ՄԵՐ ՄԻՏՔԸ
ՄԵՐ ՄԻՏՔԸ
Ես երևի դեռ մանուկ եմ ու չեմ ուզում լսել՝
Հայի վերջին խելքը, ապա՝ մեր վերջը ի՞նչ է լինելու։
Ես երևի մանուկ եմ ու ինձ հմայում է՝
Հայի սկզբի խելքը, ապա՝ մեր ընթացքն ի՞նչ է լինելու։
Մենք մեզ կալել-կապել ենք մեր մասին կաղապարներով
Եվ չհոգնելով կրկնում ենք՝ դանակը ոսկորին հասավ,
Ապա՝ համբերության բաժակը լցվեց և այլն։
Մի՞թե մենք Ռոդենի «Մտածողի» դիրքով պիտի նստենք ու կրկնենք նույնը բոլորով ու մեզ գցենք անհուսության սահմանային վիճակի, կամ խենթի պես կանգնենք փոթորկի դեմ-հանդիման։
Մեր ճարտարապետությունը, Թումանյանի քառյակները չե՞ն խոսում ոսկե հատույթի, ոսկե միջինի կամ մեր այբուբենի թվային տիեզերական ներդաշնակության մասին։
Մի՞թե մենք չենք ժառանգորդը գողթան երգերի, էպոսի, Համբարձումյանի ու Գուրզադյանի կոսմիկական ըմբռնումների։
Նրանցից երբեք չենք լսել վերջավորի մասին։
Հայի միտքը մոտեցրել են անվերջին։
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Հ.Գ. – Հարգելի քաղաքական գործիչներ, այսօր, այս դժվարին ժամին հիշեք՝ ապագան ձեր այս պահի քայլից է սկսվում, շախմատում վիճակ կա, երբ միակ քայլերն են տանում դրական լուծման։ Երբեմն դրանք պարզունակ, իսկ երբեմն դժվար գտնելիք քայլեր են։
Գտեք այդ քայլերը մենակ կամ ընդհանուր։
Դուք ձեզնից վեր թռչելու ժամին եք հասել։
Չարենցն էլ հորդորում է իր վերից՝ միասնությո՛ւն։