ԽՈՍՔԻ ԿՇԻՌԸ
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ԽՈՍՔԻ ԿՇԻՌԸ
Մի քանի օր առաջ ԵԽԽՎ-ն հրապարակեց իր բանաձևը, որն Ադրբեջանին ուղղորդում էր ապահովելու Լաչինի միջանցքի ազատ և անվտանգ երկկողմանի երթևեկը: Սա հիմնականն էր:
Եվ ահա այդ քննարկմանը զուգահեռ ու հետո ադրբեջանցի զինուժը բետոնե պատնեշներ է դնում Լաչինի միջանցքի մուտքի դեմ:
Սա նշանակում է՝ առը քեզ ԵԽԽՎ և, հընթացս, Ռուսաստանի խաղաղապահներ:
Լեռնային Ղարաբաղը լրիվ կտրվել է աշխարհից: Խաղաղապահներն էլ իրենց հացը պիտի փնտրեն խնդրելով ադրբեջանցիներին:
Միջազգային կարմիր խաչն էլ ամոթից ավելի է կարմրել, քանի շաբաթ չի կարողանում մուտք գործել միջանցք: Բաքվում հանդիպել են ղեկավարությանը: Տեսնենք՝ ինչ հետևանք կունենա: Վերջապես միջազգային բարձր կառույցները՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԽԽՎ, Խաղաղապահ ռուսական ուժեր ու նոյեմբերի 9-ի հուշագրի կողմերից երկուսը կըմբռնեն, որ Ալիևը թքած ունի բանաձևերի, կոչերի, հորդորների վրա, նրանը, ինչպես հայտարարում է՝ ուժն է, ուժի միջոցով իր իրավունքները պարտադրելը: Ուժ ասելով հասկանանք Թուրքիա, Պարսկաստան, Իսրայել, Անգլիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա և այլն, որպես թիկունք ու գործակից, իբրև նրանց միջև խաղարկելու դիվանագիտական, տնտեսական, բանկային, զինական առևտրի լայն հնարավորությունների դաշտ:
Նա սիրով դառնում է զենք տարբեր ծրագրերի համար, ի թիվս այլոց՝ հակաիրանական, հակահայկական, որոշակի հակառուսական և վերջում, երևի պարզվի՝ հակաչինական: Գրողիս երևակայությունը ուր ասես կտանի:
Մեր հեռու և մոտ բարեկամները, առավելապես արդարասերները, բավարարվում են դատավճիռներով, բանաձևերով, կոչերով, հորդորներով, ինչպես ասվեց՝ Ալիևը թքած ունի դրանց վրա: Նա, հատկապես վերջերս բառերը հակառակ իմաստով է հասկանում՝ խաղաղությունը՝ պատերազմ, ազատ և անվտանգը՝ արգելանք և սպառնալիք: Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսությունը՝ բանտերով վախեցնելը, գազից և էներգիայից զրկելը: Վերջերս էլ հայտարարեց, թե տարածաշրջանում հասունանում է լարվածու թյան վտանգ և դա՝ Հայաստանի կողմից: Սա էլ նա հասկանու մ է և հայտարարում՝ զինվել և պատրաստվել ուժի դիրքերից լուծել իր նպատակները, այսինքն՝ հարձակվել Հայաստանի վրա, մանավանդ հայտարարեց, որ իրենք Հայաստանում գրավել են բարձր ստրատեգիական դիրքեր:
Համոզված եմ՝ ՀԱՊԿ-ը սա կընդունի ի գիտություն: Մարիա Զախարովան էլ Ռուսաստանի ԱԳՆ-ից կհայտարարի՝ դելիմիտացիա չկա, սահման չկա… ԱՄՆ-ի սենատորներն էլ պահանջում են չեղարկել Ադրբեջանին օժանդակելու 907 բանաձևը:
Չեմ կարծում, որ նրանք միամիտ են, ոչ մի պատժամիջոց չի հետևի: Ադրբեջանը լավ զենք է ոմանց պետական բարձր, հեռագնա ծրագրերում: Այս մասին ոչ միայն նվաստս է ասում:
Մենք ինչպես ենք հասկանում բառերը: Խաղաղություն ասելով հասկանում ենք իսկական խաղաղություն, բարեկամ ասելով հասկանում ենք՝ եղբայրություն և երբ հիասթափվում ենք, փնտրում ենք նոր բարեկամներ, որոնք կխոստանան եղբայրություն:
Արցախի Հանրապետության և Ադրբեջանի երկխոսություն ասելով հասկանում ենք որևէ երաշխավորի ներկայությամբ, սակայն դեռ չկա այդ երաշխավորը և հարց է՝ կլինի՞, ախր Ալիևը սահմանը փակել է բոլոր նման փորձագետների, բոլոր ներկայացուցիչների և այլ իրավագետների, մարդասերների ու բնասերների առջև: Էլի ասենք՝ թքած ունի:
Իսկ դելիմիտացիան և դեմարկացիան իրագործելու ճամփան առանց երաշխավորների և միջազգային հանձնախմբի՝ անվերջ պատերազմների բույն է: Ալիևի մտքում սա հրաշալի ինքնահաստատման հնարավորություն է: Համաշխարհային քաղաքական մարմինը քիչ-քիչ պինդ վիճակից վերածվում է հեղուկի: Սրանից ջրհեղեղ կսարքվի՞, թե՞ չէ: Աշխարհի որոշ գլխավոր դեմքեր կարծես չեն ընկալում իրենց քայլերի ճակատագրական հետևանքները:
Փոքրիկ բռնակալներն էլ, ինչպես Ալիևը, իրենց թուրն են ճաճում, իրենց երևակայելով Չինգիզ Խան կամ Լենկ Թեմուր: Ահա թե ինչ փորձանքներ են բերում բառերի կամայական, հակառակ ընկալումները: Եթե մեր ղեկավարները սա հաշվի չառնեն, դեռ շատ փորձությունների առջև կկանգնեն և իրենք, և մենք: Յուրաքանչյուր բառի արժեքը շատ ծանրակշիռ է այժմ աշխարհում, մեր տարածաշրջանում և Հայաստանում: Ալիևին դրական է թվացել իրենց երկրի տարածքի չափի մասին ՀՀ վարչապետի խոսքը, բայց նա մեր երկրի տարածքի մասին չի արտահայտվել: Գրաված հողերն ու դիրքերը ո՞նց հետ կտա: Սահման ասելով նա հասկանում է առաձգական, իրենցը՝ մեծացող, մերը՝ հակառակը:
Եվրոպական մեծավոր Շառլ Միշելի հետ հանդիպումներից հետո մեր ղեկավարները ազնվորեն խոստանում են կատարել պայմանավորվածությունները, իսկ ադրբեջանցին հրամայում է կրակել Հայաստանի և Արցախի սահմանների վրա, և չենք լսում պարոն Միշելի գոնե վիրավորված տոնով խնդրանք-հորդորը Ալիևին: Իսկ մի այլ մեծավոր՝ Ժոզեպ Բորելը, այնքան է անկեղծ, որ խոստովանում է՝ ոչ մի պատժամիջոց չեն կարող իրագործել Ադրբեջանի նկատմամբ:
Ախր նա պատժամիջոցների հաշվեկշիռը քամում է և նետում Ռուսաստանի վրա: Նա էլ «պատժամիջոց» բառը հասկանում է երկակի ստանդարտների շրջանակում: Հո սուտ չի՞ խոսի: Թեպետ ստախոսությունը տարածվում է աղետալի արագությամբ:
Մենք գրողներս, բառի արտաքին, ենթատեքստային, բազմիմաստության շերտեր ընկալողներից ենք և զգում ենք ժամանակն է ներհայկական քաղաքական խոսույթի համադրում, վերլուծություն, իշխանական լեզվամտածողության հստակ ձևակերպումներ, որ չենթարկվեն մեր դեմ հնարավոր խոստում – թակարդների: Ընդհանուր հայության խոսքն՝ ընդդեմ ծառացող ալիևյան խելահեղ նպատակների, մի ամերիկացի փորձագետ նրան համեմատել էր Սադամ Հուսեյնի հետ: ԵԽԽՎ-ում էլ նշվեց, որ նա ոչ համահունչ է եվրոպական աշխարհընկալմանը: Առայժմ՝ անարդյունք, անպատիժ: Դիվանագիտորեն որպես խաղ բետոնե պատնեշները հանեցին միայն հիվանդների համար, իսկ առողջների՞:
Մենք բոլորս՝ ՀՀ, Սփյուռք, Արցախ, պիտի ասենք մեր խոսքը հզոր պետություններին, նրանց դերն ու երկերեսանի խաղերը ծեփելով անտարբեր երեսներին, իշխանավորները դիվանագիտության կոշտ ու փափուկ ոճերով ու համառությամբ հարկ է մշտապես լոկ չպաշտպանվեն, ադրբեջանական սադրանքներին պատասխանելով նվազ տոնայնությամբ, այլ մեկ անգամ բարձրաձայն ասվի՝ ստի, ոճիրի, բռնակալության երկիրը չի կարող լինել երկխոսող, չի լինի մարդասեր ու իրավունքների պաշտպան, նա եթե ձեռք է տալիս հզոր մի քանի երկրի, թող այդ երկրների տերերը ալիևյան թուքը համարեն անձրև:
Թող ներեն գրողիս ոչ դիվանագիտական խոսույթը:
Հիմա էլ ԱՄՆ-ի կոնգրեսում քննարկվում է մարդու իրավունքների վիճակը Լեռնային Ղարաբաղում: Վաշինգտոնում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Սպասենք արդյունքների, այլապես այսպիսի հանդիպումները մինչ այժմ հաց ու ջուր չեն տվել արցախցիներին: Հավատանք «հավատ» բառի իրական ուժին: