ՄԵՆՔ ՈՒՆԵ՞ՆՔ ԿՇԵՌՔ ՆԺԱՐԵԼՈՒ ՄԵՐ ՍԽԱԼՄՈՒՆՔՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՆՔ ՈՒՆԵ՞ՆՔ ԿՇԵՌՔ ՆԺԱՐԵԼՈՒ ՄԵՐ ՍԽԱԼՄՈՒՆՔՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մենք համառորեն ճշմարտություն ենք վաճառում (պատմական, ներկա իրադարձությունների, աշխարհաքաղաքական և այլն), փորձում ենք համոզել աշխարհի հզոր կազմակերպություններին ու երկրներին 1915 թվի ողբերգական ցեղասպանության ծրագրի շարունակման մի մասը ներկա է Լեռնային Ղարաբաղում (հայերի համար՝ Արցախ) հավատալով, թե մեզ կըմբռնեն, դիմում ենք ՄԱԿ-ին, ԵՄ-ին, Ռուսաստանին, Ամերիկային, դատարաններին, կան վճիռներ ու համաձայնագրեր, կան ռուսական խաղաղապահներ ու եվրոպական դիտորդներ, սակայն այդ ամենից հետո Բաքուն առավել ուժգին է փակում Լաչինի միջանցքը, Հայաստանին կապող միակ ճանապարհը, կամ երբեմն թույլ է տալիս Կարմիր խաչի մեքենաներով հիվանդների տեղափոխել և մեկ էլ, այդ ավտոներից բռնի առևանգում է հիվանդ մարդու, խեղճ Կարմիր խաչի բժիշկները ձեռքները վեր են բարձրացնում և անճարակ քրթմնջում, թե նայեք ռուս խաղաղապահներին, նրանք էլ են քրթմնջում՝ զենքերը ամոթից պահելով մեջքների ետևում՝ մենք ախր խաղաղապահ ենք, խաղաղություն ենք պահում։ Վերջերս էլ երեք երիտասարդ մարզիկի են առևանգել հենց խաղաղապահների ուղեկցությամբ անցակետ հասած, այս խաղաղապահները ո՞նց ասեն, որ դիմածների ցուցակներն են հանձնում նախապես ըստ պայմանավորվածության, իսկ ազերիներն էլ արագ սոց. ցանցերից, նկարահանումներից, անցյալ ու ներկա տվյալներից արագ կազմում են մեղադրանքների գործեր և առևանգում։
Ահա այսպես Արցախի ողջ բնակչության վրա նախապես, կարծում եմ, սև ցուցակներ են կազմել և հերթով կպատժեն նախկին ու 44-օրյա պատերազմների մասնակիցներին, իրենց համար վտանգավոր թվացած հասարական, քաղաքական գործիչներին և նաև նորածին մանուկներին, սրանք խախտել են սովի պարագայում չծնվելու պայմանները և փորձել են դեմոգրաֆիկ վիճակը թեքել ի նպաստ հայերի։ Այսպիսի վիճակում պնդել, թե արցախցիներ ու ազերիներ, նստեք ուղղակի բանակցությունների, ասողները՝ լուրջ միջազգային դեմքեր, իսկ պատկերացնո՞ւմ են առանց միջազգային հսկման մեխանիզմների ի՞նչ կարող է պատահել՝ հայ մասնակիցների առևանգում Ադրբեջանի սահմանը խախտելու համար (եթե բանակցությունը տեղի ունենա նրանց տարածքում)։ Ահա այս խեղճ միջազգային դեմքերը՝ և՛ ռուսներ, և՛ ամերիկացի ու եվրոպացի, հետո ձեռքները կլվանան պիղատոսավարի ու կմրմնջան՝ ո՞վ կսպասեր նման դեմոկրատիայի և մարդու իրավունքների խախտման։ Շարլ Միշելն էլ մեծահոգաբար Աղդամի ճամփեն է առաջարկում բացել Լաչինին հավասար կամ փոխարինող։ Այս ընթացքում Փարիզի քաղաքապետ Անն Իզալգոն է հումանիտար բեռներով, Ֆրանսիայի այլ քաղաքապետերի հետ սպասում Կոռնիձորում, և հոխորտում են ու մատ թափ տալիս Լաչինը փակածների կողմը։ Եվրաներկայացուցիչ Կասպրչիկն է հեռադիտակով ուսումնասիրում, երևի եվրոպական առաքելությունից է 5 րոպեով խնդրել։ Եվ նոր-նոր պիտի պարզի էս ինը ամիս փակվածը իսկապե՞ս փակված է։ Ռուսաստանի ԱԳ խոսնակն էլ մյուս կողմից է հոխորտում, մերն էլ նեղսրտած ու վճռական այս կողմից է բացատրում, մանրամասնում իրավիճակի ընթացքը։ Չմոռանանք Ֆրանսիային շնորհակա-լություն հայտնել հետևողական և անզոր ջանքերի համար։ Ռուսներն էլ զայրանում են, թե մեր դեմ է, Կովկասից մեզ քշելու համար է Մակրոնը և Արևմուտքը ջանադիր։
Եվ տեսեք ո՞ւմ և ինչպե՞ս ենք վաճառում մեր ճշմարտությունը։ Մեր հավատացած ու սիրած աշխարհ կոչվածը լրիվ բացում է իր դիմակը, ծուռ և անկար ժպտում է, թե էլ ի՞նչ անենք, որ տեսնեք՝ մեր դարդը Ուկրաինան է, մեր թշնամին՝ Ռուսաստանն ու Չինաստանը, էդ փոքր Լեռնային Ղարաբաղը թող նստի իր դահճի հետ բանակցելու։ Ապա ծուռ ժպիտի մեջ հասկանանք, ասվում է՝ ճշմարտությունից զատ. կարևոր բա՞ն կա վաճառքի կամ… Ռուսաստանն էլ կռվի մեջ խրված՝ զայրացած նայում է մեր պահանջներին, ու էլի մեղավորը մենք ենք, որ Բաքուն օգնում է Ուկրաինային։
Այսքանից հետո ինձ մի հարց է ժանգոտ մեխով ծակում՝ մեզ պե՞տք է ճշմարտություն, մենք մեզ համար նժարե՞լ ենք մեր սխալն ու ճշմարտությունը։
Ամեն ժողովուրդ չէ, որ երազում է իր սխալները ճանաչել, ինքնագիտակցել ու նույն փոցխի վրա նույն ոտքը չդնել։ Ճիշտն ասած, սա ժողովրդին վերագրելը այնքան էլ բանական չէ, սխալների քննությունը ժողովրդի զարգացած, տաղանդավոր, աշխարհի վերուվարը, մեր անցած ճանապարհը մանրազնին զգեցած ու վերլուծած անհատների տիրույթն է։ Իհարկե, մենք ունեցել և ունենք այդպիսի մտածողներ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ սփյուռքում, սակայն փաստ է նաև, որ նման դեմքերի անցյալում հալածել են նրանց հակառակորդները, որոշակի քաղաքականացված կամ զայրագին զանգվածներ։ Վիճաբանության նոր ալիք չբարձրացնելու համար չթվարկեմ անուններ։ Այո, մարդիկ հաճույքով չեն լսում իրենց սխալների մասին։ Յուրաքանչյուրն ինքն իր հոգում պիտի գտնի բարդ ճանապարհը, երկրի քաղաքական էլիտան, դիվանագիտական ու պաշտոնական այրերը, գիտական մասնագիտական ինստիտուտներն ու տակտիկական ու ստրատեգիական հարցերով զբաղվող կենտրոններն առաջարկեն տարբերակային զարգացումների ծրագրեր, և միացյալ ժողովուրդը ճշգրիտ պատմական բնազդով ու մտավոր փորձով անցնի խոչ ու խութերը։ Հուզական ժողովուրդ լինելով, հաճախ պաթետիկ, ոչ իրական լիցքով գաղափարների ազդեցության մամլիչի տակ պոռթկում ենք, հուսավառությունից կտրուկ ընկնում անհուսության մեջ։ Այնքան ենք հավատացել կախարդանքով հմայող բառերի ոլորտին՝ աշխարհը մեզ կսիրի, չի պաշտպանում, անտարբեր է, շահասեր և այլն։ Իսկ ո՞րն է մեր ասած «Աշխարհը», անորոշ է՝ Ամերիկան, Ռուսաստանը, Եվրոպան, Աֆրիկան, Չինաստանը, Պարսկաստանը, գուցե Չիլին կամ Ավստրալիան։ Այս վիրտուալ Աշխարհը ոչ մի ժողովրդի էլ ոչ սիրել է, ոչ ատել։ Դա արել են առանձին երկրներ, միացյալ պետությունների միություններ կամ ռազմականացված կառույցներ, այն էլ՝ իրենց շահերի համաձայն։ Այդպես եղել է, այդպես կլինի։
Յուրաքանչյուր պետություն իր ճկուն դիվանագիտությամբ, ռեալ ժամանակի ուժային քարտեզի վերլուծությամբ ուղղորդում է իր երկիրը՝ որոշակի անվտանգային միության ու ռազմական կազմակերպությունների, միությունների մեջ լինելով։ Եվ, իհարկե, անվերջ չտատանվելով, հրվելով, առաջնորդվելով ամեն տեսակի ուժերի ազդեցությունից։ Այո, կան դժվար ընտրության ժամանակներ, սակայն հստակ և հիմնավոր երաշխիքներով, և ոչ պատրանքային, մոտավոր հաշվարկներով ու կտրուկ ցնցումներով։ Այո, կան ճգնաժամային ճակատագրական ժամանակներ, ժամեր, երբ ստույգ որոշակիություն է պահանջվում։
Այս պարագայում քրիստոնեական աշխարհին աչք ածելն անհեռանկար է, քանզի կրոնական պատկանելության նույնականությունը երաշխիք չէ հակամարտությունների ընթացքում։ Ճիշտ է, երբեմն խաղարկվում է արնակցությունը, դավանանքը, հավատամքը, բայց ներկա ժամանակում եղբայր ու կրոնակից երկրներ հոշոտում են միմյանց՝ Ռուսաստան-Ուկրաինա։
Եվրոպական որոշ երկրներում վաճառվում են քրիստոնեական տաճարներ, որքան հիշում եմ Հռոմի Բարուղիմեոս պապը առաջարկել էր Եվրամիության անվան մեջ ավելացնել «քրիստոնեական» որոշիչը, սակայն հենց Եվրոպայի ազդեցիկ երկրների ղեկավարներ դեմ եղան։ Այնպես որ մեր նկարագրի մեջ ամրակայված հավատն առ Եվրոպայի քրիստոնեական եղբայրակցություն, մշտապես անարդյունք է եղել։
Ցարական Ռուսաստանի աշխարհանվաճ առաքելության մեջ շեշտվել է քրիստոնեական փրչության հակում։ Փրկել՝ վերածելով իրենց հպատակի։ Հասկանալի է՝ մեծ երկիր, մեծ նպատակներ, ծովեր, օվկիանոսներ… Մինչև ՍՍՀՄ-ի աթեիզմ։
Հայոց ցեղասպանությունից հետո մեր պատմական փորձն ապացույց է՝ մահմեդական երկրներում հայերն ավելի ինքնուրույն էին ու հայապահպան գործում հաջողեցին, քան հավատակից երկրներում, որտեղ ձուլման վտանգը առավել շոշափելի էր և է։
Շուրջ երկու հարյուր տարի մեր ժողովրդի մի մեծ հատված եղել է ռուսական տիրապետության ներքո։ Սովետական տարիներին գերակա էր մեծ եղբոր անունն ու դերը։ Առաջին հանրապետության ժամանակ մեր անկախությունը խարխափեց Արևմուտք-Թուրքիա-բոլշևիկյան Ռուսաստան եռանկյունու մեջտեղում։ Մինչև Թուրքիան իր ուզածը խլեց Ռուսաստանին խաբելով, Արևմուտքն էլ հասկացրեց՝ ձեր վիհը 20 մետր է, մեր գերանը՝ 15 մետր, մեր նավերն էլ ձեր լեռները չեն բարձրանա։ Բոլշևիկյան Ռուսաստանն էլ Կովկասը չէր թողնի այլ երկրների ազդեցության տակ՝ մտան իրենց ցարական կայսրության տարածքները, միավորեցին մի սահմանի մեջ, ներսում (ազգային հիմքով ձևավորեց այնպիսի քարտեզ, որ ուզած պահի միջամտեն կամ կռիվ գցեն քանոնով գծած սահմանների փոփոխման համար։ Նախիջևան, Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա, Հյուսիսային և Հարավային Օսեթիաներ և այլն։ Այս միջամտության մեթոդը գործեց նաև ԱՊՀ երկրների հարաբերությունների սրման իրավիճակում։ Արևմուտքի մագնիսը ձգել էր Մերձբալթյան պետությունները։ Թուրքիան իր թուրանական ծրագիրն էր ձևավորում Ադրբեջան և Միջին Ասիա միասնականացնելու որոշումով։
Արևմուտքի և Ռուսաստանի միջև Ուկրաինան դարձավ կռվախնձոր։ Մեր պատմության գրքերից քաջածանոթ է այս «կռվախնձոր» բառը։ Անվերջ երկու քարի արանքում, ինչպես անցնել, որ չնմանվենք խոշտանգված ու կորուստներ կրող հայրենիքի։
Ուկրաինայի ներկա իրողությունը առարկայական ասում է՝ չպետք է ընկնել մեծ պետությունների աշխարհաքաղաքական խաղերի մեջտեղում, չպետք է վերածվել ռազմադաշտի, տարբեր երկրների փորձադաշտի։ Նամանավանդ հիմա, երբ Ռուսաստանը մկանները ձգած պայքարի մեջ է Արևմուտքի դեմ և Ուկրաինան է Արևմուտքի ուշադրության կենտրոնը։
Թուրքիան վարպետորեն խաղում է երկու լարի վրա, շահերն է առաջ տանում, ձեռքի հետ Ադրբեջանին միացնում ռազմական ու քաղաքական ընդհանուր ծրագրերին, որոնց վերևում ՆԱՏՕ-ի դիրիժորական փայտիկը պիտի որ գործի։ Նրանք Ռուսաստանի հետ շահեկան առևտրի վիճակում են։ Չմանրամասնենք։ Բայց ըստ Պուտինի խոսնակ Պեսկովի՝ միշտ իրենց մտքում է Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելը։
Ո՞ր է մեր անվտանգության բարձիկը, ՀԱՊԿ-ը մեզ նեղացրել է, մենք էլ խռովկան երես ենք թեքում, ո՞ւր, ՆԱՏՕ-ն էլ իր անդամության թեկնածուներին է կոնֆետ ցույց տալիս ու թաքցնում ետևում, ինչպես Ուկրաինայի պարագայում։ Երաշխիքները որտե՞ղ են մեր խաղաղ կամ բանակով պատերազմելով ապրելու։ Տեսնում ենք միջազգային կառույցների անճարակությունը, իրենց վճիռներն իսկ չեն կարողանում կամ չեն ուզում պարտադրել Բաքվին (մեջքին Թուրքիան է)։ Ռուսներից էլ մերթ դժգոհելով, մերթ ԵԱՏՄ-ին գովելով, ՀԱՊԿ-ին բշտելով, ՆԱՏՕ-ին մի թեթև գործակցելով մինչև ո՞ւր, անկանխատեսելի Արևմուտք, Արևելք, Ամերիկա ու Ռուսաստան և վերևում օդ, որ բաց է անօդաչու թռչող գիսաստղերի ու սարքերի դեմ։ Որտե՞ղ են մեր խաղերի ու շահերի սահմանները, արդյոք կարո՞ղ ենք ռեալ պոլիտիկով ռեալ ներկան պահել կայուն գիշատչական կրքերով եռացող այս ժամանակում, տարածաշրջանում և աշխարհում։
Աշխարհ, որն արագ փոփոխվում է, նոր խմբավարումներ, նոր ծրագրեր, նոր հակամարտություններ։ Մեր առջև դժվար, բայց ոչ անհաղթահարելի ջունգլի է՝ ոմանց համար՝ դրախտ տանող, ոմանց համար՝ դժոխք։ Բայց ամենաճիշտը վանեցու խոսքն է՝ զգուշությունը լավ բան է։ Սա վախկոտություն չէ, ժողովրդի, երկրի ճակատագրի հրամայականն է՝ տասը չափի, մեկ կտրի։ Ասվում է և՛ խիզախին, և՛ վախկոտին, և՛ ընդդիմադիրներին, և՛, հատկապես, երկրի բախտը որոշողներին` պաշտոնյաներին։ Իսկ եթե բոլորով փորձեն իրենց մկրատները մի կողմ դնեն, միասնականը գտնեն ու չափեն, ու կտրեն։
Երանի մի օր թռչունների երամի բնազդն ունենանք՝ ճիշտ ուղին դեմներս բաց։
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ