«Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ»

«Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ»

«Իրատեսի» հյուրը ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ է:
-Պարոն Միլիտոնյան, ի՞նչ հարաբերությունների մեջ են գրողն ու ժամանակը: Ո՞վ է ումից առավել ազդվում:
-Մարդը պատահականորեն հայտնվում է ժամանակի մեջ և առաջին հերթին ենթագիտակցորեն մղվում է ճանաչելու բնությունը, շրջապատը՝ ընտանիքից սկսյալ: Այդ ամենը ժամանակի մեջ թատերականացված վիճակներ են: Առանց այդ ամենն ընկալելու՝ սովորական մարդն իր տեղն անգամ ընկալել չի կարող ընդհանուր դաշտում, էլ ուր մնաց՝ գրողը: Եթե գրող ես, այդ ամենը դարձնում ես բանաստեղծություն, պատմվածք, վեպ: Բնականաբար, հաղորդակից անոթների պես գրողն ու ժամանակն անվերջ փոխշփման մեջ են: Անգամ իր չապրած ժամանակների, իր գենետիկ արմատների հետ է հաղորդակցվում գրողը և գուցե՝ ավելի շատ: Գրողի նյութի մեջ դրված-խտացված են տարբեր ծրագրեր, որոնք հայտնվում են գրականության մեջ՝ հաճախ ենթագիտակցական մղումներով: Գրելիս գրողը կարող է նույնիսկ չընկալել, թե ինչպես և ինչու եկավ տվյալ բառը, տվյալ տողը: Այն կարող է քեզ շեղել քո մեջ եղած, քեզ ծանոթ աշխարհից, ինչպես որ ծառի ընձյուղն է շեղվում ծառի բնից: Հաճախ դա կոչում ենք ի վերուստ տրված շնորհ: Բայց այդ ամենը առարկայական է, հյութ, ավյուն, ուժ է ստանում՝ հաղորդվելով քո անձնական, հասարակական և ընդհանուր աշխարհի կենսափորձի հետ: Չմոռանանք նաև մշակութային գիտակցության մասին, որը տարիների ընթացքում ընկալում-կուտակում է գրողը, որի հետ ապրում է ինքը, արարվում, փորձում ինչ-որ բան ստեղծել, և որը տարբեր ծավալումներ է ունենում: Ժամանակն ունի տարբեր պատկերներ՝ տեսանելի, թվացյալ տեսանելի, անտեսանելի, անըմբռնելի, իսկ գիրը դառնում է այդ ամենի հանրագումարը: Գրողն ու ժամանակը սիամական երկվորյակների պես են:
-Մենք սովոր էինք, որ երկրում կատարվող փոփոխությունները սկիզբ են առնում Գրողների միությունից: Վերջին անգամ այդպես չէր, փոփոխությունը «դրսից» եղավ: Ինչպե՞ս այն ընդունվեց Գրողների միությունում:
-Մի քիչ վերամբարձ է հնչում, թե փոփոխությունները սկիզբ են առնում Գրողների միությունից: Ես երևույթը Գրողների միության հետ չէի կապի, որովհետև գրականությունը, գրողի անձը միության գոյությունից անկախ կան: Միությունը մի կազմակերպություն է, որին մարդը միանում է իր կամքով: Դա կաղապար չէ, որը դրված է մարդու վրա և թելադրում է, թե նա ինչպիսին պիտի լինի: Մեր գրողներն իրենց գրվածքներում ժամանակի անհանգստացնող տարբեր թեմաներ արծարծել են: 1965 թվի շարժման ակտիվ մասնակիցները եղել են գրողները, բայց դա Գրողների միության հետ չի կապվում: Դա ավելի բարձր մի բան է: Գրականությունն ամենաբարձր գոյավիճակն է ինձ համար, որը չի պարփակվում որևէ միության, որևէ երկրի և անգամ աշխարհի մեջ: 1920-ականներից՝ Չարենցից, Բակունցից, Մահարուց, մյուսներից սկսած՝ բարձրացվում էին, չէ՞, Ցեղասպանության, կորստի թեմաները, որոնք հետո պոռթկացին 1965-ին: Սովետական Միության, «Գլավլիտի» պարագան, փաստորեն, ազգային մտածողության հունը սեղմեց, սակայն գրողներն անդադար անդրադարձան Ցեղասպանության, կորսված երկրի թեմաներին: Թոթովենցը, Զապել Եսայանը, Մահարին, Դաշտենցը, Շիրազը, ուրիշները մի մեծ ուղի էին բացում, որում ամեն մեկն իր հիշատակները, իր կորուստները, իր ապրումներն էր բերում: Տարբեր սերունդների հայաստանյան և սփյուռքի գրականությանը ծանոթանալով՝ տեսնում ենք, թե ինչպես է այդ թեման գիր դարձել: Որքան էլ Հայաստանում «Գլավլիտը», սովետական գաղափարաբանությունը խեղճացնում էին այդ դրսևորումները, արգելում, որպեսզի դա ընդարձակումներ չունենա, միևնույն է, մեր գրողները գրում էին: Եվ այդ սերնդի նկատմամբ մեծ հարգանքը նաև թելադրվում էր թեմատիկայի հանգամանքով: Շիրազի բանաստեղծությունները, պոեմները, Սևակի «Անլռելի զանգակատունը», Քոչարի «Կարոտը», Դաշտենցի «Խոդեդանը», Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» և էլի բազում երկեր նախապատրաստել էին 65 թիվը: Ոչ թե Գրողների միությունից էր շարժումն սկսվել, այլ գրականությունից: Նույնն էր 88-ին: Ղարաբաղյան թեմատիկան մեր գրականության մեջ եղել է, չէ՞: 1940-ականների վերջին Իսահակյանի Արցախ գնալը մեծ շնչառություն հաղորդեց արցախյան թեմատիկային:

-1953-54 թվականներին Դերենիկ Դեմիրճյանը գրում էր «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» խոհաշարը, որի մասին իմացվեց բոլորովին վերջերս: Այսինքն՝ գրողը, եթե անգամ ոչ հրապարակավ, ապա գոնե ինքն իր համար, իր հոգու, իր խղճի հանգստության համար չի կարող շրջանցել ժամանակի, ազգի ցավոտ թեմաները:
-Այո՛: Եվս մի կարևոր փաստ, որը հաստատում է, որ գրողի ստեղծագործությունը, ասելիքը կապ չունեն որևէ միության հետ: Ես չեմ ուզում, որ հարցը պարզունակացվի: Կան մարդիկ, որոնք կուսակցական ժողովների կարոտախտ ունեն, բայց Գրողների միությունն այդպիսի ժողովների վայր չէ: Իհարկե, Գրողների միությունում ժամանակ առ ժամանակ արվում են քննարկումներ, արծարծվում են հասարակությանն անհանգստացնող տարբեր թեմաներ, բայց դա չի նշանակում, թե Գրողների միությունն է ինչ-որ շարժում կազմակերպում, ինչ-որ քայլերի մղում: Առաջ սոցիալական ցանցեր չկային, մամուլում կար որոշակի արգելանք այս կամ այն թեմայի նկատմամբ, ուստի մնում էին ժողովները՝ ինչ-որ թեմաներ քննարկելու, դրանց նկատմամբ վերաբերմունք արտահայտելու համար: Բայց այդ թեմաների հիմնական տիրույթը գրականությունն է, գրական երկը: 88-ը մեծավ մասամբ մշակութային հիմքի վրա էր, և պատահական չէ, որ մշակութային գործիչները շարժման մեջ մեծ թիվ էին կազմում: Ղարաբաղյան խնդիրը 88-ից առաջ էլ բարձրաձայնվել է: Արցախ-Ադրբեջան հարաբերությունների սրացումից առաջ եղավ գորբաչովյան «չսՈրվՏրՑՖ»-ը, որը հույս ներշնչեց, թե հնարավոր է պետական սահմանների փոփոխություն մեկ պետության ներսում: Ավելի շատ սա մղեց, որ լարվեն-սրվեն նմանատիպ հարցերը ամբողջ սովետական երկրում: Այդ ժամանակ միայն մենք չէինք, որ ունեինք այդպիսի խնդիր, տարբեր ազգամիջյան խնդիրներ կային, չէ՞, Խորհրդային Միությունում: Իհարկե, Հայաստանում տարբեր տարիքի գրողներն ամենաակտիվներից էին: Մի շարք ժողովներ արվել են ոչ միայն Գրողների միությունում, այլև Կինոյի տանը, Երգչախմբային ընկերությունում, ուրիշ տեղերում: Ես բոլորին մասնակցել եմ: Դա համընդհանուր ազգային խնդիր էր, որի մեջ գրողներն ունեին իրենց մասնակցությունը, բնականաբար: Այո՛, Գրողների միության շենքում եղել են սենյակներ, որոնցում աշխատել են շարժման առաջնորդները, այս շենքում էին «Գրական թերթի» ու «Սովետական գրականություն» (հետո «Նորք» վերանվանված) ամսագրի խմբագրությունները: Այո՛, միությունն ունեցել է իր դերը, հանդես է եկել հայտարարություններով, արտահայտել իր դիրքորոշումը, ինչպես մյուս բոլոր կազմակերպություններն ու հիմնարկությունները: Բայց ես ավելի եմ կարևորում գրական անհատի դերը, ոչ թե միության: Մեր շարքերից էին Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, որոնք իմ սերնդի ներկայացուցիչներ էին: Ավագ սերնդից էին Սիլվա Կապուտիկյանը, Սերո Խանզադյանը, Համո Սահյանը, Գևորգ Էմինը, Վահագն Դավթյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, մյուսները: Նրանք իրենց խոսքն են ասել ամեն տեղ՝ թե՛ Գրողների միությունում, թե՛ հրապարակում, թե՛ մամուլում, թե՛ այլ տեղերում: Այնպես որ, դա համընդհանուր մի շարժում էր, որը բնավ էլ Գրողների միությունից չի սկսվել: «Էլեկտրիկ Երևան» շարժումն էլ կապեցին Գրողների միության հետ, նրանց ժողովներն այստեղ էին արվում, շատ գրողներ էլ մասնակցում էին, ես էլ եմ հարցազրույց տվել և համերաշխությունս արտահայտել շարժման կազմակերպիչների հետ: Բայց հո չեղա՞վ, որ «Էլեկտրիկ Երևանի» սկիզբը Գրողների միությունը դրեց: Այդպես պետք է լինի: Գանք թավշյա հեղափոխությանը: Այդ հեղափոխության ակունքները, եթե կուզեք, մեր գրականության մեջ են՝ գեղարվեստական ստեղծագործություններում, հոդվածներում, ելույթներում, գրական մամուլի էջերում: Սոցիալական, հոգեբանական բազմաթիվ հարցեր արծարծվել են այդ տիրույթում: Մենք բոլոր գրողների կարծիքները հրապարակել ենք մեր «Գրական թերթում»: Գրողները հիմնականում սատարում էին հեղափոխությանը: Այսինքն՝ գրողն իր քայլն արել է ըստ իր մտածածի և կարծիքի: Մեր որևէ անդամի առկայությունն այս կամ այն շարժման մեջ արդեն մասնակցություն է: Ես հոդվածներով եմ արտահայտել իմ կարծիքը: Գրողների միությունը փակ կառույց չէ, որ հրահանգներ իջեցնի և պահանջի այս կամ այն կերպ մտածել ու գործել: Պիտի վերջապես փաստենք, որ ամեն մի գրող ունի իր կարծիքը, ճանապարհի իր դիտարկումը, իր տեսլականը: Թույլ տանք, որ մարդիկ մտածեն, ամեն մեկն անի այն, ինչ ինքն է ուզում ու ճիշտ համարում: Ես միության ղեկավար եմ ոչ թե նրա համար, որ գրողներին ասեմ՝ ինչպես մտածեն, այլ նրա համար, որպեսզի հնարավորություններ ստեղծեմ ազատ մտածելու, ազատ գրելու, ազատ հրատարակվելու համար: Հիմա ի՞նչ անենք, միությունը սարքենք մանկապարտե՞զ, համընդհանուր հրահանգնե՞ր իջեցնենք: Որևէ Տոլստոյ կամ Դոստոևսկի աշխարհում չի սպասել, որ իրեն թելադրեն ինչպես մտածել: Գրողը մի հսկա աշխարհ է, և երբեք չտաք գրողին թելադրվողի, ենթարկվողի, ուղղորդվողի կարգավիճակ: Գրողը դրանցից տասնապատիկ բարձր գոյություն է: Որևէ միություն ո՛չ Արամ Խաչատրյանին կարող էր բան թելադրել, ո՛չ Դերենիկ Դեմիրճյանին, ո՛չ Ավետիք Իսահակյանին: Ցանկացած բարեփոխիչ շարժման ամբողջ հոգեբանական, մշակութային, քաղաքական նախապայմանները եթե ուսումնասիրեն, կտեսնեն, որ դրանցում առաջնային տեղը գրականությանն է ու գրողինը: Պարզապես պետք է կարդալ մեր լավագույն գրողներին:

(շարունակելի)
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ