ՀԱՅՆ ԻՆՔՆ ԻՐ ՄԱՍԻՆ
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՀԱՅՆ ԻՆՔՆ ԻՐ ՄԱՍԻՆ
Ես շատ բան չգիտեմ աշխարհի ազգությունների մասին, նրանց զավակների բնութագրումները իրենց ազգի վերաբերյալ։ Որոշ պատկերացումներ ունեմ, որ ֆրանսիացին, անգլիացին, գերմանացին, հույնը, իտալացին, ռուսը, վրացին և այլ մեզ հեռու և հարևան մարդիկ հիմնականում դրական են արտահայտվում, նույնիսկ երբեմն պաթետիկ ու գերազանց, հիշատակելով պատմական անցքեր ու հաղթանակներ, հերոսական դրվագներում իրենց հայրենակիցների խիզախությունը, կամքը, մարդասիրությունը և այլն, և այլն։ Մեր հայ տեսակին էլ է հատուկ դա։ Երբեմն ուրիշներն ու մենք նույնիսկ անցնում ենք սնապարծության սահմանը, որի դեմ գրել ու կսմիթներով խոհեմության են կոչել փիլիսոփաները, գրողները և պարզապես փորձառու, բանիմաց ազգակիցները։ Մեզանում պակաս չեն եղել ու են նման դեմքերը։ Դա է որոշում մեր սթափության մակարդակը։
Սակայն և կա հակառակը՝ ինքնախարազանում, ստորացուցիչ բնութագրումներ, իրենց տեսակը նշավակող բնութագրումներ։ Չեմ գրի այլոց մասին, քանզի դա մանրամասն իմացություն է պահանջում, խոստովանեմ, այդ փնտրտուքը դեռևս հասանելի չէ ինձ։
Բայց, այ մեր հայերի մտածողության այդ կերպի մասին փոքրուց ծանոթ եմ և ականջի համար սովորական է դարձել։ Գրականության էջերում ու խոսակցական լեզվի թավուտում դժվար չէ գտնել ահա այսպիսի արտահայտություններ՝ «հայ ենք, էլի՜», «իր հայությունն արեց», «եթե հայ են, ինչի՞ հայություն չեն անում», «մուխաննաթ հայ», «երախտամոռ հայ», «քցող ենք, էլի՜», «ժողովուրդ ենք ո՞ր» և այլն, և այլն։
Լսում ենք, կարդում ենք ու որպես անգիր արած ճշմարտություն, ականջ կախում ու լռում, լինում է նաև արագանք՝ հա, էլի՜…
Դարերով կրկնում ենք ու…
«Մուխաննաթ» բառը չի հուշո՞ւմ, որ մեզ բնութագրել են մեր թշնամիները, մեզ տիրապետողները, մեզ ստորացնելու մոլուցքով տարվածները։ Եվ մենք կրկնում ենք։
Ահա սա է, որ ինձ մղեց գրելու այս գրվածքը։ Կարծես չենք ըմբռնում՝ ինչ հեշտ ենք թելադրվում և առանց մաքրելու այդ տխեղծ փառը, կրկնում ու կրկնում։
Հիմա էլ մեզ, բնականաբար, փորձում են թելադրել ոչ հայանպաստ ծրագրեր, գաղափարներ, արտահայտություններ։ Իմանալով մեր հանդուրժողականությունը, մեխանիկորեն կրկնելու սովորույթը, հուշում են՝ «արևմտյան Ադրբեջան», «Դուք այլ տեղ չունեք», «Հայերը եկվոր են», «Իջեցրեք ձեր պլանկեն», «Արցախը բնիկ Աղվանքն է», «Աշխարհը մեր դեմ է», «Փոխեք Հռչակագիրը»… Այս ամենը թափառում է ԶԼՄ-ներում, հնչում են տարբեր հարթակներում և վերածվում են շուտասելուկի և հոգեկան ախտի։
Սիրելիներս, մեզանում լիքն են տարբեր երկրների կողմից հուշարարներ, թելադրության դասատուներ, «միակ ճշմարտության» բարբառողներ և մեր հավաքականության պառակտիչ վարակներ։ Վերջիններիս մեջ քիչ չեն հայրենասիրությունից ուշաթափվող փորձագետներ, ինքնակոչ քաղաքագետներ, փոքր ու կիսամիջին կուսակցություններ։
Այս հոսքերի դեմ խրոխտ «Հայ ենք մենք» երգելով չես առնի։
Երևի ավելի ճիշտ է քիչ խոսենք հայի անունը տալով, բայց արարենք հողագործի, սահմանին կանգնած միայնակ զինվորի, արձան տաշողի, սպիտակ թղթի դեմ ճգնող գրողի և վրձինը սրի պես բարձրացրած Սարյանի լռությամբ։
Բայց մեկը կողքից ըմբոստացավ. հիմի՞ էլ լռենք…
Չէ, ազգակիցներ, խոսենք, ասենք, բայց իմաստուն լռության չափ խորը և գործի ու նպատակի թիրախին սուրացող նետի զորությամբ։
Վստահ եմ, այս լեզուն մեզ կողքից չի հուշի ոչ մի թշնամի ու օտար բարեկամ։
Հայի լավագույն տեսակը մյուս հային ու բարի մարդկանց սիրողն է ու թև-թիկունքը։
Իսկ ամենակարևոր հայը հենց այս պահին ծննդատանը ճչացող նորածինն է։
Բարի ծնունդներ։