ՀՆԱՎԱՆԴ ՄՇԱԿՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ
ՀՆԱՎԱՆԴ ՄՇԱԿՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ
Պատանեկան տարիներիս ընկեր, հիպիի երկար, շեկ մազերով Սերգեյ Վարդանյան, դու գնացիր ու մեզ թողեցիր քո կայծլտուն հումորը, պայծառ ծիծաղն ու ժպիտը, նպատակասլաց մտահոգությունն ու տարօրինակ անցումներով մշակութային, գրական, հրապարակախոսական գործունեությունը։
Դու մտովի անցար հայոց պատմության բոլոր մայրաքաղաքների փոշեկոլոլ փողոցներով, բերդերի ու եկեղեցիների ստվերներով, քննախույզ հայացքով վեր հանեցիր պատմական շերտերի տակ թաքնվածը, հասար Երևանի քո շատ սիրած հրապարակները, սրճարանները, մշակութային օջախները և, տեսածն ու գունագեղ տեսիլքները համաձուլելով, հրատարակեցիր «Հայաստանի մայրաքաղաքները» շատ գնահատված ու տարածված գիրք-ալբոմը։
Ապա անսպասելի անցար համշենահայության պատմությանը, բնակության վայրերին, հասար Կիրգիզիա, Ռուսաստան, Վրաստան, Աբխազիա, Թուրքիա, ծանոթացար նրանց կյանքի դժվարություններին, նպատակներին, փորձեցիր Կիրգիզիայի համշենահայերին Հայաստան տեղափոխել և բնակեցնել Մեղրիի լեռնային գյուղերում։ Հիշում եմ, այդ գործին միացավ նաև Սերո Խանզադյանը։
88-ը եկավ ու մեր կյանքի ժամացույցի սլաքներն Արցախի ցավի ուղղությունը ցույց տվեցին։ Սիրելի Սերգեյ, դու լուռ կրելով ընդհանուր համահայկական մտասևեռումը, չմոռացար համշենցիներին, իհարկե մինչ այդ հասցրել էիր «Պիոներ կանչ» թերթում բանահավաքության մղել դպրոցականներին և որոշ ժամանակ անց հրատարակեցիր բանահյուսական նյութերով ժողովածու «Հրեղեն ձի» խորագրով։ Այդ ձիուն հեծած շարունակեցիր շրջագայել և ուսումնասիրել համշենահայության կյանքն ու գործը։ Հրատարակեցիր գրքեր, վերջերս քո հրաշալի կին Անահիտը ինձ բերեց «Աքսորված համշենցիների հետքերով» վերջին գիրքդ։ Երկար տարիներ խմբագրեցիր «Ձայն համշենական» թերթը։ Հրատարակեցիր քո արձակ ժողովածուները։
Նաև չմոռանամ ասել, պաշտոնավարել ես որպես ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահ։ Պաշտոնյայի փափուկ աթոռը քեզ չենթակայեց։ Դու նույն հումորով, գործին լծված և առանց ինքնության որևէ փոփոխմամբ։
Դու ինձ հիշեցնում էիր մեր հնավանդ մշակներին, այդպես էլ կմնաս ոչ թե իմ հիշողության մեջ, այլ կենդանի, ապրեցնող վարք ու բարքով։ Միշտ ժպտուն, մտահոգ, նոր նպատակներին ուղղորդված։
Անհոգ թվացող պատանեկությունից մինչև լիարժեք Մշակի չցուցանող դիրքում։
Ահա թե ինչու էինք բոլորս քեզ հարգում ու սիրում։ Որևէ մրցանակ լիարժեք չէր նշանավորում քո մեծ արարմունքը։
Քեզ տեսնելիս ու գործդ ընթերցելիս մեր սրտի բաբախն ու ջերմությունն էր քո անգնահատելի արժեքը։
Գնաս բարով, սիրելի եղբայր, և միշտ մնաս բարով։
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ