ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐ ԱՊԱԳԱՅԻՆ (հատված «Դարի ասպետը» գրքից, 2024 թ.)

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐ ԱՊԱԳԱՅԻՆ

(հատված «Դարի ասպետը» գրքից, 2024 թ.)

1998 թվականին նշվելու էր Սարդարապատի հերոսամարտի 80-ամյակը։ Վազգեն Սարգսյանը նախաձեռնեց հուշահամալիրի նորոգման, շրջակայքի պատշաճ տեսքի բերման աշխատանքները։ Հուշահամալիրի տնօրենի պաշտոնում նշանակվեց Վլադիմիր Դարբինյանը, որի Հոկտեմբերյանի շրջկոմի 1-ին քարտուղարի պաշտոնում եղած ժամանակ էր կառուցվել ճարտարապետական նշանավոր թանգարանն ու մնացյալ կառույցները։ 1998 թվականի մայիսի 28-ին համաժողովրդական տոնախմբությունն էր, որի գլխավոր հյուրերից էր ՌԴ նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովը, Վազգեն Սարգսյանի հետ արևի տակ քրտնած քայլում էին զանգակատան մոտից մինչև արծիվների շարքը, ապա՝ թանգարան։ Երեկոյան թանգարանուսմ սփյուռքահայերի մասնակցությամբ մեծ ընդունելություն եղավ։ Ահա այսպես պատմության ընթացքում նշանավոր ռազմական իրադարձությունները, հաղթանակները ամրապնդում էին ժողովրդի հավատն իր իսկ հանդեպ։

Նախարարի ընդունելությունների սրահում կախված էր Ավարայրի 40 Դարի ասպետը ճակատամատի հիշատակ Գրիգոր Խանջյանի հայտնի նկարի գոբելենային տարբերակը։ Այդ պատկերում հայտնի ռազմական և մշակութային պատմական դեմքեր են ներառնվել։

Երբ պատրաստվում էինք ֆիլմ նկարահանել Վազգեն Սարգսյանի 40-ամյակին նվիրված, որին նա միանգամից չհամաձայնեց, կարծում էր ժամանակը չէ, այստեղ դեր չէր խաղում այն ժողովրդական հավատալիքը, թե 40-ամյակ նշելը չարաբաստիկ է, որովհետև նախարարը նման բանահյուսական ասացվածքների առանձնապես ուշադրություն չէր դարձնում, պարզապես նա չէր ցանկանում իր անձը արժևորել։

Սակայն հավաքված կադրերը, փաստավավերարական նյութերը, Գրետա մայրիկի խոսքը և մյուս ընկերների կարծիքները տեղ չէին թողնում փքուն գովեստների, պարզ, ճշգրիտ ֆիլմ էր։

Եվ նա թույլ տվեց ցուցադրել։ Նաև թույլ տվեց իրեն լուսանկարել ու նկարահանել Ավարայրի գոբելենի առջև։ Այդ լուսանկարում նա սևեռուն նայում է ոչ միայն անցյալին, այլև ապագային։

Նայում էր անցյալի մեծերի, զորավարների, երկիր պահող ռազմիկների աչքերով։ Նրանցից Անդրանիկ զորավարի աճյունը տեղափոխեց և այժմ Եռաբլուրում իրար մերձավոր հսկում են առաջին և երկրորդ արցախյան պատերազմների հերոսական և անձնազոհ սերնդի հավերժությունը։ Նրա ջանքերով հայրենիք վերադարձավ Սոսե մայրիկի աճյունասափորը, «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց պատվո շարքում, Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում իր հանգիստը գտավ զորավար Դրոն, որի վերաթաղման նախնական նախաձեռնողներից էր Սպարապետը։ Դրոյի որդի Մարտիրոսի և թոռ Դրաստամատի հետ հանդիպել էր ՊՆ-ում։ Զինուժով հեռարձակվեց իմ և Մարտիրոսի հաղորդումը։

Վազգեն Սարգսյանի հոգին անցյալի և ներկայի ինքնազոհ, հաղթության ձգտող բոլորի հետ էր, հանուն ազգային ու պետական մտածողության համաձուլվածքի։

Նա հավատում էր ապագային և միշտ կրկնում էր՝ 21-րդ դարը մերն է լինելու։ Մեր մեջ կրենք այդ հավատն ու ոգին։ Հավատը լեռ է շարժում։