Գիտական նստաշրջան՝՝ նվիրված Խաչատուր Էրզրումեցու ծննդյան 350-ամյակին

Գիտական նստաշրջան՝՝ նվիրված Խաչատուր Էրզրումեցու ծննդյան 350-ամյակին
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և ՀԳՄ ջանքերով 2016 թ. հունիսի 16-ին տեղի ունեցավ գիտական նստաշրջան՝ նվիրված Խաչատուր Էրզրումեցու ծննդյան 350-ամյակին:
Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, բ. գ. դ. Վարդան Դևրիկյանը, ով կարևորեց գրականության մեջ իր ուրույն տեղն ունեցող, բայց հասարակության համար մոռացվող անունների վերհանումը և նրանց գրական և գիտական ժառանգության ուսումնասիրումը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Նա շեշտեց, որ գիտաժողովի ծրագրում արտացոլված են Խ. Էրզրումեցու ժառանգության գրեթե բոլոր ուղղությունները: Իսկ Էրզրումեցին անդրադարձել է ոչ միայն գրականության խնդիրներին, այլև տվել է բազմաթիվ բնական երևույթների գիտական բացատրությունը, քննել է գոյաբանական, աստվածաբանական հարցեր, հետաքրքրվել երկրագիտության, մաթեմատիկայի, տրամաբանության, հռետորության, լեզվաբանության հարցերով և թողել նախանձելի գիտա-գրական ժառանգություն հետագա սերունդների համար:
Ակադեմիայի թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը նշեց, որ Խ. Էրզրումեցու «Համառոտական իմաստասիրութիւն»-ը մշտապես եղել է իր գրադարանի զարդերից մեկը, և Էրզրումեցու լեզվաբանական ըմբռնումները, գրական սկզբունքները իր համար ուղենիշ են եղել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը ստեղծելիս:
ՀԳՄ վարչության քարտուղար, բ. գ. թ. Պետրոս Դեմիրճյանը ողջույնի իր խոսքում ընդգծեց, որ Խաչատուր Էրզրումեցու 350-ամյակի նշումն ունի ոչ միայն պատմագիտական, այլև արդիական նշանակություն: Էրզրումեցին իր ժամանակի բացառիկ զարգացած, հանրագիտակ անհատականություններից է, նպաստել է եվրոպական գիտական-իմաստասիրական գաղափարների ներթափանցմանը Հայաստան, կրելով 17-րդ դարի ֆրանսիական կլասիցիզմի տեսաբանների, մասնավորապես Բուալոյի գեղագիտական ըմբռնումների ազդեցությունը` մեծ դեր է խաղացել հայկական կլասիցիզմի սկզբնավորման գործում, ընդգծել է արվեստի հիմքում ընկած հասարակական օգտակարության պահանջը, կարևորել արվեստի դերը հասարակության, ազգի առաջընթացին, բարոյական դաստիարակությանը նպաստելու գործում:
Զեկուցումներով հանդես եկան բ գ. դ. Հենրիկ Բախչինյանը` «Հայ Բուալոն», բ. գ. թ. Մարատ Թադևոսյանը` «Խաչատուր Էրզրումեցին հայկական կլասիցիզմի տեսաբան», Լևոն Լաճիկյանը՝ «Լեզվի և խոսքի գեղագիտության հարցերը Խաչատուր Էրզրումեցու աշխատություններում», բ. գ. թ. Լուսինե Վարդանյանը՝ «Խաչատուր Էրզրումեցու «Համառօտական իմաստասիրութիւն» երկը», ԵՊՄՀ ասպիրանտ Ներսես Քոչարյանը՝ «Ընտանիքի գաղափարը Խաչատուր Էրզրումեցու «Համառօտական իմաստասիրու- թիւն» աշխատությունում», Գրականության ինստիտուտի հայցորդ Անի Մուշեղյանը՝ «Խաչատուր Էրզրումեցին եվրոպա- կան երաժշտական նոտագրական և տեսական մտքի առաջին ներմուծողը հայ իրականության մեջ» թեմաներով:
Նստաշրջանի եզրափակիչ զեկուցումը Վ. Դևրիկյանինն էր` «Խաչատուր Էրզրումեցին և հայ գրքարվեստը» վերնա- գրով:
Գիտաժողովի վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Աշխույժ, անկաշկանդ մթնոլորտը պայմանավորված էր նաև Լ. Լաճիկյանի գծանկարներից արտափայլող անմիջականությամբ, խորունկ պարզությամբ և ջերմությամբ:

Հերիքնազ ՈՐՍԿԱՆՅԱՆ