ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻ ՓԱՅԼՆ ՈՒ ԱՅԼԸ
ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻ ՓԱՅԼՆ ՈՒ ԱՅԼԸ
Մի անգամ հեռուստացույցով ցուցադրեցին Թուրքիայի մեջլիսում հրմշտոց ու ծեծ, որի կենտրոնում՝ քուրդ պատգամավորներ ու մի հայ՝ Կարո Փայլան, որն ընտրվել էր, կարծեմ, քրդական կուսակցական ցուցակով։ Դե, պատժողներն էլ թուրք պատգամավորներ էին։ Դա այնպես խորն է տպավորվել, որ երբ կարդում էի, թե Կարո Փայլանը ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել տարբեր ազգությունների կամ հայերի հետ, ուրախանում էի՝ նրան ուրեմն թողնում են Թուրքիայից սահմանն անցնել, ներս գալ։ Օրերս էլ կարդացի, որ եկել է Հայաստան և խոսել է Թուրքիայից Հայաստան հացահատիկ ներկրելու և Ադրբեջանից էլ՝ էներգակիրներ։ Մի խոսքով, այն, ինչ մեր էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններն են փնտրում, որոնում, ուսումնասիրում, այլընտրանքային տարբերակներ հացահատիկի, էներգակիրների և ԵԱՏՄ-ի բարիքների փոխարինողների ուղղությամբ, ահա Փայլանը գոնե մի կարևոր մասով առաջարկում է։ Չգիտեմ մեր լիազոր մարմինների ղեկավարները կընդունե՞ն, թե՞ չէ, բայց կարելի է Փայլանից պարզաբանել, կարո՞ղ է մի քանի օրով գնալ Բաքու և ճշգրտի՝ էլ ի՞նչ պահանջներ կդնեն Հայաստանի առջև էներգակիրների դիմաց, իհարկե, գումարն իր հերթին։
Պարզ է, 300000 ադրբեջանցի վերադառնա Հայաստան, Հայաստանը փոխի Սահմանադրությունը, Հռչակագիրը, գրաված տարածքները հավերժ մնան իրենց, Զանգեզուրի միջանցքն արագ գործի, ադրբեջանցի ոստիկանները հսկեն ազգակիցների անվտանգությունը, նաև ճամփեքին կանգնեն հսկիչ-զինվորականներ, իհարկե, ադրբեջանցի, իսկ հայ զինվորականներ չերևան զինված կամ համազգեստով և այլն, և այլն։ Երևի գլուխը կցավի այսքանից հետո և շտապ կվերադառնա Թուրքիա, պարզելու, թե նրանք ի՞նչ կպահանջեն Հայաստանից հացահատիկի դիմաց, իհարկե, դրամից բացի։
Թուրքիայի ղեկավարներից մեկը կտրուկ կասի՝ թող կատարեն Ադրբեջանի բոլոր պահանջները, նոր նրանց կվաճառենք Ռուսաստանից և Ուկրաինայից գնված ցորեն, իհարկե, ավելի մեծ արժեքով։
Չեն մոռանա հիշեցնել Փայլանին՝ պիտի մոռանան ցեղասպանությունը, հիշեն միայն, թե ինչպես են ցեղասպանել մեր թուրք ազգակիցներին։ Մնացյալը՝ հետո։ Հա, մեկ էլ չերգեն՝ Արարատ, հո՛ւպ հուր, Արարատ, հո՛ւպ տուր։
Հասկանում ենք, սա ֆուտբոլի մարզադաշտում է հնչում, բայց պիտի վերջ տրվի։ Հայերը թող տեսնեն ոնց մտանք Սիրիա։ Քրդերին էլ հանկարծ չզինեն, թե չէ մի օր կմտնենք Արազ գետն ու հակատեռորիստական գործողություն կծավալենք։
Սիրելի Փայլան, թուրք բարձր պաշտոնյային լսելով երևի էլ չվերադառնաս Հայաստան, չգնաս դպրոցներ ու չխոսես հացահատիկի ու էներգակիրների մասին, որոնց վրա իբր հենվում է ժողովուրդների բարեկամությունը։
Քիչ հեռվից մի ռուս կխեթի՝ մենք, որ վաճառում ենք և՛ հացահատիկ, և՛ էներգակիր, բա ո՞ւր ա հին, սովետական բարեկամությունը։
Մի հայ էլ ավելի կողքից ավելի կխեթի՝ դու սուս, հաշվով եք խոսել հայոց ցեղասպանությունից, դու էլ ես մեղավոր։ Գնում ենք Եվրոպա։
Սիրելի Փայլան, դժվար է Հայաստանում քաղաքական գործիչ լինելը, քանզի բոլորն են քաղաքական, բոլորն են գործիչ և բոլորը բոլորից լավ գիտեն՝ ինչպես գնալ, որ լավ լինի, իսկ իրենց համար՝ավելի լավ։ Այդ ուղին մեկն է և միակողմանի։ Այնպես որ, Փայլան ջան, գլուխդ լավ պահի, հանկարծ ու էլի չընտրվես պատգամավոր ու…
Եվս մի խնդրանք, կարո՞ղ է այնպես պատահել, որ վերոհիշյալ Թուրքիայից ու Բաքվից հնչող պահանջները բազմապատկվեն ու հացահատիկի ու էներգակիրների ապահովումը փորձանք դառնա մեր գլխին։ Այդ ժամանակ, համոզված եմ, Դուք ևս կընկնեք ցավագին վիճակում և Ձեր քարոզչությունը հետահայաց կմերժեք, բայց ի՞նչ, կարո՞ղ եք պատասխանատվություն ստանձնել։ Բայց դա արդեն ոչինչ չի տա Հայաստանին։ Այսքանը։
Ձեր մասով Թուրքիայից պահանջ ունենք, հարգեն Ձեր իրավունքները։ Ու սահմանը բացեն Ձեր ու Հայաստանի առջև։
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ