ՈՆՑ ԵՂԵԼ ԵՆ, ԱՅԴՊԵՍ ԷԼ…

ՈՆՑ ԵՂԵԼ ԵՆ, ԱՅԴՊԵՍ ԷԼ…

Պարոն Չավուշօղլի, տեսա ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներին՝ ցուցարար ուրուգվահայերին, ուղղված անձամբ Ձեր ձեռքի գորշ գայլերի նշանը և Ձեր փոխարեն կարմրեցի, գուցե Դուք էլ կարմրեցիք, բայց զրահապատ մեքենայում դա, ինչքան գիտեմ, ընդունված չէ։

Այդ նշանով ապացուցեցիք՝ շարունակում եք հպարտանալ ձեր նախորդ գիշատիչների սև գործով, ներկա գորշ գայլերի առաջնորդ Բախչելիի Էրդողանին ներկայացրած Մեծ Թուրանի քարտեզով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքների մի մասն էլ է ընդգրկված սույն քարտեզում։ Էլ ո՞նց եք այդ երկրներին հրավիրում Թուրքիա և հաշտության քարոզ կարդում։ Էլ չեմ ասում ձեր հարևանների նկատմամբ տարածքային նկրտումները, ագրեսիաները։ Պատկերացնո՞ւմ եք ներկա Գերմանիայի արտաքին գործոց նախարարը հրեա ցուցարարներին ֆաշիստական սվաստիկայով ահաբեկի։ Ցավոք, ձեզ ներում են քաղաքակիրթ կոչված մի շարք հզոր երկրներ, անգամ, երևի, նաև ոգևորում, իրենց աստվածն իրենց հետ։ Դա հատկապես պարզորոշ երևաց Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ, երբ դուք վարձկաններ ու գորշ գայլեր ճամփեցիք շարունակելու ցեղասպանության կիսատ մնացած գործը, և Եվրոպան մի քանի զարմանալի բացականչություններից հետո լրիվ սսկվեց, երևի վախեցավ ձեր ֆոսֆորային ռումբերից ոչ միայն Արցախին բաժին հասցնեք, այլև…

Գորշ գայլերի նշանով, խնդրում եմ, չահաբեկեք Հայաստանի բանակցողներին, նրանք իսկապես հավատում են, որ դուք փոխվել եք, խոսում եք խաղաղ գոյակցությունից, հարևանությունից, ճանապարհների ապաշրջափակումից…

Հա, եթե Գերմանիայի արտաքին գործոց նախարար Աննալենա Բերբոկը նման կերպով երևար աշխարհին, նրանց կանցլեր Շոլցը, հավատացած եմ, պաշտոնանկ կաներ։

Պարոն Էրդողանը, չգիտեմ, տեսե՞լ է ձեր լուսանկարը, թե ոչ, բայց նա վախեցողը չի և մեկ էլ տեսար քաղաքակիրթ աշխարհի աչքը մտնելու համար…

Աշխարհը շատ արագ է փոխվում, սակայն գորշ գայլերը ոնց եղել են, շարունակում են նույնքան ահ ու սարսափ տարածել գլոբալիզացվող և դեմոկրատական քաոսային աշխարհում։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ