«Մեծ երջանկություն է լինել գրականության մեջ»

Մարտի 3-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ պոեզիայի երեկո` նվիրված Խաչիկ Մանուկյանի ծննդյան 50-ամյակին: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, բացելով պոեզիայի երեկոն, շնորհավորեց ներկաներին Գրողների միջազգային օրվա առիթով: Ապա Խ. Մանուկյանին բնութագրելով իբրև ուրույն ձեռագիր ուեցող բանաստեղծի, նշեց, որ 25-30 տարի առաջ բոլորը գուրգուրանքով ու հարգանքով խոստումնալից պատանու մուտքն էին ապահովում, պաշտպանում նրա պոեզիան, և փաստեց, որ տարիներ անց բազմաթիվ գրքեր հրատարակելով` Խ. Մանուկյանը հաստատեց այդ հավատը: Ըստ ՀԳՄ նախագահի` բանաստեղծը, ապրելով մի ժամանակի մեջ, հնարավոր չէ, որ այդ ժամանակի ջիղը իր մեջ չզգա: «Խաչիկի պարագայում պիտի ասեմ, որ հենց այդ ջիղը կա, և՛ դժվարությունները, և՛ լարումները, և՛ մարդկային հոգեբանության խորխորատները»,- ասաց նա և Խաչիկ Մանուկյանին ծննդյան 50-ամյակի առիթով ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պարգևատրեց պատվոգրով ու Գրիգոր Նարեկացու անվան մեդալով` արդի հայ պոեզիայում ունեցած վաստակի համար: Գրականագետ Դավիթ Գասպարյանը, գնահատելով Խ. Մանուկյանի ստեղծագործությունը, նրա գրական ներկայությունը, ընդգծեց բանաստեղծի արդար, ճիշտ խոսք ասելու, ժամանակին ոչ թե համընթաց, այլ ժամանակին դեմ քայլելու հանդգնությունը: «Ինձ հիացնում է քո դիրքորոշումը, քո ներքին այս կռվազան պահվածքը, որ նաև իր մեջ կռիվ ունի, դժգոհություն, ցավ ունի, և այդ ամենը ոչ թե թաքուն, մեկուսի, այլ գրի, ասածի մեջ: Ինձ հիացնում է քո խորը մտածողությունը ապրածդ ժամանակի մասին»,- ասաց Դ. Գասպարյանը: «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը Խ. Մանուկյանին համեմատեց Վ. Տերյանի հետ. «Նա էլ Տերյանի նման է, հայրենապաշտ է և մարտահրավերներ ընդունող, տերյանական կեցվածքով»: Խաչիկ Մանուկյան բանաստեղծի և մարդկային նկարագրի մասին խոսեցին Ներսես Աթաբեկյանը, Մերուժան Հարությունյանը, Շանթ Մկրտչյանը` կարդալով նաև իրենց բանաստեղծություններից: Խաչիկ Մանուկյանի բանաստեղծությունները կարդացին Սարգիս Նաջարյանը, Ամիրան Գալստյանը: Այնուհետև ելույթ ունեցավ Խաչիկ Մանուկյանը. «Եթե փորձեմ վերջից գալ, ուրեմն` ժամանակ էր` անցավ, և հասկացա, որ էն ժամանակները էնքան էլ պոեզիայի ժամանակներ չէին: Մի առիթով հնչեցրի, որ մեռած փիլիսոփայության ժամանակներ են այսօր, որ մեռած խոսքով փորձում են կենդանություն հաղորդել: Էդպես չի լինելու: Կենդանի ապրող, ապրեցնող խոսքը պիտի զարթնեցնի: Մեռած բանը մահ է բերելու շուրջը, ապրեցնող խոսքը` կյանք: Եվ եթե ապրում ես և ստեղծագործում և հետո անցնում են տարիներ, տեսնում ես, որ քո անկախ երկրի վրա դու և քո ընկերները դառնում եք մի տեսակ ավելորդ, մտածում ես` հեռանաս, պարզվում է` չես կարող, որովհետև հրաշալի բժիշկներ կան, որոնք քո հրեշտակապարը հետաձգում են: Ուզում եմ գալ էն սկիզբը, որ իսկապես սերունդ էինք` Սիփան, Արտակ, Վահան, մեր մյուս ընկերներին: Հետաքրքիր էր կյանքը էդ միասնականության մեջ, որովհետև ապրում էինք կյանքը իրական: Ձև անելու ձևը չգիտեինք: Մենք ապրում էինք բանաստեղծությամբ, մենք զնգացնում էինք, մենք գիտեինք, որ էդտեղ կյանք կա, ապրեցնող ուժ կա, էդտեղ չկա մեռած փիլիսոփայություն: «Նրանց մահը տարավ, բա կյա՞նքը ինչքան տարավ մեր կողքից»,- ասել էր Սիփանը մի առիթով: Եվ իսկապես, նրանց, որ մահն էր տարել, այնուամենայնիվ, մեզ հետ մնացին, իսկ նրանց, ում կյանքը տարավ, այլևս մեզ հետ չէին, նրանք հեռացել էին, իրենք էլ իրենցը չէին»: Այնուհետև սրտի ջերմությամբ հիշեց վաղամեռիկ պոետներին` Արտակ Համբարձումյանին, Սամվել Զուլոյանին, Արտաշես Յայլոյանին, Վահան Վարդանյանին, Հրաչյա Բեյլերյանին, Արմեն Մարտիրոսյանին, արձակագիր Ռաֆայել Նահապետյանին. «Իսկապես նրանք գրողներ են, ու մենք պիտի օր նվիրենք նրանց, ապրենք իրենց ստեղծածով և էդ ստեղծածը վայելենք, որովհետև դա էն հարստությունն է, որը չի կորչում, եթե մենք այսօր չանենք, դրանք վաղը հնչելու են, դրանք արժեքներ են, որոնք ոչ մեկը չի կարող վերացնել: Ոչ մի ձև ո՛չ կյանք է առնելու, ո՛չ բանաստեղծություն, ո՛չ արժեք: Էությամբ պիտի կրես ինչ-որ մի բան, որ հետո ծնվի դրանից ինչ-որ մեկը: Հայերենը աշխարհի ամենահամով լեզուն է, և մենք բախտավոր ենք, որ հայ ենք ծնվել և էս լեզուն հնչեցնելով ապրում ենք, որովհետև էս լեզուն հնարավորություն է տալիս մարդկային բոլոր զգացմունքները, զգացողությունները և՛ զգալ, և՛ վերարտադրել, և՛ իրար փոխանցել: …Ուզում եմ ասել, որ մեծ երջանկություն է լինել գրականության մեջ, մեծ երջանկություն է Հ. Մաթևոսյանին ճանաչելը, շփվելը, իրեն լսելը, և պատմություններ կան, որ միայն ես գիտեմ ու պիտի գրառեմ, որովհետև նա ինձ համար մոլորակի մեծագույն գրողն էր, ոչ որպես հայ, որովհետև մարկեսյան գրականությունը, ուր մոգական ռեալիզմի մոգականությունը կար, Հ. Մաթևոսյանի մոտ բացարձակ ռեալիզմ է և էդ ռեալիզմի մեջ էդքան իրական, իսկապես շատ քչերը կարող են անել: Արժեքների տարածքները մենք սիրով ենք ճանաչել ու գիտենք: Իրական մի հմայք կա գրողների մեջ, բոլորի մեջ անխտիր, կա մի բան, որ չես կարողանում գտնել սովորական, ուրիշ մարդկանց մեջ: Քաղաքական գործիչները թող չվիրավորվեն, ես չեմ կարող էն արժեքը, ինչ գրողի մեջ եմ տեսնում, տեսնեմ իրենց մեջ: Միշտ զգացել եմ, որ մեր քաղաքական միտքը մեր գրական մտքից նահանջում է: Չգիտեմ էստեղ ինչ գործոն կա, եթե էդ նույն հայերն են էդ գրականությունը ստեղծում, բա ինչի՞ քաղաքականության մեջ էդքան հզոր չեն, չէ՞ որ նույն գենի կրողներն են…»: Պոեզիայի երեկոն վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը: