ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 95-ԱՄՅԱԿԸ

ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 95-ԱՄՅԱԿԸ
Փետրվարի 27-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արցախցի բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Սոկրատ Խանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ Սոկրատ Խանյանին հանձնելով Գրողների միության ուղերձը և հաջողություններ ու երկար կյանք մաղթելով նրան: Ցերեկույթը վարում էր բանաստեղծուհի, գրականագետ Ալիսա Բաղդասարյանը՝ ընթացքում խոսելով վաստակաշատ գրողի մասին և մեջբերելով նրա ստեղծագործություններից ու վերջերս հրատարակած «Հավատ» բանաստեղծությունների ժողովածուից: Ելույթ ունեցան ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը, գրականագետներ բ.գ.դ. Դավիթ Գասպարյանը և բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը, բանաստեղծուհի, բ.գ.թ Զարինե Սառաջյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս Արզիկ Մխիթարյանը, գրող, բ.գ.թ. Ժաննա Հակոբյանը, բանաստեղծուհի, բ.գ.դ Զինաիդա Բալայանը, բանաստեղծուհի Ծովինար Բաղդասարյանը, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը և այլոք: Սոկրատ Խանյանի կյանքի, ստեղծագործության, ինչպես նաև նրա մասին կարծիքներ ընթերցեցին ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները: Հոր մասին սրտառուչ խոսք ասաց բ.գ.թ., դոցենտ Կարեն Խանյանը: Ելույթ ունեցողները խոսեցին Սոկրատ Խանյանի գրական ու գիտական գործունեության մասին՝ բարձր գնահատելով նրա մարդկային արժանիքները և Արցախի գրական-հասարակական կյանքում ունեցած նրա դերը: Գայանե Սամվելյանը և ԼՂՀ վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը ասմունքեցին Սոկրատ Խանյանի բանաստեղծություններից:
Ցերեկույթի ավարտին Սոկրատ Խանյանը շնորհակալություն հայտնեց հնչած ելույթների ու բարձր գնահատանքի համար՝ ասելով, որ « հայ գրականությունը ոչ միայն իր բովանդակությամբ, այլ նաև կատարումով, համաշխարհային գրականության լավագույն էջերից է: Հայկական պոեզիան համաշխարհային պոեզիայի ծիածանի լավագույն, խիտ գույներից մեկն է: Այդ գրականության մեջ բանաստեղծություն գրելն ու գիրք հրատարակելն արդեն բախտավորություն է»: