Հայաստանի գրողների միության վարչության ուղերձը

Հայաստանի գրողների
միության վարչության ուղերձը
Մեծարգո Զորի Բալայան.

Երիտասարդ տարիներից Դուք ընտրեցիք գրող-հրապարակախոսի ուղին: Գեղարվեստական հրապարակախոսությունը հնարավորություն է տալիս լայնորեն սրտակցել ժողովրդի հետ, հանդես գալ նրա ճակատագրի հանդեպ քաղաքացիական մեծ պատասխանատվությամբ: Դուք ընտրել եք ճշմարիտը ասելու ուղին: Արդյունքը Ձեր շուրջ յոթանասուն գրքերն են, որոնցում քննվում է ազգային ճակատագիրը երկու դարերի սահմանագծում: Բալայանական երկերում ժամանակն ինքը հեղինակ է, պատմություն, ընթացք և գալիք:
Դուք բազմիցս քննել ու վերաքննել եք ստալինյան բռնատիրական անցյալը, որը դեռևս սնում է ազգամիջյան խառնակությունները, որին ցավոք զոհ գնաց նաև Ձեր հայրը՝ Հայկ Բալայանը: Ղարաբաղյան խնդրի հիմքում Դուք տեսնում եք նույն ստալինիզմի արյունոտ հետքը: Ձեր անունը արցախյան պայքարի ու հաղթանակների լեգենդից անբաժան է:
Դուք կանգնած եք մերժամանակյա ազատագրական շարժման ակունքներում, ինչը բնորոշ է եղել մեր մեծ մտավորականներին: Արցախցիները 21-րդ դար մտան ազատ: Նման վերափոխման տարեգրությունը Ձեր հրապարակախոսության առանցքն է: Ձեզ՝ անվանի հրապարակախոսիդ, «Լիտերատուրնայա գազետայի» ժամանակներից սկսած, հետաքրքրել են երկրի ընդհանուր հիմնախնդիրները, որոնք ներկայացրել եք բովանդակային մեծակշիռ էջերով:
Ժամանակի տարեգրությունը Դուք ներկայացրել եք գեղարվեստական կուռ տրամաբանությամբ: Զարմանալի վարպետությամբ Դուք կարողանում եք ժամանակը դիմորոշել թեկուզ մեկ պրոբլեմով: Եվ դա՝ շնորհիվ պրոբլեմի ներկայացման խորքի, երբ մեկտեղվում են հարցի քաղաքական, տնտեսական, հոգեբանական, բարոյական ասպեկտները:
Երկաթյա տրամաբանությունը, վերլուծական անաչառությունը, խորքային թիրախները Ձեր հրապարակախոսության և գրականության բնութագրիչ կողմերն են:
«Դժոխք և դրախտ», «Մենախոսություն» խոհագրությունները, «Անդունդ», «Հաղթելով մահին», «Ղարաբաղը միայն ԼՂԻՄ-ը չէ» և տասնյակ այլ երկեր Ձեզ պարգևում են մեր ժամանակի անփոխարինելիի, նշանավորի համբավ:
Պարոն Բալայան, Դուք արդեն ութսուն ջահել ու եռանդուն տարիների ընթացքում ստեղծել եք հայ հրապարակախոսության մի առանձին շրջափուլ՝ միաձուլելով ազգայինն ու համազգայինը:
Դուք ժամանակին անդրադարձել եք պանիսլամիզմի և պանթուրքիզմի դոկտրինաներին, որոնք եղել են ցեղասպանության նախապատրաստման հիմքը և որ այսօր էլ սնում են Թուրքիայի և Ադրբեջանի պետական գաղափարախոսությունը:
Ձեր բազմաթիվ գրքերում Ձեր գրչի տակ հրապարակախոսությունը ներկայանում է որպես խորիմաց պատմագրություն, ազգային քաղաքագիտական հետազոտություն, ապա և գործողությունների ծրագիր: Դուք Աստծուն տեսնում եք ճշմարտության մեջ:
Հայ գրողների ընտանիքը Ձեզ՝ գրականության, հրապարակախոսության, գետերի ու ծովերի նավապետիդ, ցանկանում է նավարկության տոկուն ջիղ մեր փոթորկուն ժամանակներում ի շահ համազգային, համամարդկային խնդիրների լուծման: