ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Մամուլի ասուլիս ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Մարտի 26-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և փաստաբան Լևոն Բաղդասարյանի մամուլի ասուլիսը՝ Հայաստանի գրողների միության անշարժ գույքերի սեփականության իրավունքի վիճարկման՝ ՀՀ դատախազության ներկայացրած հայցի թեմայով: Ասուլիսի նպատակն էր՝ անդրադառնալ մեկ տարի առաջ ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանին ՀԳՄ սեփականության վերաբերյալ ներկայացված հայցին: ՀՀ կառավարությունն, ըստ էության, նպատակ ունի պետականացնել ստեղծագործական միությունների շենքերը՝ հիմնվելով «ՀՀ պետական սեփականության մասին» 1990 թ. օրենքի վրա, ըստ  որի՝  ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը ՀՀ սեփականությունն է: Ստեղծագործական միություններին պատկանող գույքի հարցը դատարանը սկսել է քննել առանձին. ՀԳՄ Սևանի հանգստյան տան հարցը՝ նոյեմբերին, ՀԳՄ շենքի հարցը՝ հունվարին, Ծաղկաձորի ստեղծագործական տան հարցով եղել են երկու նախնական լսումներ, երրորդը՝ դատաքննության փուլը կլինի ապրիլի 2-ին:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց  ՀԳՄ շենքի, Ծաղկաձորի  և Սևանի ստեղծագործական տների սեփականության իրավունքի վիճարկման հարցով  ներկայացրած հայցի,  այդ  ուղղությամբ ՀԳՄ-ում կատարվող աշխատանքների, դատական նիստերին  ներկայացված փաստաթղթերի ու դատավարության ընթացքի մասին: Նա նշեց. «Մասնակցելով դատարաններում այդ քննություններին՝ ես եկա մի համոզման, որ ՀՀ դատախազության ներկայացուցիչը որոշակի փաստեր կիսատ-պռատ է ներկայացնում, բայց երբ որոշումներին ծանոթանում ես, տեսնում ես, որ այլ պատկեր է: Օրինակ, ՀԳՄ շենքի վերաբերյալ 1952թ.-ի Երևանի քաղխորհրդի որոշումից ընթերցվեց, որ Բաղրամյան 3-ի շենքը եղել է բնակելի և իբր ապրել են այլ բնակիչներ, այնինչ  շենքը հատուկ կառուցվել է գրողների համար և քաղխորհրդի 1952թ.-ի փետրվարի 29-ի  որոշմամբ տրվել է Հայաստանի խորհրդային գրողների միությանը: Այդ ժամանակվանից ի վեր այն պատկանել է Գրողների միությանը: Դատախազությունում հայտարարվեց, թե 1954 թ.-ից են գրողներ եկել այս շենք: Գրական թերթում տպագրված է այն մասին, որ շենքն արդեն 1951թ.-ից եղել է Գրողների միության շենք և նրա կառուցումն ավարտելու համար ներդրումներ է կատարել նաև Ավետիք Իսահակյանը: Մեր կազմակերպությունը հիմնադրվել է 1934 թ.-ին և տարիների ընթացքում ստեղծել է, ներդրումներ է արել: Մեկ այլ կարևոր խնդիր, որ չի դիտարկվում դատախազության կողմից: 1934 թ.-ին կազմավորվել է ԽՍՀՄ գրական ֆոնդը, որի մեջ նաև՝ Հայաստանի գրական ֆոնդը: Այդ ֆոնդը պետական չի եղել, գոյացել է այն ժամանակվա գրողների հոնորարներից, ինչպես նաև դասական գրողների գրքերի տպագրություններից: ՀԳՄ շենքի 4-րդ հարկը կառուցվել  է  այդ գրական ֆոնդի միջոցներով, լուծվել են գրողների կենցաղային հարցեր, տրվել է աշխատավարձ, աջակցություն է եղել նաև Սևանի ու Ծաղկաձորի ստեղծագործական տներին: Հայտարարվում է, թե Գրողների միությունը 1993 թ.-ին՝ դառնալով հասարակական կազմակերպություն, դարձել է  այլ կազմակերպություն, նախկինի հետ կապ չունի, այնինչ ՀԳՄ այդ ժամանակ ընդունված կանոնադրության 6-րդ կետում գրված է, որ  կառույցում են խմբագրություններ, դուստր ձեռնարկություններ և կազմակերպությունն ունեցել է նույն նախագահն ու նույն անդամները:  Մի՞թե սա իրավահաջորդի մասին չէ, այսինքն 1934 թ.-ին ստեղծված կառույցի: Ազգային ժողովը նախապատրաստում էր  հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, որի նախնական տարբերակին իրենց համաձայնությունն էին տվել գրողների, նկարիչների և մյուս միությունները և նրանում կար նաև սեփականության իրավունքի մասին՝ որ գույքը կարող է վաճառվել միայն անդամների 2/3-ի համաձայնության դեպքում:  Սակայն հետո՝ ԱԺ-ում մեր ներկայությամբ քննարկման ժամանակ պարզվեց, որ լուրջ փոփոխությունների է ենթարկվել. մենք առաջարկեցինք փոփոխել՝ առանց վաճառելու պայմանի: Հիմա ընդունվել է մի այլ նախագիծ, որը վերաբերում է մինչև 2005թ.-ը  սեփականության իրավունք ունեցող հասարակական կազմակերպություններին, ըստ որի՝ եթե որևէ անշարժ գույքի վաճառքի հարց լինի,  դա կարող է իրականացվել անդամների 2/3-ի համաձայնության դեպքում, սակայն նախագիծը պատրաստողներից մեկն հայտարարեց, թե օրենքը չի վերաբերում այն կազմակերպություններին, որոնց նկատմամբ դատական հայցեր են ներկայացված: Դա խտրական վերաբերմունք է երկու հասարակական կազմակերպությունների՝  Գրողների միության և Նկարիչների միության նկատմամբ, որոնց  նկատմամբ  դատախազությունը հայց է ներկայացրել, որը  կաֆկայական դատավարություն է հիշեցնում: Դատական հայցը ներկայացվել է  կադաստրի նկատմամբ:  ՀՀ կադաստրի կոմիտեից  պատասխան է ստացվել, որ գրողների սեփականության իրավունքն իրականացվել է այդ ժամանակի օրենսդրությանը համապատասխան»: Միլիտոնյանը նշեց նաև գրողների, տարբեր երկրներում բնակվող ՀԳՄ անդամների և Գրողների միության հետ այլ երկրների համագործակից կազմակերպությունների մասին, որոնք իրենց աջակցությունն են հայտնում ՀԳՄ-ին ու բողոքում կատարվող անօրինության դեմ:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը խոսեց ՀԳՄ շենքի սեփականության իրավունքի, ընթացող դատական նիստերի ու իրավական գործընթացների մասին, ներկայացրեց փաստական և իրավական հանգամանքները: Նա նշեց. «ԽՍՀՄ տարիներին գույքը եղել է պետական, բացառություն են կազմել գրողները: Նախորդ դարի 30-ական թվականներին, երբ հիմնադրվեցին գրողների միություններ տարբեր հանրապետություններում, բացառապես հոնորարներից են կառուցվել շենք-շինությունները և ֆիքսված են եղել ԽՍՀՄ տարիներին որպես Գրողների միության սեփականություն: ԽՍՀՄ փլուզումից հետո այն դարձավ Գրողների միության  սեփականություն: Դրանից  հետո ամեն 10-15 տարին մեկ Գրողների միությանը ցնցում են: Սկզբում ստեղծվեց այլ գրողների միություն և վերջիններս գտան, որ գույքը պիտի բաժանեն: Արդյունքում դատարանն օրինականորեն արձանագրեց, որ գույքը Հայաստանի գրողների միության սեփականաությունն է: Որոշ ժամանակ անց  որոշվեց, որ Գրողների միության պոլիկլինիկան պետք է վաճառվի երրորդ անձի: Աճուրդով վաճառեցին՝ որպես բիզնես-կենտրոն: Դատական պաշտպանության ժամանակ դատարանն արձանագրեց, որ դա պետական գույք չէ, որ վաճառվի, այլ՝ Գրողների միության սեփականությունը: Այս փուլում էլ ՀՀ կառավարությունը հանձնարարել է ՀՀ դատախազությանը՝ պարզել  հասարակական կազմակերպությունների սեփականության խնդիրը: ԱԺ ամբիոնից երկրի վարչապետը հայտարարեց, որ ծրագրի նպատակն այն է, որպեսզի չփոշիացվի ստեղծագործական միությունների գույքը և չօտարվի: Բայց, կառավարական այս հանձնարարականից հետո, Գրողների միությունն իր համագումարում արձանագրել է, որ ով էլ լինի  գրողների միության նախագահը և ովքեր էլ լինեն անդամները,  գրողների միության անշարժ գույքը ենթակա չէ օտարման, այսինքն՝ այն ծրագիրը, որ ցանկանում է իրականացնել կառավարությունը, գրողներն արձանագրել են իրենց համագումարում»:  Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ գործը քննվում է Վարչական դատավարության օրենսգրքի սահմաններում, ըստ որի՝ ներկայացված հայցը ժամկետանց է: Փաստաբանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ կապված հայցի վաղեմության ժամկետի հետ, ՀՀ վարչական դատարանն արձանագրել է դա և մերժել դատախազության հայցը ՀԳՄ շենքի կապակցությամբ, սակայն դատախազությունը բողոքարկել է վերադաս դատական ատյանին: ՀՀ վարչական դատարանը չի կարող ժամկետանց հայց քննել, սակայն, եթե, այնուամենայնիվ քննվի, բավական լուրջ հիմքեր և ապացույցներ կան, որոնց մի մասը միայն ներկայացվեց: Փաստաբանն արձանագրեց, որ դատախազության հայցապահանջը համարում է իրավազուրկ՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Այնուհետև Էդվարդ Միլիտոնյանն ու Լևոն Բաղդասարյանը պատասխանեցին լրագրողների հարցերին: