Սպասում ենք պատասխանի…
Սպասում ենք պատասխանի…
Սեպտեմբերի 27-ին Ազգային ժողով էին հրավիրվել ստեղծագործական միությունների նախագահների, կույրերի և խուլ-համրերի միավորումների նախագահները՝ քննարկելու հասարակական կազմակերպությունների, միավորումների շենքերի վերաբերյալ օրինագիծը։ Նիստը վարում էին Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Իրավաբանական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց նախագծի նպատակը, շենքերի հետագա ճակատագրի վերաբերյալ պետական մոտեցումները ։ Ելույթ ունեցան Նկարիչների միության շենքերի հարցերով փաստաբան Կարեն Մեջլումյանը, Գրողների միության շենքերի մասով փաստաբան Լևոն Բաղդասարյանը և ստեղծագործական միությունների նախագահներ Սուրեն Սաֆարյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Արամ Սաթյանը, Հակոբ Ղազանչյանը , Ալեքսանդր Բադալյանը , կինոգործիչների միությունից՝ Արայիկ Մանուկյանը, Կույրերի միավորման նախագահ Ռ.Խաչատրյանը, Հայաստանի խուլ-համրերի միավորման նախագահ Մ. Հարությունյանը։ Սուրեն Սաֆարյանը շեշտեց հարցի կարևորությունը, սակայն առաջարկեց հետաձգել օրենքի ընդունումը, քանզի շենքերի դատերը դրված են վարչական դատարանի քննարկման տիրույթում և, սա նշանակում է , որ եթե շենքերը պետականացվեն , այլևս այս օրենքը ուժը կկորցնի։ Այդպիսի մտահոգություն հայտնեց նաև Էդվարդ Միլիտոնյանը և ավելացրեց , որ այսպիսի միաժամանակյա օրենքի և դատական պրոցեսի համընկնումը ենթադրում է մի տեղից հրահանգված լինելը։ Սա ստեղծագործական միությունների և միավորումների ազատության և իրավունքների խախտման իրավիճակ է։ Փաստաբանները փաստեցին վերոնշյալ շենքերի ՝ ՀՀ կադաստրի սեփականության իրավունքի ճշգրիտ լինելը։ Նշենք, որ ՀՀ կադաստրի կոմիտեի ներկայությունը այս նիստին շատ կարևոր կլիներ։ Նաև ասվեց, որ Գրողների և Նկարիչների միությունների կողմից իրենց համաժողովներում հարցի քննարկման ժամանակ եղել է առաջարկություն՝ պահպանել շենքերի սեփականության իրավունքը՝ հետագայում առանց վաճառքի պայմանի, որով կփարատվի այն մտավախությունը, թե սեփականատերերի կողմից հնարավոր է վաճառվեն դրանք։ Սա համարվեց հաշտության մի առաջարկ, որը արժանի կլինի կառավարությունում դիտարկելու։ Այլապես անհասկանալի է վարչական դատարանի հատկապես գրավոր ընթացակարգով դատական նիստերի անցկացումը, որը բացառում է երրորդ անձի կարգավիճակով ներգրավված կազմակերպությունների և միությունների մասնակցությունը։ Այս մասին փաստաբանները առաջարկություններ են ուղարկել վարչական դատարան։ Հայտարարվեց, որ ստեղծագործական միությունների նախագահները դիմել են վարչապետին՝ ընդունելու և քննարկելու վերոհիշյալ խնդիրները։ Սպասում են պատասխանի…