ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ

Դեկտեմբերի 16-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, մանկագիր Կորյուն Առաքելյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գրական երաժշտական ցերեկույթ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց նրա գրական վաստակի մասին, շնորհավորեց  հոբելյանի առթիվ ու  ստեղծագործական հաջողություններ մաղթեց: Էդ. Միլիտոնյանը Կորյուն Առաքելյանին  հանձնեց ՀԳՄ ուղերձն ու պատվոգիրը:  Ցերեկույթը վարում էին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Սամվել Բաղինյանը և բանասեր, ասմունքող Գայանե Անտինյանը:  Ցուցադրվեցին տեսանյութեր Կորյուն Առաքելյանի կյանքի ու գործունեության մասին: Նրա ստեղծագործությունների հիման վրա գրված իրենց երգերը կատարեցին երգահան Մարտին Ահարոնյանը, Մայա Աֆրիկյանը և Ռազմիկ Բաղդասարյանը: Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի Ստեֆանի Քոչարյանը կատարեց  ռոմանսներ՝  Կորյուն Առաքելյանի խոսքերով  և Էլեոնորա Հայրապետյանի երաժշտությամբ,  իսկ Կարեն Մշեցին՝ «Հրաշք լիներ» երգը՝ Սասուն Պասկևիչյանի երաժշտությամբ: 

Ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցավ  ՀԳՄ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնը՝ Սամվել Բաղինյանի ղեկավարությամբ:  Բանաստեղծություններ ընթերցեցին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուզաննա Հախնազարյանը և Սմբատ Ստեփանյանը: Տեսանյութով ցուցադրվեց Կորյուն Առաքելյանի խոսքերով Արամ Սաթյանի գրած «Հայրենիք իմ սուրբ» երգը՝  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ: Ավարտին Կորյուն Առաքելյանը շնորհակալություն հայտնեց հնչած գնահատանքի ու շնորհավորանքի համար, ասելով, որ այդ ամենն իրեն պարտավորեցնում է ավելի լավ ստեղծագործելու: