ՀՀ-ն արդյո՞ք պաշտպանում է մեր սեփականությունը
ՀՀ-ն արդյո՞ք պաշտպանում է մեր սեփականությունը
Հայաստանի գրողների միության անշարժ գույքերի վերաբերյալ դատական պրոցեսներին հայցվորը՝ ՀՀ դատախազության ներկայացուցիչը, մերթընդմերթ հնչեցնում է, որ ՀԳՄ ՀԿ-ն ՀՍՍՀ գրողների միության իրավահաջորդը չէ։
Պարզաբանելով նշվածը՝ պետք է ասել, որ լրիվ հակառակն է։ ՀԳՄ ՀԿ-ն հանդիսանում է Հայկական ՍՍՀ-ում գործած գրողների միության իրավահաջորդը, քանի որ ՀԳՄ-ն հանդիսանում է նախորդող Հայաստանի գրողների միության բազայի վրա գործող կազմակերպություն։ Գրողների միության կազմը (նախագահ՝ Վահագն Դավթյան)՝ իր անդամներով, դուստր-ձեռնարկություններով (Սևանի և Ծաղկաձորի ստեղծագործական տներ), խմբագրություններով, գույքով միասնական են ՀԳՄ ՀԿ-ում, որի հասցեն է, սկսած 1951 թ.-ից, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 3։ ՍՍՀՄ-ն այլևս գոյություն չուներ, իսկ ՀՍՍՀ գրողների միությունը չի լուծարվել, այլ վերակազմակերպվել է և վերանվանվել է անկախ Հայաստանի ՀԿ-ի։ ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի կողմից 1992 թ. հաստատված Կանոնադրության 6-րդ կետի համաձայն՝ «ՀԳՄ կառուցվածքում են Գրական ֆոնդը, Գրողների տունը, Գրականության պրոպագանդայի բյուրոն, «Գրական թերթ», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսների խմբագրությունները և դուստր ձեռնարկությունները, որոնք իրենց ստեղծագործական և ֆինանսական գործունեությամբ հաշվետու են Հայաստանի գրողների միությանը»։
Իսկ 7-րդ կետում նշված է՝
«Գրական ֆոնդի, Պրոպագանդայի բյուրոյի, ինչպես նաև դուստր ձեռնարկու-թյունների Կանոնադրությունները հաստատում է գրողների միության խորհուրդը։
Վերը թվարկած կազմակերպությունների ունեցվածքն ու դրամական միջոցները տնօրինում է Հայաստանի գրողների միությունը»։
Այսինքն՝ արդեն իսկ գոյություն ունեցող Գրական ֆոնդը, խմբագրությունները, դուստր ձեռնարկությունները, գույքը հանդիսացել են հիմք ՀԳՄ ՀԿ-ի համար։ ՀԳՄ ՀԿ-ն գրանցվել է 04.06.1993 թ. ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի թիվ 27/31 որոշմամբ։
10.07.2015 թ. հաստատված ՀԳՄ ՀԿ-ի Կանոնադրության 8.4 կետում նշված է. «Կազմակերպության սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո», որը կարծես թե խեղաթյուրվում է դատական տարբեր պրոցեսներում։
Հարց. ՀՀ-ն արդյո՞ք պաշտպանում է մեր սեփականությունը, թե՞ հակառակը։
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՀԳՄ նախագահ