Մանկության մոլորակում
Մանկության մոլորակում
Ապրիլի 4-ին Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ Մանկապատանեկան գրականության շաբաթի փակման հանդիսավոր արարողությունը:
Գրադարանի դաստիարակության բաժնի վարիչ Իսկուհի Ավետիսյանը, կարևորելով մանկական գրքերի դերը երեխաների բազմակողմանի դաստիարակության գործում, նշեց, որ գրողների ստեղծագործությունները սովորեցնում են լինել բարի, աշխատասեր, խիզախ ու համարձակ: «Մանկական գրքերը երեխաներին ծանոթացնում են շրջապատող աշխարհին, լավին ու վատին, բարուն ու չարին, հնարավորություն են տալիս խորհելու, գիտելիքներ ձեռք բերելու»,- ամփոփեց նա:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, դիմելով դպրոցականներին, շեշտեց, որ ամեն երեխա իր մեջ պիտի կրի մեծ երազանքներ և հենց այդպես հարթի իր ճանպարհը: «Վստահ եմ, որ դուք այն լավ մարդկանցից եք լինելու, ովքեր մեր ապագայի պատն են շարելու իրենց սրտի շաղախով»,- ասաց նա և հավելեց, որ յուրաքանչյուր գիրք ունի իր ճանապարհն ու իր նպատակը՝ մարդուն մարդ դարձնել: Ապա ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան ամենամյա՝ 2015 թ. մրցանակը (մանկական) հանձնեց բանաստեղծուհի Հռիփսիմէին՝ «Ուրախությունը, տխրությունը և հույսը» գրքի համար:
Բանաստեղծուհի Հռիփսիմէն խոստովանեց, որ հաճախ է լինում փոքրիկների մանկության մոլորակում, և այդ աշխարհն իրեն տանում է մաքրության դաշտ, որտեղ հետագայում գրվելու շատ հեքիաթներ կան: Անդրադառնալով մրցանակին՝ նա նշեց, որ այն իր համար պարտավորեցնող է և ստիպում է մոտենալ գրասեղանին ու ստեղծագործել մանուկների համար:
Ըստ «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Անուշ Վարդանյանի՝ անհատը հայրենասեր է դառնում լավ գիրք կարդալով: Բարձր գնահատելով ուսուցչի դերը հայ ժողովրդի պատմության մեջ՝ նա վստահեցրեց, որ Արցախյան ազատամարտում հաղթեց և այսօր էլ հաղթելու է ուսուցիչը: Ապա անդրադառնալով գրողների՝ մանուկ ընթերցողների հետ հանդիպումներին, Ա. Վարդանյանը նշեց, որ յուրաքանչյուր գրող համոզված է, որ հենց այնպես չի ձեռքը վերցնում գրիչը, ստեղծվում են այնպիսի գործեր, որոնց շնորհիվ երեխաները սիրելու են հայրենիքը:
Գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը խորհուրդ տվեց դասականներին ընթերցելով չմոռանալ նաև ժամանակակից գրողներին: Կարևորելով գրքի դերը մարդու կյանքում՝ նա ասաց. «Գիրքը միակ ընկերն է, որը ոչինչ չի պահանջում, չի վերցնում, այլ միայն տալիս է»:
Խնկո-Ապոր անվան գրադարանի հասցեին գնահատանքի խոսքեր ասացին ու երեխաների մեջ գրքի հանդեպ սերը վառ պահելու, ընթերցողների փոխանցած ոգևորության մասին ելույթ ունեցան և իրենց գործերից կարդացին մանկագիրներ Սուրեն Մուրադյանը, Սարգիս Կարեյանը, Սաթենիկ Ղազարյանը, Երվանդ Պետրոսյանը, Հռիփսիմէն: Գրադարանի ակտիվ ընթերցողները ներկայացրին գրողների ստեղծագործությունները: Հայկական ժողովրդական «Նուբար-նուբար» երգը կատարեց Փարաքարի երաժշտական դպրոցի սան Հրանուշ Տոնոյանը (դասատու՝ Լարիսա Ավետիսյան), Արամ Խաչատրյանի «Անտանտինո»-ն՝ նույն դպրոցի սան Անի Տոնոյանը (դասատու՝ Գոհար Թոքատլյան):