ենք փաստել, որ արդեն 25 տարի է, ինչ ունենք Հայաստանի անկախ հանրապետություն և Արցախի էլի՛ անկախ հանրապետություն՝ ճանաչված և արդեն ճանաչվող պետական երկու միավոր, ընդհանուր 41,201կմ2 տարածքով, նախկին 29,743կմ2 տարածքի փոխարեն:

photoՄանվել ՄԻԿՈՅԱՆ

Ինչպես ասել է Օտտո Բիսմարկը` «Հեղափոխությունները նախապատրաստում են հանճարները, իրականացնում են ֆանատիկոսները, բարիքներից օգտվում են տականքները»: Ցավոք, անկախության հենց առաջին տարիներից հայ ժողովուրդը համոզվեց, որ ասվածը վերաբերում է նաև մեր երկրին:
Արցախյան ազատամարտի տարիներին բոլորս սպասում էինք, որ պատերազմի ավարտից հետո նույն համախմբվածությամբ և սրտացավությամբ ղեկավարները կլծվեն երկրի պետականության կառուցմանն ու ամրապնդմանը: Սակայն պատերազմի տարիները մնացին ամենալուսավոր ժամանակաշրջանը անցած 25 տարվա ընթացքում: Իսկ միակ ակնառու ձեռքբերումը եղել և մնում է ազատ ու անկախ Արցախը, որի սահմանները պաշտպանելիս այսօր էլ քաջ հայորդիները չեն խնայում իրենց կյանքը:
Սեփականաշնորհման խայտառակ գործընթացից մինչև օլիգարխիկ-մենաշնորհային համակարգի ստեղծումը, երկրում մեծ չափերի հասնող կոռուպցիան և ապազգային քաղաքականությունը թևաթափ արեցին երկրի բնակչությանը: Մշտապես կեղծվող ընտրությունները, սոցիալական ծանր վիճակը, անթաքույց խտրականությունը նպաստեցին մեծ չափերի հասնող արտագաղթին, որի հետևանքներից դեռ երկար ժամանակ ուշքի չենք գալու:
Եթե մեր իշխանավորները կարողանային զսպել իրենց աներևակայելի ախորժակը, մտածեին նաև երկրի զարգացման մասին, բնական աճի շնորհիվ այսօր Հայաստանի բնակչությունը 1988-ի 3,8 միլիոնից անցած կլիներ 5 միլիոնը, իսկ Արցախի բնակչությունն` ավելի քան 200 հազարը:
Սակայն պաշտոնական տվյալներով արդեն մեկ միլիոնից ավելի մարդ հեռացել է Հայաստանից:
Երկրի վիճակով մտահոգ մտավորականների, քաղաքական որոշ գործիչների սթափության բոլոր կոչերն առայժմ մնում են «ձայն բարբառո հանապատի»:
Քչերն են Հայաստանից հեռանում լավ ապրելու համար, բոլորը հեռանում են, որպեսզի ուղղակի ապրեն, գոյատևեն: Արդեն անիրականանալի երազանք է դարձել վերադարձի հույսը, քանզի այսօր երկրի բնակչության զգալի մասն իրեն սեփական հայրենիքում ավելի օտար է զգում, քան որևէ այլ պետությունում:
Մնում է հուսալ, որ գոնե անկախության 30-րդ տարեդարձին մեր ժողովուրդը դրական որևէ տեղաշարժ կտեսնի և իր ապագան կկապի սեփական երկրի հետ: