ՍՈՒՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՂԻ ՎԵՐՋԸ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՍՈՒՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՂԻ ՎԵՐՋԸ

Այսօր աշխարհում բազմաթիվ մակարդակներում քննարկվում է Էրդողանի կերպարը և հիմնականում գալիս են մի եզրակացության, որ նրա հոգեկան վիճակը անկանխատեսելիության և վտանգավոր հետևանքներով է հղի։

Միջերկրական ծովի արևելյան մասից սկսած, Սիրիայով, Հունաստանով, Կիպրոսով և Լիբիայով չավարտված, ահավասիկ մխրճվել է արցախյան ու, լայն իմաստով, հայկական հարցի մեջ, հրահրելով Ադրբեջանին պատերազմների։

Ցեղասպանությունը չընդունելով ձգտում է նոր ցեղասպանության, թափահարելով նեոօսմանիզմի, թուրանիզմի և իսլամիզմի դրոշներ ու սրեր, երբեմն հարձակվելով հենց մուսուլմանական երկրների վրա, թաքուն նենգ հայացքներ նետելով որոշ իսլամական երկրների վրա և հատկապես լկտի քմծիծաղ տալով Եվրոպայի ու քրիստոնեության վրա։ Ահա թե ինչու Այա Սոֆիա տաճարը մզկիթի վերածվեց։

Ու հիմա Արցախում ընթացող պատերազմը կանգնեցնելու երկու հակառակորդներին ուղղված ՄԱԿ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ռուսաստանի Պետդումայի հորդորները առ ոչինչ են Էրդողանի և նրա աշակերտ Ալիևի համար։ Չկա հասցեական դատապարտում և պատժի գործիքի կիրառում հարձակվողի հանդեպ։

Սա էլ ծաղրի ենթարկվածների պատասխանը։

Սպասենք մինչև Էրդողանը հարվածի նրանց իրենց տան միջանցքներում։

Իսկ մենք սպասելու ժամանակ չունենք, սուր բարձրացնողը պիտի ընկնի սրից։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ