ՄԵՐ ՍԵՐՆԴԻ ՍԻՐՏԸ
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՄԵՐ ՍԵՐՆԴԻ ՍԻՐՏԸ
Հաճախ ասում են՝ մարդու կյանքն ու գործը ձևավորվում են սերնդային շրջանակում։ Մենք գիտակցել ենք դա, քանզի մեզ միավորում էր «Գարուն» ամսագիրը, հատկապես պոեզիայի ասպարեզում ի հայտ եկած անունները և նրանցից առաջ մամուլում ձևավորված երիտասարդ բանաստեղծների թոփչյանական խումբը դիտարկվում էին միասնական տիրույթում։ Իհարկե, տարբեր ոճերի, տարբեր լեզվամտածողության գրողներ էին։ Եվ նրանց զուգահեռ՝ նա՛և արձակագիրներ, նա՛և մշակույթի տարբեր ասպարեզների երիտասարդ արվեստագետներ։ Այս ամենին գումարվում էին Դիլիջանում կազմակերպվող երիտասարդ ստեղծագործողների հավաքները։ Յոթ օրվա մեջ այնպես էին ձուլվում իրար, որ հետագայում միմյանց հետ աշխատակցեցին՝ գրող, ռեժիսոր, նկարիչ, երաժիշտ, դերասան։
Տարիներ շարունակ տղերքը կարոտով էին հիշում այդ օրերը և միշտ ցանկություն կար նորից հավաքվելու։ Եվ մի պահ էլ 90-ականների սկզբին Վանո Սիրադեղյանը փորձ արեց ավագ ու երիտասարդ արվեստագետներին հանդիպեցնել Դիլիջանում՝ Էդմոն Ավետյան, Լևոն Ներսիսյան… Այսպես մենք դարձանք սերնդային մարդիկ, ու ամեն մեկի հաջողությունը համարեցինք յուրաքանչյուրինս։ Կյանքն իր զիգզագներով՝ սովետից կապիտալիզմ, սովետական համայնական մտածողությունից անկախություն, անցավ այս մարդկանց սրտի միջով։ Հատկապես պատերազմը խառնեց շատերի խաղաթղթերը. «երիտասարդ արվեստագետ» կոչվածներից ոմանք դարձան պետական գործիչներ, ոմանք էլ շարունակեցին իրենց ծառայությունը մշակույթին։ Ցավոք, կյանքի հարվածներից տաղանդավոր մարդիկ եղան, որ չդիմացան, հեռացան կյանքից։ Շարունակողներն էլ իրենց ներդրումն ունեցան մեր մշակույթի տարածմանը։
Ես շատերի հետ կապված եմ։ Եվ ինչ լինում է՝ տխուր կամ ուրախ, իմ սրտում արձագանքվում է՝ այս մասին գրեմ թե չգրեմ, մշտապես ներքին աշխարհում զրույցների մեջ եմ։ Մի քանի օր առաջ լուր առա, որ հիվանդանոցում է տաղանդավոր կինոգետ, արձակագիր, դրամատուրգ, էսսեիստ Դավիթ Մուրադյանը, որի հետ մենք աշխատել, ճանապարհ ենք անցել։ Երբ զանգահարեցի նրան, հիվանդանոցում էր և որոշակի հաղթահարել էր սրտի տագնապը։ Իհարկե, երբ մենք խոսում ենք իրար հետ, չենք կարող խոսքամեջ ինչ-որ հումոր չանել. դա էլ է սերնդային հիվանդություն։ Եվ նա ինձ տեղեկացրեց, որ այդ ժամին նույն հիվանդությամբ բուժվում է հայտնի կինոռեժիսոր, կինոմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։ Իբրև մի հարվածը քիչ էր, ես երկրորդն ստացա, վերջերս էր լրացել Հարութի 70-ամյակը։ Հիշում եմ նրա առաջին վավերագրական ֆիլմը՝ հայտնի սուզալողորդ Շավարշ Կարապետյանի մասին, որը Երևանյան լիճ ընկած տրոլեյբուսից փրկել էր բազմաթիվ մարդկանց։ Ֆիլմը ցուցադրվեց դիլիջանյան հավաքի ժամանակ և բարձր գնահատվեց, ապա նրա «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» վավերագրական ֆիլմերը, որոնք արժանացան Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակի։ Իր արժեքով դա երկրորդ մրցանակն էր Հայաստանում։ «Կոնդ»-ն ինչպես նկարահանել էր, այդպես էլ հիմա կա։ Ցավոք, ֆիլմը չկարողացավ Կոնդի ճակատագիրը քաղաքաշինական գեղեցիկ ավարտի հասցնել։ «Սպիտակ քաղաք»-ն էլ Ախալքալաքի մասին էր, հուզիչ, Ջավախքի որդու հուզիչ պատմություն էր։ Հետո այլ ֆիլմեր. Ջիվանու մասին, որի արձանը Երևանից մինչև Կարծախ հասցնելը դիտողների սրտերում հնչեցնում էր մեծ գուսանի երգերը, հետո «Սահման» ֆիլմը և այլն, մինչև այսօր…
Փետրվարի 9-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում նշվեց Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակը, և այդտեղ գանձացի պատգամավոր Շիրակ Թորոսյանը տեղեկացրեց, որ Տերյանի մասին ֆիլմ է ստեղծվելու, որը հանձն է առել նկարահանել Հարություն Խաչատրյանը։ Մտովի ընկա ապագա ֆիլմի տեսլական կադրերի մեջ և շատ ցանկացա՝ ֆիլմը դառնա Հարութի լավագույն հաջողություններից մեկը։
Սիրելի Հարութ ջան, քո ջանքերով «Ոսկե ծիրան»-ը կինոաշխարհում դարձավ հայկական կարևոր ներդրում։ Քեզ ճանաչելով՝ պիտի ասեմ. այնքան թեթև ես տանում ամեն դժավարություն, որ թվում է՝ ֆիլմերն իրենք իրենց են ծնվում։
Շնորհավորելով 70-ամյակդ՝ հավատում եմ՝ նույն թեթևությամբ կկրես ամեն ցավ ու տագնապ, և Վահան Տերյանի մասին ֆիլմը մեր հոգում կհնչեցնի «Մի՞թե վերջին պոետն եմ ես» հանճարեղ բանաստեղծությունը, բայց ավելացնելով՝ չէ՛, մեծ բանաստեղծ, ընթանում է հայ ժողովրդի մշակութային կյանքը՝ ցանկալի, դժվար, մաքառման հունով, որի մեջ տրոփում են մեր սերնդի տղերքի սրտերը…
…մինչև նոր հանդիպում…