Լեռ Կամսար – 125

ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ գրող, երգիծաբան Լեռ Կամսարի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, արժևորելով Լ. Կամսարի գրական ժառանգությունը, նշեց, որ իր սերնդի համար միշտ եղել է հետաքրքիր, փնտրվող-ընթերցվող հեղինակ, քանի որ նրա երկերը դեռևս հրատարակված չէին: «Լ. Կամսարի անունը պսակված էր թե՛ դառնությամբ, թե՛ գրական մեծությամբ»,- շեշտեց նա: Էդ. Միլիտոնյանի հավաստմամբ` թեև Լեռ Կամսարը մեծ ծավալի երկեր չի ստեղծել, բայց նրա գործերը երգիծական, հումորիկ հայացքով փրկում են մեր գրականության պատմությունը լուրջ ողբերգական նստվածքներից:
Ըստ գրականագետ Պետրոս Դեմիրճյանի՝ թեև թվում էր, թե Պարոնյանից, Օտյանից, Չարենցից, Դեմիրճյանից ու Մահարուց հետո կամ նրանց կողքին հնարավոր չէր այլևս նոր խոսք ասել երգիծաբանության մեջ, ու թեև Լ. Կամսարը նրանց երկերի նման ծավալուն գործեր չստեղծեց, սակայն մեծ տաղանդով զարգացրեց երգիծանքի փոքր ժանրերը` ֆելիետոն, երգիծական մանրապատում, երգիծական պիես և այլն: Բանախոսն անդրադարձավ Լ. Կամսարի ասելիքի խտությանն ու խորքին (փոքր ծավալի մեջ նա կարողանում է խտացնել մեծ բովանդակություն` հասնելով համամարդկային մակարդակների), նրա ստեղծագործության արդիականությանը: «Լեռ Կամսարի կյանքն ու գործը մեր ժողովրդի վերջին հարյուրամյակի լույսի ու ստվերի անխարդախ հայելին է»,- ամփոփեց նա:
Հովհաննես Երանյանը, հանգամանորեն ներկայացնելով Լ. Կամսարի կյանքն ու գործունեությունը, վստահեցրեց, որ իր ազնիվ ու սկզբունքային տեսակով, ըստ էության, Խորհրդային Հայաստանի միակ այլախոհ գրողն էր : «Մեր մեծանուն, հանճարեղ գրողները այս կամ այն իմաստով, այս կամ այն գաղափարական որևէ պնդումի տեսակետի դեմ եղել են անշուշտ, բայց ամբողջապես երկրի գաղափարախոսությանը ակնհայտորեն ու բացահայտ արտահայտվել է ընդամենը մեկ գրող, և դա Լեռ Կամսարն էր»,- ընդգծեց նա: Բարձրաձայն ու անձայն օրագրություններով, քանի որ խորհրդային մամուլը փակ էր նրա համար, վկայեց ճշմարտությունն անհավանական շիտակությամբ, աննվաճ հոգով, համարյա մահապարտի անվախությամբ ու ուղղամտու­թյամբ:
Ելույթ ունեցան նաև Վարդան Նիկողոսյանը, Կարինե Մարտիրոսյանը, երգիծաբան Սամվել Բաղդասարյանը և ուրիշներ: Մասնակցում էին Հ. Մալյանի անվան թատրոնի դերասաններ: Ցերեկույթը վարում էր Արևշատ Ավագյանը: