ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 140-ԱՄՅԱԿԸ

Վահան ՏերյանԻ ԾՆՆԴՅԱՆ 140-ԱՄՅԱԿԸ
Փետրվարի 9-ին լրացավ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակը: Մեծանուն բանաստեղծի հոբելյանի առթիվ մարդաշատ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Բանաստեղծի շիրիմին էին այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Տերյան ընտանիքի անդամները, գրողներ, գիտնականներ:
«Տերյան մշակութային կենտրոն» հ/կ նախագահ Առուշան Հակոբյանը շնորհավորեց ներկաներին Տերյանի ծննդյան օրվա կապակցությամբ՝ խոսելով հայ գրականության ու մշակույթի մեջ, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքում նրա ունեցած հսկայական ներդրման մասին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց Վահան Տերյանի գրականության, գրական ու հասարակական գործունեության մասին՝ մեծապես արժևորելով տերյանական պոեզիայի դերը հայ գրականության մեջ: Նա անդրադարձավ Տերյանի հոդվածներին, որոնք արդիական են նաև այսօր: «Վահան Տերյանին պիտի աղոթենք ՝ իր բերած սրբազան լեզվի համար և ապավինենք այդ լեզվին: Այդ լեզուն պիտի զարգանա նույն հոգեբանությամբ, նույն խորությամբ ու նույն մարդկայնությամբ և մաքրագործի ժամանակակից հայերենում սողոսկած գռեհիկաբանությունից, ագրեսիայից, հայհոյանքից: Հատկապես դպրոցներում հարկ է հնչեն Տերյանի բանաստեղծությունները, ամրակայի նրա լեզվամտածողությունը»,- ասաց նա: «Ջավախք» հայրենակցական բարեգործական հ/կ նախագահ Շիրակ Թորոսյանը խոսեց Վահան Տերյանի ու նրա գրականության՝ պատմական տարբեր փուլերում ընկալման, հայկական հարցի լուծման նրա ջանքերի, ինչպես նաև Ջավախքում հայ ազգային ու մշակութային արժեքների պահպանման համար տերյանական գրականության մեծ նշանակության մասին: Նա նշեց նաև Տերյանի թարգմանական գործունեության մասին, ասելով, որ նախատեսվում է նրա՝ Շառլ Բոդլերի, Արթուր Շնիցլերի և Օսկար Ուայլդի ստեղծագործությունների թարգմանությունների հրատարակությունը «Հայաստան» հրատարակչությունում: Տերյանի ծոռը՝ Գևորգ Էմին Տերյանը խոսեց Վահան Տերյանի ստեղծագործությունների ակադեմիական հրատարակության անհրաժեշտության մասին՝ ասելով, որ ինքն աշխատում է Տերյանի բանաստեղծությունների նոր ժողովածուի հրատարակման վրա: Կորյուն Առաքելյանն ընթերցեց Տերյանին նվիրված իր բանաստեղծությունը: Թիվ 91 հիմնական դպրոցի աշակերտներն արտասանեցին Տերյանի ստեղծագործություններից: Տերյանական պոեզիայի ղողանջները՝ արձագանքվելով ներկաներից յուրաքանչյուրի հոգում, հավաստում էին նրա մաքրամաքուր խոսքի հավերժական ընթացքը: