Մամլո ասուլիս` նվիրված մանկապատանեկան գրքի շաբաթին

Մամլո ասուլիս` նվիրված մանկապատանեկան  գրքի շաբաթին

Մարտի 25-ին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հրավիրած մամլո ասուլիսը Մանկապատանեկան  գրքի շաբաթի առիթով էր: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ տարիներ շարունակ Շաբաթի բացումը տեղի է ունեցել ՀՀ մարզերից մեկում, իսկ փակումը` Խնկո-Ապոր անվան գրադարանում: Այս տարի բացումը կլինի Վայքի մշակույթի տանը, իսկ փակումը` Խնկո-Ապոր, Ավ. Իսահակյանի անվան գրադարանների և ՀԳՄ-ի հետ համատեղ ՀԳՄ Մեծ դահլիճում` միաժամանակ նշելով մանկագիր Երվանդ Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը: Մանկագիրների հետ հանդիպումներ կլինեն նաև Ջերմուկում, Եղեգնաձորում, Շիրակի, Վանաձորի, Տավուշի գրական բաժանմունքներում, Երևանի և մարզերի դպրոցներում:

Հագեցած ծրագիր է պատրաստել Խնկո-Ապոր անվան գրադարանը` մանկական նոր գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումների շարք, վիկտորինա` նվիրված ֆրանսիական գրականությանը և այլն:

ՀԳՄ նախագահն ընդգծեց, որ ամեն տարի որոշակի քայլեր են արվում մանկական գրականության տպագրության ուղղությամբ, հրատարակվում են ժողովածուներ` հիմնականում պետական աջակցությամբ, և տարածվում են հանրապետության գրադարաններում, կազմակերպվում են շնորհանդեսներ, քննարկումներ: Էդ. Միլիտոնյանը կարևորեց դպրոցականների համար հրատարակվող թերթերն ու ամսագրերը` «Կանչը», «Աղբյուրը», «Ծիծեռնակը», «Լուսապսակը», «Խատուտիկը», դպրոցներում հասանելի դարձնելը` կամավոր բաժանորդագրության սկզբունքով:

Ըստ ՀԳՄ նախագահի` հիմնական մտահոգությունը մանկապատանեկան գրականության դաշտում երիտասարդ հեղինակների բացակայությունն է: Միաժամանակ նա փաստեց, որ գրողը որոշակի տարիք, կյանքի փորձառություն պիտի ունենա մանկապատանեկան գրականություն ստեղծելու համար, և հատկապես կարևորեց մանկական մտածողության խնդիրը: Ամփոփելով խոսքը` Էդ. Միլիտոնյանն ասաց. «Գրական աշխարհում փորձում ենք ավագների ու երիտասարդ սերնդի միջև ստեղծել այն մթնոլորտը, որի մեջ գրականություն կծնվի»:

«Կանչի» խմբագիր Վարուժան Մնացականյանը, գնահատելով Մանկապատանեկան գրքի շաբաթը վերականգնելու գործում Լ. Անանյանի դերը, նշեց, որ Շաբաթով չի ավարտվում երեխաների հանդիպումը գրականության հետ, միշտ էլ գրողների հետ հանդիպման տարբեր առիթներ լինում են: Եվ հավելեց, որ «Կանչը» իր հերթին նպաստում է գրողին ու գրականության դերն ու էությունը գնահատելուն, ընթերցանության խթանմանը: