ՍԵՐԲ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻՆ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 – ԱՄՅԱԿԻՆ

ՍԵՐԲ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻՆ`ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 – ԱՄՅԱԿԻՆ
Սերբիայի գրողների միության հրատարակչությունը «Փոքր գրադարան» մատենաշարով, անվանի բանաստեղծ Լյուբիցա Միլետիչի թարգմանությամբ, լույս է ընծայել «Արդի հայ պոեզիա» անթոլոգիան, որում տեղ են գտել Երկրորդ աշխարհամարտից հետո ծնված, 70-90-ական թվականներին ասպարեզ իջած 28 բանաստեղծների գործեր` բացառապես իր ընտրությամբ:
Վերջին տարիներին Միլետիչը հնարավորություն է ունեցել երիցս լինելու Հայաստանում և Արցախում, մասնակցելու Պոեզիայի միջազգային փառատոներին, ճանաչելու մեր երկիրն ու ժողովրդին, շփվելու անթոլոգիայում ներկայացված գրեթե բոլոր հեղինակների հետ, ասել է թե՝ շքեղ այս հրատարակությունը մեր ժողովրդին անսակարկ նվիրումի և մեր նորագույն պոեզիայի հանդեպ Միլետիչի անխառն սիրո պտուղն է:
500 օրինակ տպաքանակով, 144 էջ ծավալով գիրքը գրախոսել և հրատարակության են երաշխավորել բանաստեղծներ Գագիկ Դավթյանը և Թիոդոր Ռոսիչը, տպագրվել է Սերբիայի հայ համայնքի երախտագիտության արժանի նյութական աջակցությամբ (ղեկավար` Սամվել Այվազյան): Խմբագիրն է Սերբիայի ԳՄ հրատարակչության գլխավոր խմբագիր Դրագան Լակիչևիչը, «Արդի հայ պոեզիայի այսօրը» խորագրով վերջաբանի հեղինակը` բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը: