ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ-140

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ-140
Հոկտեմբերի 30-ին բազմամարդ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Ավ. Իսահակյանի ծննդյան 140-ամյակի առթիվ նրա շիրմաքարի շուրջ էին հավաքվել գրողներ, մշակութային գործիչներ, բանաստեղծի անունը կրող դպրոցի սաներ` հարգանքի տուրք մատուցելու Վարպետի հիշատակին:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի հավաստմամբ` «Իսահակյանը մեծ է և՛ իր ապրած կյանքով, և՛ իր գործունեությամբ, և՛ հարստահարվածի համար պայքարով, և՛ ազատության իր կոչերով ու կանչերով, և ամենակարևորը` երկնքի, տիեզերքի հետ ունեցած իր առնչություններով»:
Գրականագետ Սամվել Մուրադյանը շեշտեց. «Ոչ ոք չգիտի Իսահակյանին ամբողջությամբ, դեռ սերունդները պիտի ուսումնասիրեն նրա կյանքի և գործունեության այս կամ այն դրվագը` իմանալու, թե իսկապես ինչ է նշանակում Իսահակյանը մեր հոգու կերտման ոլորտում, մեր մշակույթի պատմության մեջ»:
Ելույթ ունեցան նաև գրականագետ Ավիկ Իսահակյանը, գրողի անունը կրող դպրոցի փոխտնօրեն Գայանե Սրապյանը: Վարպետի բանաստեղծություններից կարդացին Գ. Սամվելյանը, Ռ. Կարապետյանը, Ավ. Իսահակյանի և Մ. Աբեղյանի անվան դպրոցների սաները:
Սեփ. լրտ.

***
Հոկտեմբերի վերջին շաբաթը տոնական էր Շիրակ աշխարհի համար՝ իսահակյանական շնչով տոգորված: Լրանում էր նաև մեծ Վարպետի հուշատուն-թանգարանի հիմնադրման 40-ամյակը:
Հոկտեմբերի 26-ին քնարերգու բանաստեղծի հայրական տունը հյուրաշատ էր: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին և գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանին, Երևանի Իսահակյանի տուն-թանգարանի աշխատակիցներին այստեղ ընդունեցին գյումրեցիներին բնորոշ ջերմությամբ:
Իսահակյանական օրերի հանդիսավոր մեկնարկն սկսվեց Էդ. Միլիտոնյանի սրտառուչ խոսքով: Նա Իսահակյանի բանաստեղծական արվեստը բնորոշեց որպես հայրենիք բերող ամենազորավոր կամուրջ, որի անհրաժեշտությունը, առավել քան երբևէ, զգացվում է այսօր:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանի խոսքը տրամաբանական շարունակությունն էր այս մտքի. նա ընդգծեց, որ Արագածի գեղեցկությունն ու վեհությունը ինքն զգացել է Իսահակյանի ներբողած Ալագյազի մանիներով: Ավիկ Իսահակյանը նշեց իր պապի՝ Ավետիք Իսահակյանի երկերի վերահրատարակման անհրաժեշտության մասին, որին անմիջապես արձագանքեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ խոստանալով հոգալ Իսահակյանի ակադեմիական հրատարակության մեկ գրքի ծախսերը:
ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանն իր խոսքում նշեց, որ Վարպետը այն եզակի ժողովրդական գործիչներից է, ում խոսքին ժողովուրդն սպասել է անվերապահորեն, հավատացել է և նրանով է ճշտել իր ուղին: Այնուհետև ելութ ունեցան Շիրակի մարզպետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը և բանաստեղծ, «Շիրակ» թերթի խմբագիր Սամվել Մարգարյանը:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանը Իսահակյանի բանաստեղծությամբ ողջունեց ներկաներին: Գյումրու Իսահակյանի հուշատուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Մնացականյանը բացման խոսքում նշեց թանգարանի նշանավոր այցելուների մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյան, մարշալ Հովհաննես Բաղրամյան և այլք, ովքեր իրենց տպավորություններն են թողել թանգարանի պատվավոր այցելուների հուշամատյանում: Նա առանձնահատուկ շեշտեց նաև Գյումրու քաղաքապետարանի աջակցությունը թանգարանային նմուշները հավուր պատշաճի պահպանելու և ներկայացնելու համար:
Հոկտեմբերի 30-ին Գյումրիում համաժողովրդական տոն էր. Իսահակյանի հայրենի օջախ բաց թանգարանում հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտյալները հավաքվել էին նշելու գրական նահապետի ծննդյան օրը, որը վերածվեց գրի ու հացի փառերգության: Թեև անձրևոտ եղանակին՝ ազգագրական տարբեր վայրերից եկել էին մարդիկ՝ իրենց սերը, նվիրումն ու խոնարհումը բերելու Իսահակյանին ու նրա սրտակենտրոն-տիեզերակենտրոն երգին: Մեծ Վարպետին նվիրված Գյումրու բոլոր հուշարձան-կոթողների առջև ծաղիկներ խոնարհվեցին… Նրա երգով արբեցան ու արբեցրին, ինքնամաքրվեցին ու ինքնավեհացան: Իսահակյանական թափառ ոգին նրա վերքեր խորհրդանշող երգերում հառնեց հայրենական օջախի տաք ու հյուրընկալ շնչից: Թոնրի շուրթից նոր պոկված խշխշան լավաշի բույրը օծվեց նրա երգով ու մեղեդիով, նրա բանաստեղծական խոսքը՝ որպես հոգևոր հաց, զորացրեց ներկաներին…
Անցյալի հաղորդությամբ իմաստավորվեց ներկան՝ երգելով, միմյանց հետ հաց կիսելով ու բարեկամանալով Վարպետի այնքա՜ն հարազատ ու ջերմ հարկի տակ, որը մշտապես եղել է հայ ոգու խառնարան ու մտավորականների հավաքատեղի:
Ամեն տարի հոկտեմբերի 30-ին թանգարանը հյուրընկալում է Իսահակյանի երգի երկրպագուներին, այն ուխտավորներին, ովքեր սիրո ու սրտի ճամփա են անցնում ու գալիս ասելու՝ շնորհավոր ծնունդդ, Վարպե՛տ, և թող հացի բույրը անպակաս լինի քո հայրենական օջախից, ծննդյան օրդ վերածվի երգի ու հացի, հյուրընկալության ու միասնության համաժողովրդական տոնի…
Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ