ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՆԿԱԳԻՐ ՖԻՐԱ ԱԿՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՆԿԱԳԻՐ ՖԻՐԱ ԱԿՅԱՆԻ ՀԵՏ

Օգոստոսի 28-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում ամերիկահայ  մանկագիր Ֆիրա Ակյանի հետ:  ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց Ֆիրա Ակյանին ու նրա ստեղծագործական  գործունեությունը՝ ասելով, որ սփյուռքում հազվադեպ են մանկագիրները, և այդ առումով կարևոր է այն գրողների գործունեությունը, որոնք գրում են մանուկների համար: Էդվարդ Միլիտոնյանը Ֆիրա Ակյանին հանձնեց ՀԳՄ պատվոգիր՝  ԱՄՆ-ում գրական գործունեության և ստեղծագործական հաջողությունների համար:

Կալիֆոռնիայում բնակվող բանաստեղծ Արմեն Փաշայանը  Ֆիրա Ակյանի ստեղծագործությունը բնորոշեց իբրև բազմերանգ կտավ, որտեղ շատ է լույսը: Նա նշեց, որ սփյուռքում ապրող մարդուն մշտապես ուղեկցում է հայրենիքի կարոտը և ամեն տարի իրենք  իրենց պարտքն են համարում այցելել Հայաստան: Ելույթ ունեցան արձակագիր Գարուն Աղաջանյանը, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը, «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը, «Բաց» հեռուստատեսության տնօրեն Սարիկ Սևադան և այլոք:  «Հայ արվեստի տուն»  ՀԿ-ի ղեկավար Մելսիդա Հակունցը Ֆիրա Ակյանին հանձնեց պատվոգիր և «Երկիր Նաիրի» հուշամեդալ: Ֆիրա Ակյանն իր ելույթում շնորհակայություն հայտնեց ՀԳՄ գնահատանքի համար և  խոսեց ԱՄՆ-ում և Հայաստանում մանուկների համար կազմակերպած միջոցառումների ու ապագա  ծրագրերի մասին: Նա իր մանկական ստեղծագործություններն արտահայտում է երաժշտությամբ և ներկայացնում տիկնիկների միջոցով՝ հետաքրքիր դարձնելով երեխաների համար: Միջոցառմանը ներկա երեխաներն արտասանեցին Ֆիրա Ակյանի ոտանավորներից: