Հանդիպում բանաստեղծ, թարգմանիչ Ագապի Մկրտչյանի (Գերմանիա) և թարգմանիչ Հելմուտ Մալոնեկի (Պորտուգալիա) հետ։
Ս.թ. սեպտեմբերի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, թարգմանչուհի Ագապի Մկրտչյանի (Գերմանիա) և թարգմանիչ Հելմուտ Մալոնեկի (Պորտուգալիա) հետ։
Ագապի Մկրտչյանի թարգմանությամբ վերջերս Գերմանիայում լույս է տեսել «Երեխան, որ կուլ է տվել լուսինը» ժամանակակից հայ արձակի (կարճ պատմվածք) անթոլոգիան։ Թարգմանիչը ներկայացրեց ստեղծագործելու իր մեթոդը՝ «գերմանացի ընթերցողին հետաքրքրող թեմատիկա, գեղարվեստական որակ, կին և տղամարդ հավասարաչափ ներկայություն, ջահելներ և ահելներ, միջին տարիք…»։ Գերմանիայի տարբեր քաղաքներում սպասվում են հանդիպումներ թարգմանչուհու հետ և շնորհանդեսներ։ Հայաստանում կազմակերպվել են արդեն երկու հանդիպում։
Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց Ագապի Մկրտչյան թարգմանչուհուն, բանաստեղծին, մանկավարժին և նրա թարգմանությունները՝ «Ժամանակակից հայ պոեզիայի անթոլոգիա», «Հայ ժողովրդական հեքիաթներ», «Պարույր Սևակի պոեզիայից» և այժմ տպագրվում է «Արցախի ժամանակից պոեզիայի անթոլոգիա»-ն։
Ագապի Մկրտչյանը ՀԳՄ այն անդամներից է, որ սփյուռքում գրական-թարգմանական լայն գործունեություն է ծավալում։ Հոկտեմբերին Մայնի Ֆրանկֆուրտի համաշխարհային գրքի տոնավաճառում կներկայացվի վերոնշյալ հայ արձակի անթոլոգիան։
Ելույթ ունեցան թարգմանիչ Հելմուտ Մալոնեկը, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը, արձակագիր Անուշ Ասլիբեկյանը, բանաստեղծուհի, հրապարակախոս Նանեն, դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս, «Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը։