«Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Վ.Վարդանյանին»

Փետրվարի 25-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ Վահան Վարդանյանի մահվան տարելիցին: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, բնութագրելով Վահան Վարդանյանին իբրև մտածող մարդու, շատ խորը, պարզ, ջինջ անձնավորության, նշեց, որ նրա տարբեր թեմաներով և ոճերով գրված գրքերը հասուն, խորը բանաստեղծի գործեր են, որոնց մեջ և՛ դասականության ռիթմը կա, և՛ ազատ տողերը: Նրա հավաստմամբ` 80-ականների սկզբից ավագ գրողները Վ. Վարդանյանին ընդունում էին որպես երիտասարդ խոստումնալից բանաստեղծի, ով տարիներ հետո իր գրքերով իսկապես հաստատեց դա: Բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանը, ով նաև վարում էր հուշ-ցերեկույթը, ներկայացրեց Վահան Վարդանյանին իբրև առանձնահատուկ մարդու և ինքնատիպ բանաստեղծի, ով թեև վաղ հեռացումին` ամբողջացրեց իր գրական կերպարը. «Նրա գրքերն ընթերցելիս տեսնում ես հասունություն, տեսնում ես մեծ ճանապարհ, որ կտրել-անցել է նա՝ հարուցելով մեր զարմանքը, թե ինչպես է կարողացել այդ կարճության, այդ սեղմության մեջ հասնել գրական սեղմության»: «Ինչքան պինդ էր իր սկզբունքների մեջ, այնքան փխրուն էր կյանքում»,- այսպես բնութագրեց Վ. Վարդանյանին Մերուժան Տեր-Գուլանյանը և արժևորեց «Նարցիս» գրական-մշակութային հանդեսի կայացման գործում ունեցած նրա դերը: Շանթ Մկրտչյանը խոսեց իր և Վ. Վարդանյանի ընկերության, ութ տարի անընդմեջ «Նարցիսում» միասին աշխատելու, ինչպես նաև տաղանդավոր գրողների, օժտված մարդկանց հանդեպ բանաստեղծի հոգատար վերաբերմունքի մասին: «Վահանին բնութագրել և հոգևոր խորությունները չտեսնել, նշանակում է Վահանի պոեզիայի և գրականության մասին համարյա ոչինչ չասել»,- հավելեց նա: Ըստ Արմեն Ավանեսյանի` Վ. Վարդանյանը գնում էր իր բանաստեղծու­թյունները սեղմելու ճանապարհով, որից թե՛ բառիմաստն էր ուժգնանում, թե՛ բանաստեղծության անմիջական ազդեցու­թյունն ու տպավորությունն էր մնում երկար ժամանակ: Ապա անդրադառնալով պիեսներին` ընդգծեց, որ նա բանա­ստեղծություններով է ստեղծել իր դրամատուրգիան: «Վահանը ծանրակշիռ խոսք ունի, շատերին հասանելի չէ, բայց պիտի օղակ-օղակ բացվի նրա խոսքը և տեղ հասնի»,- ասաց նա: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը Վ. Վարդանյանին համարեց տարածական մտածողություն ունեցող բանաստեղծ, մարդ, որ կարծես անցյալից եկել և ապագային է միտված: Ըստ Անուշ Վարդանյանի` Վ. Վար­դանյանի բանաստեղծությունների մեծագույն արժեքը գրողի բառագանձն է: Բանաստեղծի մասին հիշատակի և գնահատանքի խոսք ասացին նաև Կարեն Մկրտչյանը, Արտաշես Արամը և ուրիշներ: Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչեցին Վահան Վարդանյանի բանա­ստեղծությունները: