ՀԳՄ նախագահության նիստը

Մարտի 11-ին տեղի ունեցավ նախագահության նիստ, օրակարգում՝ ընթացիկ հարցեր, ՀԳՄ հրատարակչության և տպարանի հաշվետվություն, Պոեզիայի միջազգային փառատոնի կազմակերպչական հարցեր, ՀԳՄ 80-ամյա հոբելյանի տոնակատարություն, Օտարագիր գրողների հերթական համաժողովի հարցեր, հայտարարություն՝ ի պաշտպանություն Սևան Նշանյանի: ՀԳՄ հրատարակչության հաշվետվությամբ հանդես եկավ տնօրեն Բագրատ Ալեքյանը: Նա նշեց հրատարակչության ծանր վիճակը և կարծիք հայտնեց, որ պետական պատվերը կօգնի ֆինանսական վիճակը բարելավելուն: Հարցի շուրջ կարծիքներ հայտնեցին Արևշատ Ավագյանը, Սամվել Կոսյանը, Ալիս Հովհաննիսյանը, Ռուբեն Հովսեփյանը, Վառլեն Ալեքսանյանը: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը շեշտեց, որ հրատարակչությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի գրքի որակի, մրցակցության և մակարդակի չափանիշները բարձրացնելու և պահպանելու վրա: ՀԳՄ տպարանի կատարած աշխատանքներն ու խնդիրները ներկայացրեց Վիլյամ Պողոսյանը: Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց նախագահությանը ընթացիկ ծրագրերի, ՀԳՄ 80-ամյակի հոբելյանի նախապատրաստական, ՀԳՄ հիմնադրամի մարաթոնի կազմակերպչական, Համո Սահյանի 100-ամյա հոբելյանի աշխատանքների մասին: Նշեց, որ համագործակցում են տարբեր նախարարությունների հետ, և դրական պատասխաններն արդեն առկա են: Սևան Նշանյանի պաշտպանության հայտարարության տեքստը կարդաց Պետրոս Դեմիրճյանը, որը հավանության արժանացավ նախագահության կողմից: Մարտի 21-ին կնշվի Պոեզիայի միջազգային օրը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի առաջարկությամբ՝ այդ օրը կնվիրվի Համո Սահյանի 100-ամյակի տոնակատարությանը: Մանկապատանեկան գրքի շաբաթը կանցկացվի մարտի 27-ից ապրիլի 3-ը, բացումը կլինի Տավուշի մարզում, փակումը՝ Խնկո-Ապոր գրադարանում: ՀԳՄ 80-ամյա հոբելյանի տոնակատարությունը նախատեսվում է անցկացնել հունիսի 18-ին: