ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ

ՀԳՄ նախագահության նիստը

Փետրվարի 4-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստը: Ներկա էին նախագահության 25 անդամ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը  խոսեց ՀԳՄ շենքի, Ծաղկաձորի ստեղծագործական տան  և Սևանի ստեղծագործական տան սեփականության իրավունքի հարցով  ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանի ներկայացրած հայցադիմումի, տեղի ունեցած դատական նիստերի,  դատավարությունների  ընթացքի և այդ  ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Նա տեղեկացրեց  հունվարի 22-ին ՀԳՄ շենքի հարցով տեղի ունեցած առաջին դատական նիստի, ՀԳՄ նախագահության անդամների՝  այդ նիստին մասնակցության,  շենքի՝ ՀԳՄ-ին պատկանելության վերաբերյալ փաստաթղթերի և գրողների վկայությունների հավաքման ու փետրվարի 6-ին կայանալիք  երկրորդ  նիստին ներկայացնելու մասին: Էդ. Միլիտոնյանը նշեց նաև շենքի կառուցման ու գրողների կատարած ներդրումների մասին: Նիստի մասնակիցները հանդես եկան իրենց կարծիքներով, առաջարկություններով, ինչպես նաև դատերին մասնակցելու պատրաստակամությամբ:

Նախագահության նիստի օրակարգում էր ՀԳՄ  2024 թ. ամենամյա  մրցանակաբաշխության հարցը: ՀԳՄ նախագահության անդամներին տրվեց  մրցանակի ներկայացված հեղինակների ու 2024 թ. ընթացքում  նրանց հրատարակած գրքերի  ցանկն՝ ըստ անվանակարգերի: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում որոշվեցին մրցանակակիրները: Նախագահությունը շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխության  հովանավորներին՝ Նաթելլա Լալաբեկյանին, ԵԿՄ-ին, «Լոռի» հայրենակցական միությանը և Սերգո Երիցյանի ընտանիքին:

ՀԳՄ  նախագահության 2024 թ. ամենամյա  մրցանակաբաշխությՈՒնը

Մարտի 3-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ շնորհավորելով մրցանակակիր գրողներին, ասաց. «Այսօր գրողների համաշխարհային օրն է և որոշեցինք մեր ամենամյա մրցանակները հանձնել այս օրը՝ հաստատելով, որ մեր գրականության ընթացքը տարածական լայն դաշտեր է գրավում: Դրանք նպատակ ունեն ընթերցողներին ներկայացնել 2024թ. լույս տեսած գրքերը և նշանավորել գրականության ասպարեզում մեծ վաստակ ունեցող գրողներին: Մեր ժողովրդի ամբողջ պատմությունը հենված է մշակույթի վրա: Կցանկանանք, որ Գրողների միություն – պետականություն – հասարակություն հարաբերություններում առաջնայինը լինի ժողովրդի ոգու պատմությունը, որ ամփոփված է գրականության մեջ»:  Էդ. Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխության հովանավորներին՝ Նաթելլա Լալաբեկյանին, ԵԿՄ-ին, «Լոռի» հայրենակցական միությանը և Սերգո Երիցյանի ընտանիքին, այնուհետև մրցանակները հանձնեց գրողներին: Գրողները շնորհակալություն հայտնեցին իրենց ստեղծագործությունների արժևորման և  ստացած մրցանակների համար: Մրցանակներ շնորհվեցին.

Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (արձակ)

Ալիս Հովհաննիսյանին  «Աղաների դարը և հետոն» գրքի համար

Շանթ Մկրտչյանին  «Տունը երազի ափին» գրքի համար

Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա)

Գոհար Գալստյանին  «Բառ ընդ ժամանակս» գրքի համար

Գագիկ Սարոյանին  «Այլ» գրքի համար

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակագրություն)

Գագիկ Դավթյանին «Իմ Սևակը» (հուշեր, խոհեր) գրքի համար

Տիգրան Նիկողոսյանին  «Կյանքը բաց նամակներում» գրքի համար

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակ (թարգմանական գրականություն)

Գրիգոր Ջանիկյանին           Բեռնար Վերբեր «Հրեշտակների կայսրությունը»,

Մարգրիտ Դյուրաս «Ամբարտակ խաղաղականի դեմ»,

Էոժեն Իոնեսկո «Հերատ երգչուհին» գրքերի համար

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ (գրականագիտություն, գրաքննադատություն)

Մանասեին  «Թևածող անթարգմանելին» գրքի համար

Վախթանգ Անանյանի անվան մրցանակ (մանկական գրականություն)

Նանեին  «Թևթևիկը» գրքի համար

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակ

Աելիտա Դոլուխանյանին

Վազգեն Սարգսյանի անվան ՀԳՄ և ԵԿՄ մրցանակ

Ռոբերտ Եսայանին

Չարենցի անվան Ծաղկաձորի ստեղծագործական տան մրցանակ

Հակոբ Մովսեսին «Գրառումներ 4» գրքի համար

Արմենուհի Սիսյանին «Մեղեդին չի ավարտվում» գրքի համար

Ավետիք Իսահակյանի անվան Սևանի ստեղծագործական տան մրցանակ՝ «Վարպետ» անվամբ

Էդվարդ Միլիտոնյանին Ավետիք Իսահակյանին նվիրված շարքի, «Պատմության շախմատ» և «Ամենալավ նվերը» գրքերի համար (առանց մրցանակային գումարի):

Համահայկական գրական հիմնադրամի մրցանակ

Մհեր Իսրայելյանին «Երեք Ա-ի ինքնամոռաց արշավանքը» գրքի համար: