Հանդիպում Մանկավարժական համալսարանում

Դասը վարեց Էդվարդ Միլիտոնյանը

Մայիսի 29-ին Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանում էր բանաստեղծ, նկարիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ կնոջ՝ բանաստեղծուհի, մանկագիր, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, Անուշ Վարդանյանի հետ:

Հյուրին ներկայացնելիս Սուրեն Դանիելյանը նկատեց, որ տասնյակ տարիներ  ճանաչում է Էդվարդ Միլիտոնյանին և ականատես է եղել նրա ողջ ստեղծագործական կյանքին: Այս հանդիպման գլխավոր յուրահատկությունն այն  է, որ թույլ է տալիս ճանաչել գրողի՝ մեզ համար փակ աշխարհը: Էդվարդ Միլիտոնյանը գրում է և՛ մեծերի, և՛ մանուկների համար:

Հանդիպման վարող, ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանն ասաց, որ ուսանողների համար նույնքան կարևոր է դասեր ստանալ կամ հաղորդակից լինել ժամանակակից գրական գործընթացներին: Այս նպատակով էլ ուսումնական տարվա վերջին դասը վերապահված է Գրողների միության նախագահին:

Ուսանողները անակնկալ  էին պատրաստել Էդվարդ Միլիտոնյանի համար՝ կարդալով նրա բանաստեղծական գործերից: Հանդիպման առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այդ ընթերցումները հաճախ ուղեկցվում էին գրողի բացատրություններով, որոնք մի կողմից թույլ էին տալիս վեր հանել ստեղծագործական էջեր, մյուս կողմից գրապատմական երևույթների ուսանելի բացատրություններ էին:

Էդվարդ Միլիտոնյանը խոսեց հայ գրականության պատմության շրջադարձային փուլերի, 60-ական թվականներից մինչև մեր օրերը ձգվող ընթացքների՝ ժանրերի տեղաշարժերի, հայ եւ համաշխարհային գրականության համադրական քննության անհրաժեշտության, քննադատության, թարգմանական գրականության  մասին:

Բանախոսը հորդորեց ուսանողներին, որ կարդան և իբրեւ մասնագետներ՝ ինքնուրույն ընտրեն լավագույն գործերը, քանի որ արդեն դասական գրականության փորձով՝ նրանց մոտ ձևավորվել է ճաշակ:

Էդվարդ Միլիտոնյանը պատասխանեց նաև ուսանողների և դասախոսների հարցերին:

Սուրեն Դանիելյանն իր ամփոփիչ խոսքում նկատեց, որ հանդիպումը բացառիկ էր, որովհետև այն միայն մեկ գրողի հետ չէր, այլ ավելի շատ ուղղված էր ուսանողության գրական աշխարհի ճանաչողության ընդլայնմանը: