Վազգեն Սարգսյանի ծննդյան 60 ամյակին նվիրված հանդիսություն
Մարտի 7-ին, ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ գրող, պետական զինվորական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60 ամյակին նվիրված հանդիսություն:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ։
«Սա մեր գրական տուրքն է Վազգեն Սարգսյանի հիշատակին: Նա ոչ միայն գրողների միության անդամ էր, երիտասարդ տաղանդավոր արձակագիր, այլև նա ՀԳՄ-ում ստեղծեց երկրապահ կամավորական միության առաջին օղակը»,-իր ելույթում ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը:
Ելույթ ունեցան Սասուն Միքայելյանը(ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ), Արամ Սարգսյանը(Վազգեն Սարգսյանի եղբայրը), Մերուժան Տեր-Գուլանյանը(արձակագիր), Ռոլանդ Շառոյանը(արձակագիր), Գրիգոր Ջանիկյանը(արձակագիր, հրապարակախոս), Աստվածատուր Պետրոսյանը(գեներալ – մայոր), Վահագն Մուղնեցյանը(բանաստեղծ), Վան Արյանը(բանաստեղծ): Երաժշտական կատարումով հանդես եկավ Արտակ Ստեփանյանը(նվագակցող՝ Լևոն Հարությունյան):Դերասան Մհեր Մկրտչյանը կարդաց Վազգեն Սարգսյանի «Էս խելքին ենք, որ այս խելքին ենք» պատմվածքը:
Հանդիսությունը վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Ամիրան Գալստյանը։
ՕՐՀՆՅԱԼ ԾՆՈՒՆԴ
«Հարգելի երկրապահի ընկերներ, գրողներ,ընթերցողներ.
Օրեր առաջ լրացավ մեր սիրելի Վազգեն Սարգսյանի 60-ամյակը։ Այսօր մեր գրական տուրքն ենք մատուցում մեր տաղանդավոր գրողին և փառապանծ զինվորին ու պետական գործչին։ Հիշենք, որ այս մեր միությունում է ստեղծվել Երկրապահը՝ նրա ղեկավարությամբ։ Նա իր երկար զինվորական շինելով էր ելումուտ անում Հայաստանի գրողների միության՝ իր ծանոթ դռնով։
Ի՛նչ փառքով և ի՛նչ դժվարությամբ ենք ասում՝ շնորհավոր հոբելյանդ, Վազգեն Սարգսյան…
Երիտասարդ արձակագիրը Դավալուից հայտնվեց գրական միջավայրում՝ իր զինաթափող ժպիտով, պինդ, անսայթաք գրիչով և իրենց գյուղի թունդ գինով, որով օծվեց գրական զվարթ ընկերությունը, ու նա ընկալվեց վաղուց հարազատ ու շնորհալի։
Առաջին գիրքը՝ «Հացի փորձությունը»։ Գնահատվեց,
մրցանակի արժանացավ։ Կյանքի խոր ըմբռնում,կոշտ գիր։
Հացը նրա էության տաք ու կենսաթրթիռ բնութագիրն էր, փորձությունը՝ ճակատագիրը՝ իր մեջ ներառած ֆուտբոլի կախարդական մագնիսը, գրի մոգական ագնին, զենքի հանդեպ ազգային, պատմական ձգողականությունը։
Եվ ժամանակը սրընթաց վազքով, Արցախական դղիրդով ձուլվեց Վազգենի հուժկու մկանունքին ու պայծառ հոգուն,թռավ օդ, իջավ հողին այնքան արագ, որ փլված ԽՍՀՄ-ի, անկախացած Հայաստանի սրտագրի նման զգայուն ժամանակը չհասցրեց գրի առնել՝ սահմանային կռիվներն ու կազմավորվող երկրապահն ու Հայոց բանակը ցնծության ու
կսկիծի, նահանջի ու խոյանքի, հպարտության ու
մահապարտության հոգի ցնցող զանգահարությամբ էին արթուն և զգաստ պահում, մինչև Հաղթակամարի կառուցում, Եռաբլուրի արծվահայաց հսկումի ներքո։
Ինչքան մոտեցան իրար մեր Վազգենի գելխեղդ ծիծաղն ու մորմոքուն լռությունը, ուրախության ու կորստի արցունքները։
Բանակաշինություն, պետնախարար, Պաշտպանության նախարար, ռազմական, քաղաքական ու պետական գործիչ։
Իմ ճանաչած ամենակազմակերպված ու ժողովրդական ոգին ըմբռնած, արագ վերընթացի էակն էր, ծնված այստեղ և հիմա,ճիշտ տեղում, մեծ նպատակի նշանով ու ջանասիրությամբ։
Միասնության դաշինք։ Ծաղկած ծիրանենու խորապատկերին ինքն ու Կարեն Դեմիրճյանը։
Վարչապետ։ Սեպտեմբերի 21, զինվորական շքերթ։ Քափ-քրտինք մտած զօր ու գիշեր քննարկումներ, ծրագրեր և… Նրա հանդեպ թշնամության ու սպառնալիքի բացահայտ խոսք ու վեճ սրճարաններում, այլուրեք։ Ոչ մի քայլ անվտանգությունն ապահովող պատկան մարմինների կողմից։ Ամերիկայից վերադառնալուց հետո նա մռայլ էր, երկրի կոռուպցիայի պատկերն էին դրել դեմը։ Նա իր բնույթին հարիր՝ կառավարության նիստում, այլ տիրույթներում ճակատներին մեխում էր ճշմարտությունը, դառը, ցավալի ու… Մերկ
բռունցքով զարկում էր մեխի սուր ծայրին։ Պատասխանը չուշացավ. գլխատվեց դաշինքը՝ Ազգային ժողովի դահլիճում, օրը ցերեկով։
Սա ողբերգության հետ ծաղր էր մեր ժողովրդի դեմքին՝դրսից ու ներսից գծագրված, մինչ այժմ ո՛չ դրսինն է պարզորոշ, ո՛չ ներսի կազմակերպիչներն են բացահայտված ու դատապարտված։
20 տարի առանց Վազգեն Սարգսյանի և քսան տարի նրա հետ և միշտ նրա հետ, քանզի մեր ժողովուրդը միասնանալու խնդիր ունի, ուժեղ երկիր լինելու վճիռ ունի, մեր երկիրը ինքնավստահ ընթանալու կամք ունի, աշխարհի ուժեղների հետ բացճակատ խոսելու և իր ճշմարտությունը հասու դարձնելու խոհեմություն ունի…
Նրա սիրած ու հավատով լեցուն խոսքն էր՝ 21-րդ դարը մերն է լինելու։ Ամեն մեկը պիտի այս ջանքով ու համոզմունքով գործի։
Նա ամեն ինչ արեց, որ 21-րդ դար մուտք գործենք շահած ու ինքնավստահ, ցավոք, նա չտեսավ իր երազած այդ և այս դարը։
Նա իր ուղնուծուծով նորի ձգտող և կառուցող մեծ անհատ էր։ Խտացած, զսպանակված ժամանակի պատմական, անցյալը մի կարճ ընթացքում իր մեջ առած ու պատմական լեգենդ դարձած հիմա մեզ է նայում իր աննահանջ ժպիտով։
Օրհնյալ լինի ծնունդ, Զավեն հոր և Գրետա մոր զավակ Վազգեն…
Շնորհավոր 60-ամյակդ, սպարապետ Վազգեն Սարգսյան»։
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ