Քրիստինե Հովսեփյանի «Սրտխփոց» ժողովածուի շնորհանդեսը
Քրիստինե Հովսեփյանի «Սրտխփոց» ժողովածուի շնորհանդեսը
Նոյեմբերի 2-ին՝ «Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան»-ում տեղի ունեցավ սեբաստացի ուսուցիչ, երիտասարդ բանաստեղծուհի Քրիստինե Հովսեփյանի «ՍՐՏԽՓՈՑ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։
Շնորհանդեսի բացման խոսքը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ուղերձով սկսվեց։ Այն ընթերցեց գրականագետ Արմեն Ավանեսյանը, քանի որ ՀԳՄ նախագահը քաղաքում չէր և չէր կարողացել ներկա գտնվել։
Էդվարդ Միլիտոնյանը կարևորում էր Քրիստինե Հովսեփյանի բանաստեղծությունների նրբագեղությունն ու անկեղծությունը։
«Վերջերս՝ Ծաղկաձորում կազմակերպել էինք երիտասարդ գրողների հերթական ամենամյա հավաքը։
Այնտեղ՝ Քրիստինե Հովսեփյանը ներկայացրեց իր երրորդ գիրքը՝ «ՍՐՏԽՓՈՑ»-ը և ընթերցեց բանաստեղծական մի շարք․ քննարկեցին, խոսքեր ասացին․․․ Ես էլ իմ կարծիքը հայտնեցի․
Այն է՝ «Քրիստինեն նուրբ ընկալումների և սրտի թրթիռով գրող բանաստեղծ է, իզուր չէ գրքի վերնագիրը «Սրտխփոց» կոչվում։ Հավատում ես նրա անկեղծությանն ու խոստովանությանը։
Ուրախալի է, որ նրա հայացքն ուղղված է ոչ միայն ներս՝ ներաշխարհ, այլև բնությանը, մարդկանց անցուդարձին։
Լավ գրվածքն այն է, որ հիշվում է , եթե ոչ ամբողջապես, ապա գոնե դրվագային, այդպես իմ հիշողության մեջ անձրևում է Քրիստինեի կարդացած «Անձրև» բանաստեղծությունը, որի համար շնորհակալ եմ նրան։ Բոլորիս ինչ-որ չափով անձրևն անհրաժեշտ է։
Կրկին շնորհավորում եմ գրքի ծնունդը և ցանկանում թեմատիկ ընդլայնում և միշտ պահպանել բանաստեղծական նրբին հույզը»,- գրել էր ՀԳՄ նախագահը։
Հեղինակին, «Արմավ» հրատարակչությանը և բոլորին շնորհավորական խոսք հղեց «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան»-ի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանը։ Նա կարևորեց ժամանակակից գրողների և նրանց ստեղծագործությունների տարածումը և նշեց, որ գրադարանը միշտ սիրով է կազմակերպում նման հանդիպումներ, շնորհանդեսներ։
Այնուհետև ելույթներով հանդես եկան գրականագետներ, Հայաստանի Հանրապետության «Գիտությունների ազգային ակադեմիա»-յի «Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ»-ի գիտաշխատողներ ՝ Արամ Խաչատրյանը և Միհրան Հովհաննիսյանը։ Տեսագիտական առումով երկուսն էլ կարևորեցին, որ լավ գիրք է լույս տեսել, ընթերցողի հոգուն հարազատ։
Միհրան Հովհաննիսյանը հատկապես նշեց, որ գրքում կա հայ մարդու այսօրվա զգացումները, պատկերները այն, որ երեխան այսօր զինվորներով խաղ է խաղում, նույն վաղը այդ երեխան կարողանում է անիվներ հավաքել, որպեսզի մեր բանակ ուղարկվի։
Գեղեցիկ ելույթներով հանդես եկան նաև բանաստեղծներ Գոհար Գալստյանը, Սաթենիկ Ղազարյանը, Հայկ Սիրունյանը, Դավիթ Մշեցին ,Գոռ Հարությունյանը և «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի անգլերենի դասավանդող Հասմիկ Սարիբեկյան Արեգունին։
Բանաստեղծություններ ընթերցեցին ասմունքող ՝ Հռիփսիմե Սարգսյանը, սեբաստացի դասավանդող ՝ Մադլեն Թերզյանը, ինչպես նաև գրող, մանկագիր-նկարիչ, ասմունքող՝ Սաթենիկ Ղազարյանը։
Երաժշտական համարով ողջունեցին սեբաստացի ուսուցիչներ՝ Աչեր Բաստաջյանը , Լիլիթ Գրիգորյանը, Լիլիթ Վերմիշյանը, ինչպես նաև սովորող՝ Վիկտորյա Հովսեփյանը։
Ամփոփիչ ելույթով հանդես եկավ գրքի խմբագիր և օրվա վարող Արմեն Ավանեսյանը։ Նա կարևորեց այն, որ Քրիստինե Հովսեփյանի բանաստեղծությունները լռության պոեզիա է և շշուկով ընթերցելիք, քանի որ նրբագեղությունն այն, որ բանաստեղծություններն աղմուկ չեն ընդունում և կարողանում են մարդու հոգու, ներսի հետ խոսել, գեղեցիկ շոյանք հաղորդել մարդու հոգուն, որն այս վերջին ժամանակներում պակասում է մարդուն։
Ցերեկույթի ավարտին ելույթ ունեցավ բանաստեղծուհին, ով շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, միջոցառմանը ներկա գտնվող գործընկերներին, հյուրերին, գրքի տպագրման գործում իրեն աջակցողներ՝ «Արմավ» հրատարակչությանը, «Նովել» տպագրատանը, գրքի նկարչուհի Աննա Թորոսյանին, ինչպես նաև իր սիրելի աշակերտներին և հավելեց, որ գրականությունն ու մանկավարժությունն անսահման կարևոր են և իր հաշտությունն են աշխարհի հետ։
Նշեց նաև, որ իր համար կենսակերպ է ստեղծագործելը և առանց ստեղծագործելու իր կյանքը չի պատկերացնում․․․
Միջոցառմանը ներկա էին նաև սեբաստացի աշխատակիցներ, սովորողներ, ծնողներ, ովքեր ոգևորված էին, անընդհատ ուզում էին շփվել Քրիստինե Հովսեփյանի և իր գրքի հետ։
Օրը շատ ջերմ էր, հագեցած և սիրուն պոեզիայով լեցուն․․․
Լուսաբանումը՝ Անի Ենգոյանի