«ՊՈԵԶԻԱ» ՏԱՐԵԳԻՐՔ-2

«ՊՈԵԶԻԱ» ՏԱՐԵԳԻՐՔ-2
Մայիսի 2-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Պոեզիա» տարեգրքի շնորհանդեսը: Այն երկրորդ տարեգիրքն է, առաջինը լույս է տեսել 2024թ.-ին: Տարեգրքի նախագծի հեղինակներն են Էդվարդ Միլիտոնյանը և Ավիկ Դերենցը: Գիրքը տպագրվել է «Ծիծեռնակ» հրատարակչությունում: Ժողովածուն ամփոփում է ժամանակակից 58 հեղինակների նոր բանաստեղծություններ և թարգմանություններ: Ընդգրկված են բանաստեղծներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Ժողովածուում առանձին մաս է հատկացված 2024թ.-ի ընթացքում տեղի ունեցած մրցանակաբաշխություններին, գրական համագործակցություններին, միջազգային հանդիպումներին, հոբելյաններին, ինչպես նաև տպագրված գրքերին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց գիրքը և խոսեց նախագծի մասին՝ ասելով, որ տարեգրքի տպագրությունը կլինի շարունակական: «Տարեգրքի նպատակն է ներկայացնել ժամանակակից բանաստեղծների ստեղծագործության բազմազանությունը: Բովանդակությունը փոփոխական է, կան ոչ միայն բանաստեղծություններ, այլև պոեզիայի վերաբերյալ հոդվածներ ու հարցազրույց»,- նշեց նա: «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանն ասաց. «Գիրքը նորովի է պատկերում հայ գրականության հիմնական թեմաները: Ներկայացված են արցախցի բանաստեղծներ, որոնք իրենց գույնն են ավելացնում մեր ժամանակակից գրականությանը: Կարևոր դեր ունեն նաև սփյուռքահայ բանաստեղծները»:
Ելույթ ունեցան և գրքից բանաստեղծություններ ընթերցեցին Կորյուն Առաքելյանը, Եսթերը, Ալիսա Բաղդասարյանը, Շուշանիկ Թամրազյանը, Անահիտ Ասատրյանը, Մարիամ Սարգսյանը, Զարինե Սարաջյանը և Հերմինե Նավասարդյանը: Հեղինակները խոսեցին նման ժողովածուների հրատարակման կարևորության մասին, ասելով որ դրանք օժանդակում են ժամանակակից գրականության ընթերցանությանը, միմյանց ճանաչողությանը և շնորհակալություն հայտնեցին տպագրության համար: