ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐ
միջազգային մշակութային կապեր
Հունիսի 20-ին ՀԳՄ այցելեց ՌԴ նախագահի միջազգային մշակութային կապերի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Գրողների միության ընդլայնված քարտուղարությունում, որին ներկա էին «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանն ու տեղակալ Սերգեյ Մուրադյանը, Մ.Շվիդկոյը ներկայացրեց այցի նպատակը՝ մշակութային և հատկապես գրական կապերը զարգացնելու, ժամանակակից ռուս և հայ գրողների ստեղծագործությունները ներկայացնելու ընթերցողներին: Նա հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի այլ ստեղծագործական միություններում:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց ժամանակակից գրականության թարգմանության հարցը՝ նշելով, որ մի շարք երկրներում՝ Իրան, Լեհաստան, Վրաստան և այլն, բազմիցս թարգմանաբար տպագրվել են հայ հեղինակներ, ցավոք, նույնը չի կարելի ասել Ռուսաստանի հրատարակչական դաշտի վերաբերյալ: Հայաստանում տարբեր հրատարակչություններ ընթերցողներին են ներկայացնում դասական ու ժամանակակից ռուս գրողների: Անցյալ տարի հրատարակվել է ռուսական ժամանակակից պոեզիայի երկլեզու՝ հայերեն և ռուսերեն անթոլոգիա, որի թարգմանիչները հայ բանաստեղծներ են: Գիրքը հրատարակվել է ՌԴ կապի, մասսայական հաղորդակցության և թվային զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ: Ալբերտ Նալբանդյանը ներկայացրեց Ռուսաստանում «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիրը տարածելու խնդիրը: Կողմերը պայմանավորվեցին մշակել ծրագիր, որը կնպաստի երկու ժողովուրդների գրականությունների թարգմանական գործին: