Հունվարի 24-ին ՝ ՀԳՄ -ում տեղի ունեցավ շախմատային հանդիպում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների և գրողների միջև


Հունվարի 24-ին ՝ ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ շախմատային հանդիպում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Շախմատասերի ջոկատ»-ի (3- 8-րդ դասարանի սովորողներ) և ժամանակակից շախմատասեր գրողների մասնակցությամբ։ Հանդիպումը կազմակերպել էին բանաստեղծուհի, կրթահամալիրի դասավանդող Քրիստինե Հովսեփյանը և կրթահամալիրի շախմատի դասավանդող Առնոլդ Միքայելյանը։ Սովորողները նախապես կարդացել էին Էդվարդ Միլիտոնյանի «Պատմության շախմատ, Շախմատի պատմություն» գիրքը և շատ հարցեր էին առանձնացրել։
ՀԳՄ Կլոր սրահում սեբաստացիներին ողջունեցին ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ, թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանը, բանաստեղծ Սերգեյ Վարոսյանը, բանաստեղծ և դրամատուրգ Սամվել Կոսյանը։
Հանդիպման սկզբում Էդվարդ Միլիտոնյանը սովորողների հետ զրուցեց շախմատի մասին , պատմեց հետաքրքիր պատմություններ իր շախմատային կյանքից և ընդգծեց շախմատային աշխարհընկալման կարևորության մասին․
«Շատ կարևոր է շախմատի հայացքով դիտարկել աշխարհը։ Շախմատի հայացքը բարդ հայացք է։ Ամեն ֆիգուր ունի իր նշանակությունը , կարևորությունը, ձևը։ Դու տեսնում ես, թե ամեն քայլից հետո դիրքը ոնց է փոխվում․․․ Մարդու ամեն քայլը պետք է մտածված լինի, պետք է գիտակցի, թե իր կատարած քայլից հետո որն է լինելու հաջորդ քայլը, այդ քայլից հետո էլ ՝ մյուսը․․․․ Այսինքն՝ մարդը միշտ պիտի հաշվարկի իր քայլերի հաջորդականությունը։ Հենց այնպես, անորոշ շարժումներով ու քայլերով թե՛ կյանքում, և թե՛ շախմատում չես հաջողի։ Այս իմաստով շախմատը մեծ նշանակություն ունի մարդու կյանքում, այն օգնում է հասկանալ, թե ինչպես պիտի ճիշտ քայլեր անել , ապրել օրը, ժամը, կյանքը․․․
Վստահ եմ ՝ եթե դուք ձեր ներսում, ձևավորեք ձեր մտքերն ու ցանկությունները, ապա անպայման դրանց հասնելու եք․․․Քանզի ձեր մեջ կա նաև ենթագիտակցություն, որը կարող է ձեզ ուժ տալ և ճիշտ ուղղորդել․․․»,- իր խոսքում նշեց էդվարդ Միլիտոնյանը։
Հետաքրքիր զրույց սկսվեց, գրողները սիրով պատասխանում էին սովորողների հարցերին։ Ջերմ ու սիրուն մթնոլորտ էր տիրում գրողների միության կլոր սրահում…
Սովորողները հարցազրույց ունեցան գրողների հետո, որից հետո սկսվեց երկար սպասված խաղը։ Բուռն խաղային վիճակ էր կլոր սրահում։ Բոլորը մտազբաղ էին, խաղով տարված, խաղում էին ինքնամոռաց ու մեծ հրճվանքով․․․
Սովորողները շախմատ էին խաղում նաև համակարգիչներով։ Օնլայն շախմատը նրանց սիրելի համակարգչային խաղերից է։ Երրորդ դասարանցի Դավիթը բանաստեղծ, թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանին պատմեց նաև օնլայն շախմատի մասին և ցույց տվեց, թե ինչպես է պետք այն խաղալ։ Բանաստեղծը սիրով նայում էր և հղում իրեն հետաքրքրող հարցերը․․․
Հանդիպման վերջում շախմատասեր գրողներն ու սովորողները միմյանց նվերներ փոխանցեցին։ Սովորողները նվիրեցին կոմիտասագետ, խազագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի հնգհատորյակը և Սեբաստացի գինի։ ՀԳՄ նախագահ Է․ Միլիտոնյանն էլ սովորողներին սիրով նվիրեց իր «Պատմության շախմատ, Շախմատի պատմություն» գիրքը։
Օրը հրաշալի էր և անմոռաց կմնա յուրաքաչյուրի սրտում, մտքում, հուշերում․․․