ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ
Պարույր ՍԵՎակի հիշատակի օրը
Պարույր Սևակի հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 17-ին Զանգակատանը՝ նրա տուն-թանգարանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:
Տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը ողջունեց մասնակիցներին՝ տեղեկացնելով, որ Սևակի 100-ամյակի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում նույնպես նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Պարույր Սևակի որդու՝ գրականագետ Արմեն Ղազարյանի հիշատակը, որը մեծ ներդրում է ունեցել սևակագիտության ոլորտում:
Իր ելույթում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց . «Մարդու մեծությունը չափվում է ապագայով՝ թե որքան ներդրում ես ունենում մշակույթի, պետության զարգացման գործում: Պարույր Սևակն իր մտածողությամբ և՛ մեծ քաղաքացի էր, և՛ մեծ գրող ու խիզախ հրապարակախոս, գրականագետ ու գիտնական: Նա մեծություն էր, քանի որ նրա գրիչը, բացի մեր ժողովրդի հոգեբանությանը բնորոշ արժեքներ ստեղծելուց, նաև սթափեցնող էր»: Նրա գնահատմամբ՝ Սևակի ստեղծագործությունները մրցակցային են նաև համաշխարհային գրականության ասպարեզում և շարունակաբար թարգմանվում են տարբեր լեզուներով:
Օրվա ընթացքում տեղի ունեցավ Պարույր Սևակի «100 բանաստեղծություն» գրքի, «Իբրև սկիզբ» խորագրով սեղանի խաղի և «Վարք մեծաց» անիմացիայի շնորհանդեսները: Տուն-թանգարանի այգում բեմադրվեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Մարդը ափի մեջ» ներկայացումը: