Համազգային միասնությունը որպես հավաքական ուժի և հզորության աղբյուր
Համազգային միասնությունը որպես հավաքական ուժի և հզորության աղբյուր
Մարտի 4-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցած մամլո ասուլիսը նվիրված էր «21-րդ դար» ավանդական մրցանակաբաշխությանը, որի կազմակերպիչներն են Ռուսաստանի հայերի միությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը, ՀՀ Սփյուռքի նախարարությունը և ՀԳՄ-ն: Մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ արդեն տասը տարի տարբեր ձևաչափերով կազմակերպվում է այդ մրցանակաբաշխությունը, տեղեկացրեց, որ եթե անցյալ տարիներին այն հիմնականում ուղղված էր արձակի զարգացմանը, ապա այս տարի ընդլայնվել են մրցանակաբաշխության ժանրային ծավալները, ընդգրկելով նաև պոեզիան, դրամատուրգիան, մանկապատանեկան գրականությունը: Առանձին մրցանակներ են նախատեսված նաև երիտասարդ գրողների համար: «21-րդ դար» խորագրով համահայկական հերթական մրցանակաբաշխությունը նվիրվելու է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին՝ «Հայ ժողովրդի միասնությունը նրա պատմական հաջողությունների և հաղթանակների աղբյուրն է ու գրավականը» նշանաբանով: Յուրաքանչյուր ժանրում նախատեսված է երեքական, երիտասարդականը՝ երկու մրցանակ: Բոլոր տեքստերը պետք է լինեն անտիպ ու ներկայացվեն ծածկանունով: «Առաջարկվող երկերը գնահատվելու են գեղարվեստական մակարդակի, հարցադրումների ու թեմաների այժմեականության և ինքնատիպության, ինչպես նաև բարոյափիլիսոփայական և հոգևոր արժեհամակարգի տեսանկյունից»,- ասաց Էդ. Միլիտոնյանը` հավելելով, որ «մրցանակը ոչ միայն գրողին է հարկավոր, այլև ընթերցողներին, որպեսզի ճանաչեն, իմանան նոր լույս տեսած գրքերի հեղինակներին»:
ՀԳՄ նախագահը տեղեկացրեց, որ հունիսին լինելու է համահայկական գրական խորհրդակցություն, որին հրավիրվելու են սփյուռքահայ և օտարագիր հայ գրողներ: Նախկինում այն կազմակերպվում էր երկու տարին մեկ սփյուռքահայ գրողների, երկու տարին մեկ օտարագիր գրողների մասնակցությամբ: Այս տարի որոշվեց միավորել և անցկացնել խորհրդաժողով, որին կմասնակցեն նաև Հայաստանի գրողները:
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, անդրադառնալով մրցանակաբաշխության նշանաբանին, ասաց, որ այն խորհրդանշում է համազգային միասնությունը որպես հավաքական ուժի և հզորության աղբյուր: «Փորձել ենք այս անգամ մրցանակաբաշխության առիթով ստեղծված գիտական, գրական ստեղծագործությունները մոտեցնել կիրառական նշանակությանը: Հայ ժողովրդի համար այսօր ամենակարևոր հարցը եռամիասնությունն է՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք»,- ամփոփեց նա:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ