Եղիշե Չարենցը՝ մշտապես վեր ձգտելու ակունք

Եղիշե Չարենցը՝ մշտապես վեր ձգտելու ակունք
Նոյեմբերի 27-ին՝ Եղիշե Չարենցի մահվան օրը, բանաստեղծի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Գրողներ, մտավորականներ, Ե. Չարենցի անունը կրող դպրոցի սաները մեկ անգամ ևս արժևորեցին գրողի ստեղծագործությունները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ յուրաքանչյուր մեծ բանաստեղծ իրենից հետո թողնում է իր ժառանգությունն ու իր հսկա սերը մարդկության և աշխարհի համար, խորհրդանշական օր համարեց նոյեմբերի 27-ը՝ վստահեցնելով, որ Չարենցով խորհրդանշվում են Վահան Թոթովենցի, Ակսել Բակունցի, Զապել Եսայանի և այն գրողների մահվան օրերը, որոնք զոհ գնացին 30-ականների դաժան նախճիրին: Ապա խորհուրդ տալով կարդալ Չարենցի ստեղծագործությունները, ինչպես նաև դասական ու ժամանակակից գրականություն՝ Էդ. Միլիտոնյանը նկատեց. «Մարգարեական շատ խոսքեր ունի Չարենցը, որոնք այսօր մեզ ապրեցնում են: Եթե ցանկանում ենք հզոր պետություն ունենալ, նախ պետք է իմանանք անցյալը, ճիշտ ըմբռնենք ներկան, որպեսզի լավ հիմքեր ստեղծենք ապագայի համար»:
Բանաստեղծ, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի հավաստմամբ՝ Չարենցը չկարողացավ լռել տիրող մթնոլորտում, և այդ հանգամանքը բազում տառապանքներ բերեց նրան: «Նա համառ էր, հզոր, իր մեծությամբ եղել է ու կմնա հայ գրականության ոգին ու բոլորիս համար կդառնա մշտապես վեր ձգտելու ակունք: Յուրաքանչյուր բանաստեղծ իր ժողովրդի, իր երկրի ճակատագիրն է, նրա խոսափողը»,- ամփոփեց նա:
«Այսօր մեկտեղվել ենք Չարենցի հուշակոթողի շուրջ՝ սնուցվելու, լիցքավորվելու պայծառատեսության, հաստատակամության, հավատի, հույսի այն աղբյուրից, որը բխեցրեց Եղիշե Չարենցը»,- ընդգծեց Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը՝ վստահեցնելով, որ խարդավանքի, ուրացումի, դավաճանության ու չարիքի ժամանակաշրջանում Չարենցը խավարի միջից բխեցրեց մի այնպիսի լույս, որը հավիտյան լուսավորելու է հայ ժողովրդի ուղին: Դիմելով հատկապես աշակերտներին՝ նա կոչ արեց կարդալ մեծ գրողի գործերը, քանի որ նրա բոլոր ստեղծագործություններն ունեն ուղղակի և անուղղակի պատհգամներ՝ ուղղված գալիք սերունդներին: «Ով իր մեջ կրում է Չարենցին, նա ավելի հաստատուն է կանգնում իր երկրում, իր մայր հողի վրա»,- նշեց նա:
Բանաստեղծ Շանթ Մկրտչյանի կարծիքով՝ հանճարի մահվան ժամանակ չկա, որովհետև նրանք, կարծես թե, մահից հետո երկրային անարդարություններին հատուցում են հավերժությամբ: «Բանաստեղծների մեծությունը չափվում է ոչ միայն նրանց թողած էջերով կամ հատորներով, այլև իրենց կենդանության օրոք և մահից հետո ստեղծած անհատականություններով»,- ասաց նա և հավելեց, որ եկող սերունդն իր շնչառությամբ, մտածողությամբ պահպանվում է Չարենց հանճարի մեծ, հոգևոր մթնոլորտը:
Ելույթ ունեցան նաև բանաստեղծներ Անուշ Վարդանյանը, Լևոն Բլբուլյանը, Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը: Գրողի ստեղծագործություններից ասմունքեցին Ե. Չարենցի անվան դպրոցի աշակերտները:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ