«Շիտակից շիտակ էր, և շիտակությունն էր նրա աստվածը»

Այս դեկտեմբերի 13-ը ձյունոտ ու ցուրտ օր էր. սառցակալած ճանապարհով մենք գնացինք Թալինի Կաթնաղբյուր գյուղ` մասնակցելու Մուշեղ Գալշոյանի 80-ամյակի տոնակատարությանը: 80 տարի առաջ, 1933-ին երկրում սով էր, ձյունն ու ցուրտը յոթ անգամ շատ: Ո՞նց են ապրել այստեղ սասունցի գաղթականները բնական ու անբնական աղետների մեջ, գրկաչափ արտերի հույսով: Ապրեցին ու սերունդ էլ տվեցին, մոտավորապես կաքավի լոշ կոչվող բույսի նման, որ աճում է այս կողմերում ժայռերի մեջ, սրա ցողունը պոկում ես արմատից, կախ տալիս պատից, նա ոչ թե չորանում է, այլ ապրում է ամիսներ և նույնիսկ ծաղկում ու սերմունք տալիս… Մուշեղ Գալշոյանի ծննդավայրն է սա, ուր 1919-20 թթ. հիմնվեցին սասունցի գաղթականները` պատից կախված կաքավի լոշի նման ու ծաղկեցին ու սերմունք տվեցին ու Մուշեղ հանեցին իրենց սրտի ու մտքի միջից: 33 տարի է անցել գրողի մահվանից, նրա շիրմաքարի կողքին այն օրերին տնկված եղևնին վիթխարի ծառ է դարձել, և հիմա ձյունը շերտ-շերտ նստել է փռված ճյուղերին` առասպելական գեղեցկությամբ պսակելով նրան: Ձյան ծածկոցի տակ նկատում եմ տուֆե հին շիրմաքարեր, նրանց տակ հանգչում են Սասունը թողած մարդիկ, նրանք, որոնց Մուշեղը անվանեց Մարութա սարի ամպեր: Գրողի շիրիմին այցի եկած կաթնա­ղ­բյուրցիներն ու շրջակա գյուղորայքի ժողովուրդը իմ աչքում նույն մարդիկ են, ինչ հեռավոր տարիների հները, նույն շարժ ու ձևն է, նույն հոգսի ու ոգևորության ալիքները, նույն լեզուն… Ի դեպ, այս կողմերում այնքան էլ հեշտ արմատ չեն ձգում աշխարհում անվերջ ծնվող ու իրար կուլ տվող փոփոխությունները: Այստեղ բաներ կան, որ փոխանցվում են սերնդեսերունդ աշխարհի ստեղծման օրից: Մարդիկ իրենց հոգս ու կյանքից մի քանի ժամ կորզած՝ ծնկահար ձյան միջով արահետ բացած գնում էին դեպի Մուշեղը: Խնկահոտը, Երևանից եկածների` շիրմաքարին սփռած ծաղիկները, զուսպ հնչող խոսակցու­թյունները, լռությունը, գրողի հետ ամեն մեկի փակ հաղորդակցությունը պահը դարձնում էին ուխտի արարողություն: Ապշեցնում էր այն, որ 33 տարվա վաղեմության ողբերգական պատահարի մռայլը, որին զոհ գնաց գրողը, տակավին չէր թոթափվել մարդկանց սրտերից: Ես մտածում էի Մուշեղի մասին: Երանությամբ էի մտաբերում իմ երիտասարդական տարիները, երբ նա սատարեց առաջին գրքիս տպագրությունը (նա հրատարակչության գեղարվեստական գրականության բաժնի վարիչն էր): Այցերս հաճախակի դարձան հրատարակչություն, և տարբեր հանգամանքների մեջ տեսա նրա հրացայտ կապույտ աչքերը, նմանը չունեցող ծիծաղը, լռությունն ու պայթյունը: Շիտակից շիտակ էր, և շիտակությունն էր նրա Աստվածը: Մարդկային բնավորության այս հատկանիշը դարձավ նաև նրա ստեղծագործությունների հատկանիշը: Այլ կերպ ասած` նա և իր երկերը երկվորյակ եղբայրներ էին: Ես մտածում էի Մուշեղի հերոսների մասին: Այդ մարդկանց գրողը չհորինեց: Նրանք կային, Արաքսը անցել-եկել էին այս կողմ, նրանք պարտված զինվորներ էին, Հայրենիք, տուն ու հիշատակ կորցրած մարդիկ: Մուշեղը դժվար էր գրում, ինչպես որ այդ մարդկանց կյանքն էր դժվար: Ինչո՞ւ էր Մուշեղը գրում նրանց պատմությունը: Ո՞րն էր նպատակը: Գրում էր, որ կարդայինք ու մեկ անգա՞մ էլ լցվեինք դառնության ցասմամբ: Ո՛չ, իհա՛րկե ոչ: Մեր համազգային ողբերգության մասին վիթխարածավալ փաստագրություն ու գեղարվեստական նյութ կար, չարժեր համալրել դրանց ցավագին շարքը` սոսկ վիշտը պատմելու համար: Քսաներորդ դարասկզբի մեր պատմության ելակետը եղավ դառը պարտությունը՝ միլիոնավոր զոհերով, Արևմտյան Հայաստանի կորստով: Ամենածանրը արվեստագետի, հատկապես գրողի դրությունն է` ինչպիսի՞ կերպարներ արարի, նրանք ի՞նչ պիտի ներարկեն ժողովրդի սրտում հետագա գոյության և, մանավանդ, արժանապատիվ գոյության համար: Սոսկ հույս տալ, թե ամեն ինչ լավ կլինի, մենք եղբայրական ժողովուրդների ընտանիքի լիիրավ անդամ ենք, կերտում ենք մարդկության լուսավոր ապագան և այլն, փուչ հեքիաթներ են, համոզիչ չեն: Մուշեղ Գալշոյան գրողի մեծությունը` հայերեն բառ ու բանի հրաշալի տիրապետումից, գեղարվեստի խորունկ նրբություններին հասու լինելուց զատ, գրողական նպատակի մեջ է: Մուշեղը, կերտելով պարտված զինվորների կերպարները, մեկնակետ դարձրեց Տերյանի հանճարեղ բանաձևումը մեր ազգային վիճակի վերաբերյալ. Գերված ենք մենք ոչ ստրուկ, գերված մի արծիվ… Մուշեղ Գալշոյանը մեզ հասկացրեց, որ պարտվածների կռիվը ավարտված չէ: Նրանք իրենց վարքով ու տեսիլքով վերակերտում են Հայաստանը, սակայն ուրիշ Հայաստան, ո՛չ այն, որ կոչվում էր Սովետական, այլ ուրիշ, այն, որ պիտի դեռ գա, որ պիտի իր կռիվը տա ու իր հաղթանակը շահի, այն Հայաստանը, որի դիմագիծը պիտի կազմի առաքինությունը: …Գյուղի մշակույթի տանը անասելի ցուրտ էր, բայց դահլիճը լեփ-լեցուն էր: Երեխաները սիրո և մեծարանքի խոսքեր էին ասում իրենց մեծ հայրենակցի մասին, ներկայացնում նրա գործերից բեմադրական պատառիկներ: Մուշեղ Գալշոյանի մասին խոսեց ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդ. Միլիտոնյանը: Նա ընդգծեց Գալշոյանի ստեղծագործական առանձնահատկությունները, որոնց շնորհիվ դրանք չեն կորցնում իրենց արդիականությունը և չեն կորցնի երբեք: Խոսեցին նաև ուրիշներ` պատմեցին, հիշեցին, գնահատեցին, երգեցին… Ուխտը շարունակվեց երկար: Կեսօրին, երբ վերադառնում էինք Երևան, օրը բացվեց, շղարշի պես փռված մշուշը ցնդեց սարերից, երկնքում հայտնվեցին քուլա-քուլա ամպեր, որոնք իջնում էին Արագած լեռից և ծանր սահքով լողում Մարութա սարի կողմ:

Ղուկաս Սիրունյան