ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 90 – ԱՄՅԱԿԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 90 – ԱՄՅԱԿԸ

Նոյեմբերի 15-ին ՀԳՄ Մեծ դահլիճում հանդիսությամբ նշվեց Հայաստանի գրողների միության 90-ամյակը: Այն սկսվեց Հրանտ Մաթևոսյանի  խոսքով՝ «Սպիտակ թղթի առջև» հոդվածից: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա անդրադարձավ Գրողների միության 90-ամյա պատմության կարևոր իրադարձություններին՝ նշելով նրա ունեցած մեծ դերը հայ գրականության ու մշակույթի զարգացման ընթացքում: Փաստաբան Լևոն Բաղդասարյանը խոսեց ՀՀ վարչական դատարանի կողմից վերջերս վիճարկվող ՀԳՄ սեփականության իրավունքի խնդրի մասին, հույս հայտնելով, որ կհարգվի ՀԳՄ իրավունքը: Ելույթ ունեցան Արցախի գրողների միության նախագահ, և այժմ՝ ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը, գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, դրամատուրգ, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը, սիրիահայ բանաստեղծ Տիգրան Գաբոյեանը, իրանահայ գրողների միության նախագահ Թորգոմ Հակոբյանը և երիտասարդ բանաստեղծ Հայկ Սիրունյանը:

Եղիշե Չարենցի «Տաղ անձնական» և Վահագն Դավթյանի «Անանձնություն» բանաստեղծությունների խոսքերով գրված իր երգերը կատարեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը: Գուրգեն Մահարու, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններն ասմունքեց ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը: Կոմիտասի «Հայաստան» ստեղծագործությունը՝ Լևոն Հարությունյանի նվագակցությամբ կատարեց Արտակ Ստեփանյանը: Ավ. Իսահակյանի «Շուշան աղջիկ» ստեղծագործությունը ՝ Նիկոլ Գալանտերյանի երաժշտությամբ և Մարգարիտա Սարգսյանի մշակմամբ կատարեցին Աննա Պողոսյանը և Դիանա Հարությունյանը: Պարույր Սևակի խոսքերով և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ «Իմ Հայաստան» ստեղծագործությունը կատարեց Արամ Խաչատրյանը: Նվագակցում էր Մարգարիտա Սարգսյանը։ Հանդիսության ընթացքում ելույթ ունեցավ ՀԳՄ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնը՝ Սամվել Բաղինյանի ղեկավարությամբ: Եղիշե Չարենցի, Սիլվա Կապուտիկյանի, Զահրատի և Ակսել Բակունցի ստեղծագործությունները հնչեցին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանի, Դավիթ Գասպարյանի, Արամ Կոստանյանի, Արմեն Քուշկյանի և Ռուզաննա Հախնազարյանի ընթերցմամբ: Հանդիսությունը վարում էր Ռուզաննա Հախնազարյանը:

Հանդիսությանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ, ՀԳՄ մարզային մասնաճյուղերի պատվիրակությունները: