ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ «ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՄԱՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ

«ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՄԱՆ»

ԹԵՄԱՅՈՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 28-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Արցախի շրջափակման և արցախահայության բռնի տեղահանման» թեմայով մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց ներկաներին, ասելով, որ  Արցախի բռնագաղթը ստեղծել է  նոր իրավիճակ, որը պարտադրում է նոր գործողություններ և նոր մտածողություն հատկապես գրականության համար՝  այն գեղարվեստի լեզու դարձնելու. ոչ թե ողբն ավելացնելու, այլ գեղարվեստի միջոցով այն հաղթահարելու: Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Կիմ Գաբրիելյանն իր ելույթում նշեց, որ մրցանակաբաշխության նպատակը արցախյան իրադարձությունները գեղարվեստական գրականության նյութ դարձնելն էր: Նրա կարծիքով՝ գեղարվեստականությունն ավելի համոզիչ է, քան պատմավավերագրությունը և գրողների խնդիրը արցախյան ողբերգության պատճառահետևանքային կապերը գեղարվեստորեն ներկայացնելն է: Նա շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխության բոլոր մասնակիցներին և շնորհավորեց մրցանակակիրներին:

Ելույթ ունեցան ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը և հանձնաժողովի անդամներ Շանթ Մկրտչյանը, Զինաիդա Բալայանն ու Գուրգեն Խանջյանը: Նրանք խոսեցին արցախյան խնդրի, մրցանակաբաշխության և ներկայացված ստեղծագործությունների մասին: Մրցանակաբաշխության էին  ներկայացվել  տասնհինգ ստեղծագործություններ: Մրցանակի են արժանացել հետևյալ հեղինակներն ու ստեղծագործությունները.

1-ին մրցանակ՝ Ալիս Հովհաննիսյան – «Տրիպտիխ»

2-րդ մրցանակ՝ Մարգարիտ Դերանց – «Ավետյաց երկիր»

3-րդ մրցանակ՝ Գրիգոր Ջանիկյան – «Հերոսի հարությունը»:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշմամբ՝ Գոհար Նիկողոսյանը, Հասմիկ Սարգսյանը, Հակոբ Հարությունը, Ժաննա Հակոբյանը և Վարուժան Գալստյանը արժանացնել էին խրախուսական պատվոգրերի: Էդվարդ Միլիտոնյանը հեղինակներին հանձնեց մրցանակներն ու պատվոգրերը: