ՀԳՄ նախագահության նիստը

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: Բացելով այն, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց ապագա գործունեության այն բոլոր մտահղացումներն ու ծրագրերը, որ կարճ ժամանակահատվածում մշակվել է տարբեր նախարարությունների և կազմակերպությունների հետ պայմանավորվածությունների և համատեղ քննարկումների արդյունքում: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև մի շարք հեռուստաընկերությունների հետ անցկացվելիք միջոցառումների բովանդակությունն ու նպատակները: Կլինեն տարբեր ձևաչափի նոր գրական-մշակութային հաղորդումներ, մրցանակաբաշխություններ, ստեղծագործական հանդիպումներ: Խնդրի շուրջ արտահայտվեցին և իրենց առաջարկություններ արեցին Հովիկ Վարդումյանը, Վառլեն Ալեքսանյանը, Ալիս Հովհաննիսյանը, Կարինե Խոդիկյանը: Այնուհետև Էդ. Միլիտոնյանն անդրադարձավ ՀԳՄ 80-ամյակի անցկացման նախապատրաստական աշխատանքներին: Նշեց, որ կազմվել է համապատասխան ծրագիր և ուղարկվել է ՀՀ մշակույթի նախարարություն: Ներկայացվեցին նաև 2014թ. նախատեսված ավանդական մյուս միջոցառումների (հոբելյաններ, համաժողովներ, թարգմանչաց տոն, պոեզիայի փառատոն և այլն) անցկացման հետ կապված խնդիրները: Համաձայն միջազգային կազմակերպության հայտարարած մրցության պայմանների, կազմվել և միջազգային կազմակերպությանն է ուղարկվել 7 կետանոց առաջարկությունների ծրագիր, որը ֆինանսավորվելու դեպքում էականորեն կօժանդակի ՀԳՄ ծրագրերի իրականացմանը: Նախագահությունը որոշեց հերթական գրական մարաթոնն անցկացնել եկող տարվա մարտ-ապրիլ ամիսներին: Այնուհետև նախագահությունը բաց քվեարկությամբ հաստատեց ,,21-րդ դար,, ու ,,Հրանտ և Մանուշակ Սիմոնյան,, մրցանակաբաշխությունների նոր հանձնաժողովների կազմը: Վերջում Էդ, Միլիտոնյանը տեղեկացրեց, որ ՀԳՄ երեք անդամներ դիմում են ներկայացրել իրենց անդամությունը դադարեցնելու խնդրանքով, ինչը յուրաքանչյուր ՀԳՄ անդամի կանոնադրական իրավունքն է: Տեղյակ պահվեց, որ այնուամենայնիվ , ՀԳՄ ղեկավարությունը զրուցել է դիմումատուների հետ` պարզաբանումներ ստանալու նպատակով: Որոշվեց այդ հարցին անդրադառնալ ամսվա վերջին կայանալիք նախագահության նիստում: