«Մարդու հետ խոսելու ամենաճշմարիտ տարածքը»

«Համազգային» հայ կրթական-մշակութային միությունն անցյալ տարի «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն էր հայտարարել: Արդյունքում մրցանակային գործերի հետ ստեղծվեց և ընթերցողների ու թատերագետների դատին հանձնվեց «13 պիես» ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 26-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի ճեմասրահում: Գիրքը կազմել և խմբագրել են Լիլիթ Գալստյանն ու Ֆելիքս Մելոյանը՝ ընդգրկելով 10 հեղինակների դրամատիկ ստեղծագործությունները: Շնորհանդեսը բացեց «Համազգային» հայ կրթական-մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը. «Մենք այն համոզումն ունեինք,- ասաց նա,- որ մեր հոգևոր-կենսական տարածքներում թատրոնի ունեցած դերակատարությունն ու ժառանգությունը բացառիկ է, և մեր ժամանակներում, երբ անկեղծությունն ու ճշմարտությունը հեռացած են իրականությունից, թատրոնը շարունակում է մարդու հետ խոսելու ամենաճշմարիտ տարածքը մնալ»: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ ամեն անգամ, երբ «Համազգայինից» հրավեր է ստանում, վստահ է, որ հոգևոր-մշակութային իրադարձություն է լինելու, ապա հավելեց. «Այս մրցանակաբաշխությունը շատ կարևոր է, քանի որ կապ ենք ստեղծում գրականության ու թատրոնի միջև: Այսօր ստեղծվում է այն, ինչը վաղը պետք է նպաստի մեր թատրոնի զարգացմանը»: Ժողովածուի վերաբերյալ իրենց վերաբերմունքն արտահայտեցին մրցանակաբաշխության ժյուրիի անդամներ` Հով. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ու գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Ժողովածուի գոյությունը բարձր գնահատեց նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Հուզիչ էր երկրորդ մրցնակակիր Սամվել Խալաթյանի ելույթը: «Համազգային» թատրոնի դերասանները հավաքվածներին ներկայացրին մի հատված առաջին մրցանակի արժանացած Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-շիդար» պիեսից: