ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ
ՀԳՄ նախագահության նիստը
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստը: Ներկա էին նախագահության 28 անդամներ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց 2024 թ. կատարված աշխատանքների մասին: Նա անդրադարձավ իրականացված ծրագրերին, կազմակերպված մի շարք միջոցառումներին՝ նշելով, մասնավորապես, Ծաղկաձորի ստեղծագործական տանը անցկացված Երիտասարդական համաժողովի, մրցանակաբաշխությունների, Օշականում տեղի ունեցած ամենամյա Թարգմանչաց տոնի, ինչպես նաև տարվա ընթացքում հրատարակված գրքերի ու ՀԳՄ անդամների ստեղծագործությունների անթոլոգիաների մասին: Էդ. Միլիտոնյանը խոսեց ՀԳՄ շենքի, Ծաղկաձորի ստեղծագործական տան և Սևանի հանգստյան տան սեփականության իրավունքի հարցով ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանի ներկայացրած հայցադիմումի, տեղի ունեցած դատական նիստերի, դատավարության ընթացքի և այդ ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նա տեղեկացրեց տարբեր հեռուստաալիքներով իր ունեցած հարցազրույցների, համացանցում թողարկված տեսանյութերի ու մամուլում տպագրված հոդվածների մասին և առաջարկեց գրողներին ու ՀԳՄ նախագահության անդամներին ակտիվ լինել այդ հարցի քննարկումներում: Նախագահության անդամներն իրենց կարծիքներն արտահայտեցին այդ հարցի շուրջ: Էդվարդ Միլիտոնյանը ՀԳՄ նախագահության անդամներին մաղթեց հաջողություններ և ամենայն բարիք գալիք տարում: