ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 80 ՏԱՐԵԿԱՆ

ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 80 ՏԱՐԵԿԱՆ

Շնորհավորենք մեր գրչընկերոջն ու ասենք՝ կարգին ճանապարհ եք անցել, եղբայր, այդ ճանապարհին գրելով Ձեր գեղեցիկ կենսագրությունը։

Իջևան քաղաքում եք  ծնվել, ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 2007-ին՝ Եվրախորհրդի դասընթացները Ստրասբուրգում։ Եղել եք ուսուցիչ, Կոմերիտմիության Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար, ՀԿԿ Իջևանի շրջկոմի կազմակերպչական բաժնի վարիչ, հետո՝ շրջկոմի երկրորդ քարտուղար։

1991-ին նշանակվել եք «Ազատ գոտի» թերթի գլխավոր խմբագիր։ 1996-1998 թթ.՝ ՀՀ մշակույթի նախարարության բաժնի վարիչ, իսկ 2004-2007 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր էիք, 2009-ից մինչև 2021 թ.՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ։

Տասնյակ գրքեր եք գրել՝ «Ապրելու գույնը» 1996 թ., «Ղողանջ հասու» 2007 թ., 1010-ին՝ «Մայր իմ», 2011-ին՝ «Ծիրանագույն երազներ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն, հետո՝ «Մի աշխարհ սրտիս չափով», «Ղողանջ նվիրումի», «Քառյակներ և աֆորիզմներ», «Ադամալույսին ընդառաջ» գրքերը։ Թարգմանվել եք ռուսերեն և հուներեն։

 Եվ Ձեր պարգևներն են բազում՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Աշխատանքի գերազանցության համար» մեդալ, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, «Վազգեն 1-ին» Ոսկե հուշամեդալ, «Հակոբ Մեղապարտի անվան» հուշամեդալ և 2014-ին՝ Ֆրիտյոֆ Նանսենի Ոսկե հուշամեդալ, Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ, ՀՀ Ազգային ժողովի «Արիության համար» մեդալ։

Շնորհավորում ենք Ձեզ և մաղթում կենսագրային նորանոր էջեր ու պինդ առողջություն։

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ